Այս օրերին, երբ ընդդիմությունը մատնվել է բացարձակ անգործության, օրակարգից դուրս է եկել նաեւ նրանց կողմից այդքան թմբկահարված հեղափոխության ծրագիրը: Փոխարենը` գլուխ են բարձրացրել արտաքին մարտահրավերները: Այս մասին է մեր զրույցը քաղաքագետ Հրաչյա Գալստյանի հետ:
– Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, Ռամբույեի հանդիպումից եւ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո այսօր շատ ավելի ակտուալ են արտաքին քաղաքական պրոբլեմներն ու ՀՀ անվտանգության խնդիրները: Սակայն վստահ եմ, որ գոյություն չունեն առանձին քաղաքական խնդիրներ` առանց ներքին քաղաքականության, դրանք բխում են ներքին քաղաքականությունից։
– Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, կլինի՞ հեղափոխություն:
– Նախ պետք է ասել, թե ինչ է նշանակում հեղափոխությունը ՀՀ-ի պարագայում։ Իմ գնահատականով` դա նախ եւ առաջ` պետական ինստիտուտների վերականգնումն է: Այդ պետական ինստիտուտները պետք է ներկայացնեն հասարակությանն ընդհանրապես եւ ոչ թե այս կամ այն խմբին: Հեղափոխության ընթացքում պետք է նոր արժեքների հիմքով վերակառուցվի մեր հասարակությունը. այսօր կողքից դիտողի համար այն ավելի շուտ հիշեցնում է կրիմինալ հանրություն: Վերջապես` հեղափոխությունը պետք է կոչված լինի վերակառուցելու արտաքին միջավայրի հետ ՀՀ փոխհարաբերությունների մակարդակը: Այլ կերպ ասած՝ արտաքին քաղաքականությունը պետք է ուղղորդված լինի կոնկրետ հասարակությանը, կոնկրետ քաղաքացուն: Իմ կարծիքով` հենց սա է սոցիալական պետության մոդելը, որն, ի դեպ, ամրագրված է նաեւ մեր Սահմանադրության մեջ:
– Քաղաքական շրջանակներում այսօր ավելի շատ խոսվում է էվոլյուցիոն զարգացման հնարավորության մասին:
– Պետք է վերլուծել, թե արդյոք մեր ունեցած ռեսուրսներն ու քաղաքական գործիքները ադեկվա՞տ են էվոլյուցիոն զարգացման համար: Վերջին մի քանի ամսվա իրադարձություններն ակնառու դարձրին, որ էվոլյուցիոն ճանապարհով, ըստ էության, անհնար է լինելու հասնել վերը բերված խնդիրների լուծմանը, կամ էլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու պատրաստ կամ ունակ համակարգ ստեղծելը երկար է տեւելու: Իսկ դրա ժամանակը մենք չունենք: Այս միտքը հիմնավորելու համար բերեմ երկու առանցքային օրինակ: Մեկը` դա սահմանադրության հանրաքվեն էր, մյուսը` փետրվարի 28-ին Հանրապետության Հրապարակում կայացած միտինգը: Հանրաքվեի դեպքում ես ի նկատի չունեմ ոչ ընթացքը, ոչ կեղծիքների քանակը եւ ոչ էլ ընդդիմության կողմից հրապարակված նպատակներն ու դրանց տապալումը: Ինձ համար գլխավորն այն էր, որ հանրաքվեն համարվեց կայացած առանց ՀՀ քաղաքացիների մասնակցության: ՀՀ քաղաքացիների գերակշռող մեծամասնությունն, ըստ էության, չնկատեցին այդ կարեւորագույն միջոցառումը, չցանկացան մասնակցել դրան: Իսկ փետրվարի 28-ի հանրահավաքը ցույց տվեց, որ քաղաքական էլիտան ի վիճակի չեղավ գեներացնել այնպիսի գաղափարներ, որոնք հետաքրքիր կլինեին հասարակության համար, էլ չեմ խոսում հասարակությանը կոնսոլիդացնելու, նրանց այդ ամենի մեջ ներգրավելու մասին: Հանրաքվեն իրագործվեց սովետական ռեալիզմի ամենահայտնի կլիշեներով. մարդկանց հավաքեցին, բերեցին, ինչ-որ ճառեր ասեցին, հետո էլ` թե գնացեք տուն: Մի կողմից հասարակությունն է օտարվել, մյուս կողմից` էլիտան է դարձել անկարող:
– Ի՞նչ եք կարծում, առանց իշխանափոխության հնարավո՞ր է ձեր մատնանշած հեղափոխությունը:
– ՀՀ-ում իշխանափոխություն լինելու է. Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը վերջանում է: Իմ տպավորությամբ, իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր գիտակցում են նաեւ համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: Կան խմբեր, որոնց ավելի ձեռնտու է լինելու համակարգի ամբողջական վերարտադրումը: Խոսքը մարդկանց բնորոշումների մասին չէ, այլ ապագա դերակատարումների: Առաջին շարքերում դերակատարման ամբիցիաներ ունեցողները երեւի գիտակցում են, որ առանց փոփոխությունների հնարավոր չի լինելու իշխանության կայունություն ապահովելը: Դա զուտ պրագմատիզմի խնդիր է: Ասեմ, որ այսօրվա համակարգի պահպանման դեպքում կայունություն կոչվածը երեւութական է լինելու եւ ցանկացած պոպուլիստ կամ ռադիկալ, կախված իրավիճակից, կարող է դառնալ այս իշխանություններին ալտերնատիվ: Ընդ որում, փորձը կա թե մեր շուրջը, թե ՀՀ-ում: