Երբ կանայք են մեքենա վարում…

10/03/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

«Ույ-ույ-ույ-ո՜ւյ, ավելի լավ էր մեր կանայք վարորդ չլինեին,- մղկտաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը,- ախր տնաշենները երթեւեկության ոչ մի կանոն չգիտեն, քշում են այնպես, ինչպես հարմար են գտնում, եթե հիշեցին, որ էս խանութի մոտ պետք է կանգնեն, երրորդ գծից միանգամից կթեքվեն-կգան էդ խանութի մոտ կկանգնեն»: Վիճակն անհույս է`վստահեցնում է նաեւ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը. «Առայժմ փորձը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի լավ վարորդներ են»: Թեեւ կին վարորդներից վատ վարող տղամարդ վարորդներ էլ կան, սակայն դա մխիթարանք չէ կանանց համար: ԱԺՄ առաջնորդն ասում է` «Քանի որ ես ինձ լավ վարորդ եմ համարում, չեմ կարող ինձ թույլ տալ գովել կին վարորդներին»: Ու կին վարորդների հասցեին գովասանքի խոսքեր խորհուրդ տվեց պոկել վատ վարորդ տղամարդկանցից, բայց երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց գոնե նմուշի համար մի վատ վարորդ տղամարդ գտնել ու մխիթարիչ խոսքեր լսել կանանց հասցեին: ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն էլ է կին վարորդների վիճակը խայտառակ համարում: Պրն Սադոյանի համոզմամբ` կին-վարորդները վատն են ոչ միայն այն պատճառով, որ փորձ չունեն, նաեւ` փոխանակ երթեւեկության կանոնները ըստ պատշաճի սովորեն, իրար մեջ քննարկելով, միմյանց կարծիքը հարցնելով են փորձում վարել` այսպես վարե՞մ, թե՞ այնպես, որ լավ լինի: Եվ վարորդ Արշակ Սադոյանի հույսը` կին-վարորդների պատճառով տհաճ միջադեպերից խուսափելու համար, մնում են ընդամենը մեքենաների անգույն ապակիները. «Եթե մեքենայի ապակիները մգեցված չեն, ու հնարավոր է տեսնել, որ վարորդը կին է, սկսում եմ զգույշ քշել, որովհետեւ մեկ էլ ու հանկարծ որոշեց ուղեգիծը փոխել…»: «Կինն իր էությամբ ինչպես անկանխատեսելի որ կա, այդպես էլ իրեն պահում է մեքենայի ղեկին: Ես դեռ չեմ տեսել մի կին-վարորդ, որ նորմալ քշի: Ճանապարհին հենց հանդիպում եմ կին-վարորդի, վախենում ու զգուշանում եմ»,- խոստովանում է «Աշոտ» տաքսի-ծառայության մի վարորդ: «Վոյաժ» տաքսի-ծառայության վարորդ Լեւոնն էլ համոզված է, որ կին վարորդներն արհամարհում են եւ երթեւեկության կանոնները, եւ ավտոտեսուչներին: Ավտոտեսուչներն այդ մասին ընդհանրապես խոսել չէին ուզում. «Երթեւեկության ոչ մի կանոնի բացարձակ չեն տիրապետում»,- խոր հոգոց հանեց Բաղրամյան-Կիեւյան-Քոչար խաչմերուկը հսկող ավտոտեսուչը: «Եթե ճանապարհներին մի տեղ ժամերով «պրոբկայի» մեջ ես ընկել, իմացի, որ կամ կին-վարորդ է խցանման պատճառը, կամ խամ վարորդ»,- համոզված է իմ գործընկեր Գարիկը Ալեքսանյանը:

Սպասում էի, որ կին-վարորդների դերն ու նշանակությունը կգնահատեն գոնե պոետները, սակայն ապարդյուն: Կին-վարորդներին չխնայեց նաեւ բազմամյա բանաստեղծ եւ վարորդ Հովհաննես Գրիգորյանը, որի համոզմամբ` կանայք բազմաթիվ առավելություններ ունեն, որոնց շնորհիվ կարող էին լավ վարորդ լինել, բայց զարմանալիորեն այդ առավելություններից ոչ մեկը չի գործում մեքենայի ղեկին նստելիս: «Կանայք ավելի կենտրոնացած են, ավելի սթափ են, տղամարդկանց նման դեսուդեն նայելու պատճառներ չունեն (տղամարդիկ մեքենա են վարում ու աչքի պոչով հետեւում մայթով քայլող գեղեցիկ կանանց, չէ՞), բայց կանայք զարմանալիորեն շատ անփույթ են դառնում ղեկի առաջ, կանոնները բացարձակապես արհամարհած ունեն, ավտոտեսուչների մեղքն էլ կա երեւի` շատ են երես տալիս: Ես հենց տեսնում եմ` հեռվից դիմացից մեքենա է գալիս, ու վարորդը կին է, մեքենաս քաշում եմ մայթի մոտ ու կանգնում, որովհետեւ նրա հույսը պարզապես նրա վրա է, որ ես` որպես տղամարդ, պետք է ներեմ իր բոլոր տեսակի խախտումները»,- ահա այսպիսի անհարմարություններ են ստեղծում կանայք նաեւ բանաստեղծների համար: