Ժամանակակից տնտեսագիտության մեջ բանկերը համարվում են տնտեսության արյունատար համակարգը՝ «կյանք» տալով վերջինիս բոլոր հատվածներին: «Արյան» տարրերից մեկը վարկն է: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում վարկային ներդրումները կազմում են երկրի ՀՆԱ-ի ընդամենը 7-7,5%-ը (զարգացած երկրներում այս ցուցանիշը գերազանցում է 100%-ը), ապա կարելի է ասել, որ մեր տնտեսությունը «նախաինֆարկտային» վիճակում է:
Ի՞նչ է վարկը: Առեւտրային բանկերի համար այն եկամուտ ստանալու միջոց է, եկամուտ՝ ավանդատուների փողերի հաշվին: Վերջիվերջո, բանկերի հիմնական ֆունկցիան ֆինանսական միջնորդությունն է՝ «ազատ» փողեր հավաքելը եւ այն դրա կարիքն ունեցողին տալը: Ֆիզիկական անձանց եւ տնտեսվարող սուբյեկտների համար վարկը «երազների» իրականացման համար գումար ձեռք բերելու հնարավորություն է՝ բնակարան, ավտոմեքենա կամ կենցաղային իր գնելու, բիզնես սկսելու նպատակով: Եվ վերջապես, վարկը յուրօրինակ «ապրանք» է, որն ունի առաջարկ եւ պահանջարկ, ինչպես նաեւ՝ գին, այն է՝ տոկոսադրույքը:
Բնականաբար, վարկի նկատմամբ միշտ էլ պահանջարկ կա: Կոպիտ ասած՝ բոլորին էլ փող պետք է: Բայց առաջարկը խիստ սահմանափակ է. այն կախված է նախեւառաջ ավանդատուների «հնարավորություններից»: Երկրորդ, վարկը բանկի համար որքան էլ եկամտաբեր լինի, այնուամենայնիվ, գլխացավանք է, քանզի անվերադարձելիության ռիսկը միշտ էլ առկա է:
Վերը նշված «երազները» տարանջատում են հիպոտեկային, սպառողական եւ ձեռնարկատիրական (առեւտրային) վարկերը: Որքան էլ վարկի առաջին երկու տեսակները բնակչության համար գայթակղիչ լինեն, այնուամենայնիվ, տնտեսության երկարաժամկետ եւ կայուն զարգացման համար առավել կարեւոր նշանակություն ունի ձեռնարկատիրական վարկը: Վերջինս ուղղակիորեն «սնուցում» է արտադրությունը, ծառայությունների ոլորտը, առեւտուրը: Սակայն, ընդունված է այն տեսակետը, որ ձեռնարկատիրական վարկն անհասանելի կամ դժվար հասանելի է: Որո՞նք են դրա պատճառները:
Բարձր տոկոսադրույքներ
Գործարարները դժգոհում են վարկերի թանկությունից: Հայաստանի առեւտրային բանկերն այսօր ձեռնարկատիրական վարկեր են առաջարկում տարեկան 18-24% տոկոսադրույքով: Ընդ որում, վերջիններս կախված են ոչ միայն վարկի ժամկետից, արժույթից կամ գրավի տեսակից, այլեւ այն միջազգային ծրագրերից, որոնց շրջանակներում տրվում են այդ վարկերը: Հարկ է նկատել, որ բանկերը հիմնականում վարկավորում են այդ դոնոր կազմակերպությունների գումարներով: Նման ծրագրերի շրջանակներում ակտիվ գործող հայաստանյան բանկերից են հիմնականում «Հայէկոնոմբանկը» (ՀԷԲ), «Կոնվերս», «Ինեկո», «Հայգյուղփոխբանկ» բանկերը: Օրինակ, Հայաստանի բիզնես վարկավորման ակտիվ բանկերից մեկի` ՀԷԲ-ի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Սուքիասյանի խոսքերով, բանկի առեւտրային վարկերի մնացորդը 7-7,5 մլրդ դրամ է (վարկային պորտֆելի մոտ կեսը), որից մոտ 2,2 մլրդ-ը բաժին է ընկնում Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերին, 728 մլն-ը` ՎԶԵԲ-ի (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ) ծրագրինը, մոտ 600 մլն-ը` Միջազգային ֆինանսական կորպորացիայինը (ՄՖԿ): Իսկ Կոմերցբանկի ծրագրով դեռ 2-3 վարկ է տրամադրվել` մոտ 500 հազար դոլար գումարով: Բանկի սեփական ռեսուրսներով տրամադրված առեւտրային վարկերի չափը մոտ 4 մլրդ դրամ է: Մարտ ամսից ՀԷԲ-ը վարկեր կտրամադրի նաեւ ՎԶԵԲ-ի համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Դրանք խոշոր գումարներ են (վարկի նվազագույն չափը 400 հազար դոլար է, առավելագույն), որոնք տրվում են ՎԶԵԲ-ի կողմից, սակայն վերջինս կրում է միայն ռիսկի կեսը, իսկ մյուս կեսը` ՀԷԲ-ը: Տոկոսադրույքը բավական ցածր է` մինչեւ 12%: Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսադրույքները 16-22% են: Դա կախված է հաճախորդի վարկային պատմությունից, այն ոլորտից, որի համար նախատեսված է վարկը: ՎԶԵԲ-ի եւ ՄՖԿ-ի ծրագրերով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները 15-18% են: Ինչո՞ւ են այս տոկոսադրույքները համարվում բարձր: Գործարարները պատճառաբանում են, որ դրանք փողի շուկայի իրական պատկերը չեն արտահայտում` հաշվի առնելով այն, որ Հայաստանում ավանդների դիմաց առեւտրային բանկերն առաջարկում են մինչեւ մոտ 8% եկամտաբերություն: Այսինքն, այս տարբերությունը մեծ է: Բայց պետք է նաեւ ընդունել, որ հենց այս տարբերության հաշվին են ձեւավորվում բանկերի շահույթները: Բացի այդ, դոնոր կազմակերպություններն իրենք են թելադրում իրենց ծրագրերի շրջանակներում տրվող վարկերի «գինը»: Այնուամենայնիվ, վերջին 7-10 տարիների ընթացքում վարկային տոկոսադրույքները նվազել են:
Առանց գրավի հնարավոր չէ
Հենց գրավն է, որ բանկերին թույլ է տալիս «չվախենալ» վարկերը չվերադարձնելուց: Թեեւ Կենտրոնական բանկը (ԿԲ) բլանկային` առանց գրավի, վարկերի տրամադրումը սահմանափակում է, այնուամենայնիվ, Հայաստանում այսօր որոշակի բանկեր կան, որ դա իրականացնում են, ինչը շատ ռիսկային է: Սակայն այդ բանկերի թիվը շատ քիչ է: Գրավի հետ կապված` գոյություն ունի մի մեծ խնդիր: Հաճախորդները դժգոհում են, որ բանկերը ցածր են գնահատում գրավադրվող գույքը: Այս խնդիրը սրված է հիմնականում Հայաստանի մարզերում, քանզի այնտեղ, մայրաքաղաքի համեմատ, անշարժ գույքի արժեքը ցածր է: Ի դեպ, երբ որեւէ բանկ առանց գրավի վարկ է տրամադրում, պետք է անպայման հիմնավորի, թե ինչ բիզնեսի համար է այն տրված, եւ որոնք են այդ վարկի մարման աղբյուրները: Սա է այն պատճառներից մեկը, որ վարկերի շուկայում, ինչպես ամբողջ տնտեսությունում, գոյություն ունեն տարբեր շրջանների միջեւ զարգացման անհամամասնություններ: Այս խնդիրն ինչ-որ չափով փորձում է լուծել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ): Վերջինիս ֆինանսական աջակցության ծրագրերի պատասխանատու Հայկ Շեկյանի խոսքերով, ՓՄՁ ԶԱԿ-ի տրամադրած երաշխավորությունը հնարավորություն է տալիս վարկունակ ձեռնարկատերերին` վարկավորվել գրավի անբավարարության եւ ցածր իրացվելիության պայմաններում, ինչը հատկապես արդիական է մարզերում եւ սահմանամերձ գոտիներում գործող ձեռնարկությունների համար: Ընդ որում, այդ երաշխավորությունների առավելագույն ժամկետը 3 տարի է, իսկ ՓՄՁ ԶԱԿ-ը կարող է երաշխավորել վարկի հիմնական գումարի ոչ ավելի, քան 70%-ը: Գումարային առումով երաշխավորության առավելագույն ծավալը 10 մլն դրամ է:
Ովքե՞ր են վարկառուները
Ինչպես ասում են, հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը: Օրինակ, գումարային առումով, ՀԷԲ-ի տրամադրած ընդհանուր առեւտրային վարկերի մոտ 40%-ը տրվում է խոշոր ձեռնարկություններին: Վերջիններս հիմնականում ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի եւ ՄՖԿ-ի ծրագրերով, իսկ գերմանահայկական ծրագրի համաձայն, մեկ հաճախորդին տրամադրվող վարկի առավելագույն գումարը 120 հազար եվրո է: Այս վարկերից օգտվում են փոքր եւ միջին ձեռնարկատերերը: Մեզ հետ զրույցում «Հայգյուղփոխբանկի» գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նշեց, որ ՓՄՁ-ների վարկավորման առումով լուրջ հիմնախնդիրներ չկան, եւ որ իր ղեկավարած բանկը բավական ակտիվ է այդ շուկայում: Նա ընդգծեց, որ այդ վարկերի ծավալն աճի միտում ունի: Գիշյանի հավաստմամբ, խնդիրը վերաբերում է սկսնակ ձեռնարկատերերին: Թեեւ ԿԲ-ն բանկերին չի արգելում առանց վերլուծությունների վարկեր տրամադրել, այնուամենայնիվ, այդ բանկերի թիվը շատ քիչ է, քանզի բանկերը քաջ գիտակցում են, թե ում կարելի է փող տալ: «Ձեռնարկատիրական պատմություն» չունեցող ընկերությունները չեն վարկավորվում, քանզի բանկերն ունեն իրենց չափանիշները: Մասնավորապես, ՀԷԲ-ի համար վարկառուները պետք է ունենան առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ: Բացի սեփական միջոցներից կամ ընկերների օգնությունից, կա՞ն արդյոք ֆինանսավորման այլ աղբյուրներ սկսնակ ձեռնարկատերերի համար: Հարցի պատասխանը դեռ չի հնչում: Դավիթ Սուքիասյանը գտնում է, որ այս առնչությամբ անհրաժեշտ է պետական մոտեցում: Նա հույս է հայտնում, որ այդ մոտեցումը հեռանկար կունենա:
Իսկ ո՞ր ոլորտներին են ուղղվում վարկային գումարները: Հիմնականում առեւտրի: Գումարային առումով ՀԷԲ-ի ձեռնարկատիրական վարկերի մոտ 40%-ը «սնուցում» է առեւտրի ոլորտը, 35%-ը` սպասարկումը, իսկ 25%-ը` արտադրությունը: Մոտավորապես նման միտում կարելի է նկատել հայաստանյան ողջ բանկային համակարգում: Բանն այն է, որ առեւտուրը շատ արագ է փողը ետ վերադարձնում, իսկ արտադրության ոլորտի համար պահանջվում է երկար ժամանակ: Իսկ Հայաստանում այսօր «երկար փողերի» շուկան, ըստ էության, բացակայում է: Դրա վառ ապացույցը տրամադրվող վարկերի ժամկետն է:
Կա տեսակետ, համաձայն որի` ավելի մեծ տոկոսադրույքով տրամադրվող սպառողական վարկերը, որոնք ավելի եկամտաբեր են բանկերի համար, նվազեցնում են վերջիններիս շահագրգռվածությունը` ձեռնարկատիրական վարկերի տրամադրման գործում: Այս տեսակետի հետ որոշ մասնագետներ չեն համաձայնում: Նրանց հավաստմամբ, յուրաքանչյուր բանկ այս հարցում ունի իր ռազմավարությունը: Մասնավորապես, ՀԷԲ-ն ամեն տարի հաստատում է իր վարկային պորտֆելի կառուցվածքն` ըստ վարկերի տեսակների: Դ. Սուքիասյանի խոսքերով, մոտ 54%-ը միշտ բաժին է ընկնում առեւտրային վարկերին, ինչը նրանք պարտավոր են պահպանել:
«Ազատ» փողեր
Ամենահամեստ եւ ոչ պաշտոնական տվյալներով, այսօր Հայաստանում առկա է մոտ 400-500 մլն դոլարի «ազատ» գումար: Դրանք հիմնականում այն փողերն են, որ բանկերը ներգրավում են, սակայն չեն տեղաբաշխում: Ի՞նչն է դրա պատճառը: «HSBC» բանկն ավանդների գծով առաջատարն է: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ դեպոզիտները նա ներգրավում է զրոյական կամ չնչին տոկոսադրույքներով, այսինքն` գրեթե ձրի: Այս դեպքում բնական է, որ բանկը կարող է իրեն թույլ տալ վարկեր չտրամադրել եւ «իզուր» ռիսկի չդիմել: Իսկ թե ինչո՞ւ է բնակչությունը փողերը պահում «HSBC»-ի ոչ եկամտաբեր ավանդների տեսքով, այլ հարց է: Մարդիկ վստահում են անգլիական այս բանկի մասնաճյուղին եւ այն օգտագործում են որպես «դրամապահարան»: Ի դեպ, տեսակետ կա, որ անգլիահայ գործարար Վաչե Մանուկյանը, որին պատկանում է այս բանկի 30%-ը, Երեւանում բացել է ոչ թե «HSBC»-ի մասնաճյուղը, այլ գնել է ֆրենչայզինգի իրավունքը: Այսինքն, «HSBC»-ի անվան տակ հայաստանյան բանկ է հիմնադրել:
Մասնագետների կարծիքով, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք բանկերին կստիպեն ներգրավված միջոցները տեղաբաշխել, ինչը կնպաստի եւ՛ ստվերային տնտեսության նվազմանը, եւ՛ տնտեսական զարգացմանը: Մի պահ պատկերացնենք, որ այս «ազատ» փողերը վարկավորման միջոցով ուղղվում են արտադրության զարգացմանը: Դրանք կառաջացնեն նոր հարկային պարտավորություններ, ինչն էականորեն կավելացնի պետբյուջեի մուտքերը: Այդ ժամանակ միգուցե կունենանք իրական երկնիշ տնտեսական աճ:
Վարկերի շուկայում առկա է եւս մեկ նրբություն: Շատ «ստվերային» գործարարներ իրենք են խուսափում վարկ վերցնելուց, քանզի դրանով իսկ նրանք «մտնում» են օրինական հարկային դաշտ` ցույց տալով իրենց իրական եկամուտները: Վարկերի շուկայում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, որից կշահի ոչ միայն ընդհանրապես հայաստանյան տնտեսությունը, այլեւ` հարկային ու նույնիսկ քաղաքական դաշտերը: