Լքված կիսակառույցների ճակատագիրն անորոշ է

10/03/2006

Երկրաշարժից հետո աղետի գոտուն օգնության ձեռք մեկնած նախկին ԽՍՀՄ շինարարները Գյումրիի ծայրամասերում ձեռնամուխ եղան նոր թաղամասերի կառուցմանը: Գյումրիի Մուշ, Շերամ եւ Աշոցք նոր թաղամասերում սկսեցին կառուցել բազմաթիվ բնակելի շենքեր, որոնց մի մասն այդպես էլ անավարտ մնաց: Դրանք վերջացնելու մասին իշխանությունների բազմաթիվ խոստումները մնացին «օդից կախված»: Լքված կիսակառույցներն այսօր հետաքրքրում են միայն թափառաշրջիկ մուրացիկներին կամ էլ մետաղի ջարդոնի սիրահարներին: Թաղամասի բնակիչների համար արդեն սովորական են դարձել շինություններից քարեր հանող մուրճերի հարվածների ձայները: Աչքից հեռու, ամայի ու խուլ տարածքում մի քանի հարյուր դրամի համար միլիոններ են փոշիանում ու ոչ ոք չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել՝ դա կանխելու համար:

Գյումրիի ծայրամասերում կիսակառույցների ու դրանց հիմքերի թիվը հասնում է 830-ի, որից շուրջ 130-ը ծածկվել է հողաշերտով եւ բնակիչների համար որպես պարտեզ է ծառայում, իսկ կիսակառույցների մեծ մասն էլ ենթակա է քանդման: Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային բաժանմունքի աշխատակիցների եզրակացություններով, դրանց մեծ մասը պետք է վնասազերծվի: Միայն առանձին շինություններ են մնացել, որ ապամոնտաժման կարիք չեն զգում:

Տարիների ընթացքում պարբերաբար փոխվել են ընդամենը կիսակառույցները տնօրինողները, բայց չի լուծվել դրանց պահպանության կամ վնասազերծման առաջնահերթ խնդիրը: Նախկինում թալանվում էր պետական, այժմ՝ քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող գույքը: Իսկ Գյումրիի քաղաքապետարանը դա կանխելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ միջոցներ: Նա համաձայն է ընդունել դրանց միայն 10 տոկոսը, իսկ մյուս կառույցները, որոնք արդեն ինքնափլուզման եզրին են, վերահսկելու պատասխանատվություն քաղաքապետարանը չի վերցնում: Ընդամենը Երեւանի համապատասխան մասնագետներին նամակ է ուղարկել, որպեսզի վերջիններս գան ու մասնագիտական եզրակացություններ տան, թե կոնկրետ որ շենքն ինչ պետք է արվի: Սակայն եզրակացություններից ու հրահանգներից հետո թե ո՞վ եւ ինչպե՞ս պետք է շենքերը քանդի, մնում է ամենամեծ խնդիրը: Ոչ ոք չի ուզում ստանձնել այդ պարտականությունը, քանզի դրա համար մեծ գումարներ են պահանջվում, ինչը Գյումրիի քաղաքապետարանը չունի:

Կ. Թ.