ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի` Երեւանում արտահայտած կարեւորագույն միտքը, կարծում ենք, պատշաճ ուշադրության չարժանացավ` լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու շուրջ բարձրացած աղմուկը։ Մինչդեռ Մեթյու Բրայզան, ըստ էության, սենսացիոն հայտարարություն արեց. նա հայտարարեց, թե ԱՄՆ-ը այսուհետ իր հնարավորություններն օգտագործելու է Հայաստանում «ոչ թե վերեւից ներքեւ, այլ ներքեւից վերեւ ժողովրդավարություն կառուցելու համար»։
Փաստորեն, մինչեւ հիմա ամերիկացիները ջանում էին Հայաստանում ժողովրդավարություն կառուցել «վերեւից ներքեւ» սկզբունքով։ Ասենք, նախագահին, պատգամավորներին, նախարարներին ու այլ պաշտոնյաների համոզում էին, որ ժողովրդավարությունը լավ բան է, հորդորում էին ժողովրդավարական օրենքներ ընդունել, հարգել մարդու իրավունքները, խոսքի ազատությունը եւ այլն։ Եվ հիմա ամերիկացիները խոստովանում են, որ ժողովրդավարության կառուցման այս «տեխնոլոգիան» իրեն չի արդարացրել։ Հետեւաբար, պետք է կառուցել «ներքեւից վերեւ»։ Եթե որեւէ մեկը չի հասկանում, թե ինչ է նշանակում ժողովրդավարություն կառուցել ներքեւից վերեւ` սիրով բացատրում ենք։ Դա ժողովրդավարական հեղափոխությունն է։ Ինչ անուն ուզում եք` դրեք. «Նարնջագույն հեղափոխություն», «Վարդերի հեղափոխություն» կամ մի այլ բան։ Դրանից էությունը չի փոխվում։ Կարեւորը` նպատակը հայտարարված է. ԱՄՆ-ը իր հնարավորություններն օգտագործելու է Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն իրականացնելու համար։
Ընդ որում, այս հայտարարությունն է՛լ ավելի ծանրակշիռ է դառնում, եթե փորձում ենք համադրել մի քանի փաստեր։
1. Միջազգային հանրությունը, եւ հատկապես ԱՄՆ-ը, մեծ հույսեր էր կապում Ռամբույեի հայ-ադրբեջանական բանակցությունների հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ սպասելիքներն անհիմն չէին։ Այսինքն` Քոչարյանն ու Ալիեւը համանախագահներին ինչ-որ խոստումներ էին տվել։ Բնականաբար, բանակցությունների ձախողումից հետո ԱՄՆ-ը պետք է ինչ-որ կերպ աշխարհին ապացուցի, որ միջազգային ասպարեզում խոստումներ դրժելն անպատիժ չի կարող մնալ։ Ընդ որում, պատիժը պետք է ուղղված լինի ոչ թե պետություններին, այլ դրանց ղեկավարներին, քանի որ բանակցությունները ձախողել են հենց նրանք։
2. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ակնհայտորեն վարդագույն ակնոցներով է նայում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Սովորաբար նրա գնահատականներն այնպիսին են, ասես Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկիրն է, որից Արեւմուտքը սովորելու շատ բաներ ունի, իշխանություններն այստեղ քնում եւ արթնանում են Սահմանադրության համաձայն, եւ ընդհանրապես, երկիրը երկու հիմնական պրոբլեմ ունի` գարնանային կարկտահարումներն ու կայունությունը խարխլող ընդդիմությունը։ Եվ ահա տեղեկություններ են հայտնվում, որ դեսպան Էվանսը շուտով ետ է կանչվելու։ Ընդ որում, դեսպանն ինքը սա առանձնապես չի հերքում։ Պարզապես հայտարարում է, թե քանի դեռ ինքը ինքնաթիռ չի նստել, մնում է որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան։
3. Հայաստանում անսպասելի ռեպրեսիաներ են սկսվում հատկապես այն քաղաքական ուժի նկատմամբ, որի ղեկավարն առանձնապես աչքի է ընկնում իր արեւմտամետ հայացքներով եւ հայտնի է ամերիկյան քաղաքական շրջանակների հետ ունեցած կապերով։ Ավելին, Դատախազությունը սկսում է ակտիվորեն հետաքրքրվել այդ քաղաքական կառույցի գործունեությամբ։ Այսինքն` ՀՀ իշխանություններն ինչ-ինչ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկում, թեեւ առաջին հայացքից թվում է, թե մտահոգվելու որեւէ հիմք չկա` ընդդիմությունը խոր անգործության է մատնված։
Միանշանակ պնդել, թե այս փաստերն իրար հետ փոխկապակցված են, չենք կարող։ Ամեն դեպքում, դժվար է այս ամենը զուգադիպություն համարելը։ Մանավանդ, եթե հաշվի առնենք եւս մի կարեւորագույն հանգամանք։ ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ խնդիրն Իրանի հարցն է։ Ընդ որում, Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումն անխուսափելի է թվում։
Բնականաբար, այս համատեքստում մեծ կարեւորություն է ձեռք բերում այն հարցը, թե ով է վերահսկելու ազատագրված տարածքների հարավային հատվածը` Արաքսի ափամերձ շերտը։ Եթե Ռամբույեում բանակցությունները հաջողվեին, շատ շուտով այդ տարածքում միջազգային խաղաղապահ ուժեր էին հայտնվելու, եւ այդ հարցն օրակարգից դուրս էր գալու։ Բանակցությունները ձախողվեցին, բայց հարցը մնաց օրակարգում։ Ըստ էության, հարցը երկու լուծում ուներ. կամ անմիջապես վերահսկել այդ տարածքները, կամ վերահսկել նրանց, ովքեր վերահսկում են այդ տարածքները (այսինքն` ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին)։ Առաջին տարբերակը ձախողվեց, մնաց երկրորդը։ Իսկ դրա համար Հայաստանում անպայման ժողովրդական հեղափոխություն է պետք։ Ընդ որում` ներքեւից վերեւ։ Եվ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ հայտարարում է այդ մասին։
Իսկ եզրակացությունը միակն է. եթե ժողովուրդն ինքը տեր չի կանգնում իր իրավունքներին, միշտ էլ կգտնվեն արտաքին ուժեր, որոնք կփորձեն այստեղ այդ իրավունքների անվան տակ իրենց հարցերը լուծել։