Այս շաբաթվա ամենացնցող լուրը, որ առնչվում է Հայոց նորագույն պատմությանն ու Հայաստանի Հանրապետությանը, տպագրեց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի «հավանական պաշտոնանկության վերաբերյալ լուրերը վերջնականորեն իրականություն են դառնում»,- գրում է այս թերթը։ Դեսպանի պաշտոնանկության պատճառը համարվում է անցյալ տարի Կալիֆոռնիայի Բըրքլի համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրա ելույթը։ Հայոց եղեռնի մասին խոսելիս նա հայտարարել է, որ ինքն ուսումնասիրել է այդ հարցը։ Հայոց եղեռնն անվանելով «20-րդ դարի առաջին եղեռն»` Ջոն Էվանսն ընդգծել էր. «Ես հավատում եմ, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով»։ Այս հայտարարությունը ցնցող տպավորություն թողեց ու տարօրինակ զարգացում ունեցավ։ Բոլորս էլ արձանագրում ենք, թե ամեն տարի քաղաքական աշխարհի մեծերը լարախաղացի ինչ հմտությամբ են շրջանցում իրերը իրենց անուններով կոչելու պահանջը, հենց խոսքը հասնում է Հայոց եղեռնին։ Դիվանագիտական խաղերի ու նրբությունների մասնագետ չլինելով` կհանդգնեմ պնդել, որ այս ոլորտում ամենայուրօրինակը Հռոմի պապ Հովհաննես-Պողոս II-ն էր։ Հանգուցյալ պապը Ծիծեռնակաբերդում դիվանագիտական առումով նուրբ աղոթք հնչեցրեց` ոգեկոչելով Եղեռնի զոհերի հիշատակը։ Իր խոսքի մեջ նա «գենոցիդ» տերմինի փոխարեն օգտագործեց հայերեն «եղեռն» տերմինը։ Դիվանագիտական այս նուրբ քայլով պաշտոնական Վատիկանը հետագայում հնարավորություն ստացավ պնդելու, որ դարասկզբի «Հայոց ողբերգությունն» իրենք երբեք «գենոցիդ» չեն որակավորել։
ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի կենսագրությունը հնարավորություն չի տալիս ենթադրել, որ դա պարզապես սայթաքում էր։ Դիվանագիտական պատասխանատու աշխատանքի 35-ամյա փորձն ինքն է բացառում նման սայթաքման տեսական հնարավորությունը։ Դեսպանի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ նա ուսումնասիրել է Ռուսաստանի եւ Օսմանյան Կայսրության պատմություն։ Հետեւաբար, 2004-ի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահին հանձնում էր ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանի հավատարմագիրը, հստակ պատկերացնում էր այն խնդիրները, որոնց բախվելու էր։ Ջոն Էվանսի անցյալ տարվա ելույթը, ցավոք, Հայաստանում այնքան բուռն արձագանքներ չունեցավ, որքան հարեւան Թուրքիայում ու Ադրբեջանում։ Դժվար է պատկերացնել` Հայաստանի Հանրապետությունը եւ Սփյուռքը կարո՞ղ էին կանխել դեսպանի նկատմամբ կիրառվող ճնշումը, թե՞ ոչ։ Արդյունքը հանրահայտ է` Ջոն Էվանսը ստիպված եղավ կրկնակի պարզաբանել իր ասածը։ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այդ «պարզաբանումների» արդյունքում դարձավ պարոն Ջոն Էվանսի «անձնական կարծիք»։ Հետագայում նա զրկվեց «Անհամաձայնության» մրցանակից` ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումից շեղվելու համար։ ՀՀ փառապանծ արտաքին քաղաքականությունը, ինչպես միշտ, չկարողացավ ոչինչ հակադարձել եւ այս տարի արդեն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը սկսեց որակավորել Հայաստանի նախագահի ու մյուս բարձրագույն պաշտոնյաների ելույթները։ «Եթե այսօր հայերը խիստ դիրքորոշում չընդունեն, ապա այդպիսով ԱՄՆ կառավարության մոտ կստեղծվի այնպիսի սխալ կարծիք, թե Հայոց եղեռնը կարեւոր հարց չէ հայերի համար»,- գրում է «Կալիֆոռնիա կուրիերը»։ Դժվար է չհամաձայնելը։ Սակայն նույնքան դժվար է պատկերացնելը, թե ինչպե՞ս պիտի հայերը կոշտ դիրքորոշում դրսեւորեն եւ, ամենակարեւորը, ի՞նչ պիտի ձեռնարկեն։ Մի բան ակնհայտ է` եթե ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ կիրառեն Ջոն Էվանսի հանդեպ, հետագայում դժվար թե որեւէ պետական պաշտոնյա հանդգնի շեղվել պաշտոնական քաղաքականության գծից։ Հայկական աջակցությունը, հնարավոր է, ունենա այն ընկալումը, որը մենք սովորաբար «բարոյական հաղթանակ» ենք անվանում։ Ավելի «շոշափելի» աջակցության մենք, ցավոք, այսօր ի վիճակի չենք։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում նշվում է, որ ժամանակին Ջոն Էվանսն արժանացել է Խորհրդային Հայաստանի իշխանությունների գովասանքին` 1988-ի երկրաշարժից հետո ամերիկյան օգնության աշխատանքների կոորդինացման մեջ ունեցած ներդրման համար։ Ինչպես այն ժամանակ, հիմա էլ նրա համար մեր գովասանքը զուտ բարոյական արժեք կարող է ունենալ։
Այսօր ոչ ինքը` դեսպանը, ոչ ԱՄՆ Պետքարտուղարությունը չեն հաստատում հնարավոր պաշտոնանկության լուրը։ Սակայն ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ԱՄՆ Սենատն արդեն հաստատել է նոր դեսպանի թեկնածությունը։ (Խոսվում է Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Ե. Հոգլանդի մասին)։ Հրապարակային հայտարարության բացակայության դեպքում հնարավոր պաշտոնանկության եւ դիվանագիտական կարիերայի ավարտի մասին խոսելը եւս բարոյական խնդիր է։ Բայց այս օրերին մեր պաշտոնական եւ հասարակական լուռումունջ կեցվածքը դրական գնահատելը դժվար է։ Ի վերջո, ՀՀ ԱԳՆ մամուլի պատասխանատուն մի քանի օր առաջ հակադարձում էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշի հայտարարությունը` ենթադրելով, որ վերջինս «Բնակալել է Բաքվում»։ Փոխարենը` ոչ ոք չի բարձրացնում իր ձայնը` որեւէ ջերմ խոսք ասելու այն մարդուն, ով ասում է` «կարծում եմ, մեզ` ամերիկացիներիս, հարիր չէ բառախաղեր անելը» եւ գերադասում է իրերը կոչել իրենց անուններով։ Գուցե իսկապես ճիշտ է դիվանագետների սիրելի արտահայտությունը, թե լեզուն մարդուն տրված է սեփական մտքերը թաքցնելու համար։ Բայց ընդունեք, որ այս դեպքում անբացատրելի է մնում այն հարցը, թե ինչու խոսեց 30-ամյա կենսափորձ ունեցող դիվանագետը։ Եվ առավել անբացատրելի է, թե ինչու 1915-ի մասին խոսեց մեզ նման ու մեր բառապաշարով։