«Մամայիս նկարներն ամեն մարդու ցույց մի տվեք»

10/03/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Առաջին դասարանցի Նվերը որբ էր, եւ չկար մեկն, ով նրա մասին հոգ կտաներ: Նրա մայրը՝ Վարդուհին մահվանից առաջ աշխատում էր «Լունա» սրճարանում, որտեղ աշխատում էր նաեւ Անահիտ անունով մի կին, ով հիմա 46 տարեկան է եւ մանկությունն անցկացրել է մանկատան գորշ պատերի ներսում: Անահիտը 3 երեխա ունի, սակայն իր գործընկեր Վարդուհու մահից այնպես է ազդվել, որ որոշել է տղային տիրություն անել ու որքան էլ սոցիալական ծանր պայմանները ճնշեն իրեն՝ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Նվերը հայտնվի մանկատանը: 2 տարի առանց փաստաթղթերի Նվերին խնամել է, որից հետո Նուբարաշենի թաղապետարանի եւ ոստիկանության ներկայացուցիչները պահանջել են երեխային մանկատուն ուղարկել: Անահիտի հիշողությունների մեջ մանկատան կյանքը ծանր ապրումներ է առաջացրել եւ Նվերի ապագան չդառնացնելու համար որոշել է նրան անձամբ խնամել: «Ես փաստաթղթերով դարձա Նվերի օրինական խնամակալը, երեխան տատիկ-պապիկ ուներ, որոնք հրաժարվեցին իրենից: Ես ինքս մանկատան սան եմ եղել, խիղճս չտվեց, ասեցի` իմ 3 երեխեքի հետ մի կտոր հացը բաժանելով կպահեմ»: Տասնյակ տարի Անահիտի ընտանիքում ապրող Նվերը խնամակալին դեռ Անո տոտա է ասում, իսկ երբ նրա մասին ուրիշների մոտ պատմում է՝ մամա է ասում: «Դե, երեխա ա էլի, երեւի չի կարում ինձ մամայով դիմի, բայց ես գիտեմ, որ ինձ որպես մայր ա ընդունում, ես էլ իրան իմ 3 երեխեքի պես եմ սիրում: Հարեւանների մոտ իմ մասին մամայով ա խոսում, բայց ինձ երեւի դժվարանում ա ասի: Ես իրա առաջ պահանջ չեմ դնում, չեմ նեղվում, որ Անո տոտա ա ասում, ինքը 1-ին դասարան էր, որ մայրը մահացավ, բնական ա, որ հիշողությունների մեջ իրա մաման կա»,- ասում է Անահիտը: Նվերը ծանր բնավորություն ունի, Անահիտն ասում է, որ որքան տղան մեծանում է, այնքան ագրեսիվ է դառնում: 15-ամյա Նվերը մինչ օրս «Անո տոտայի» ծոցն է քնում, որովհետեւ քնելիս սիրում է նրան ամուր գրկել: Հիմա, երբ Անահիտը նրան խնդրել է առանձին քնել, որովհետեւ արդեն մեծ տղա է, Նվերը դժկամությամբ է ենթարկվում: Կամակոր է դարձել, չի արտահայտվում, երբ հանգուցյալ մոր մասին խոսում են՝ բոլորին լռեցնում է, ասում է՝ «Սո՛ւս մնացեք»: Սիրում է մոր նկարները նայել, որոնք խնամքով պահել է 6 տարեկանից, բայց երբ ուրիշները նայում ու սկսում են հարցեր տալ, նյարդայնանում ու նկարները հավաքում է: «Շատ փակ բնավորություն ունի, ամեն ինչ ներս ա գցում, չի արտահայտվում, իրան հասկանալը շատ դժվար ա: Ախր ես իրան նենց եմ պահել, որ ջոկողություն չեմ դրել իմ 3 երեխաների ու իրա միջեւ»,- նեղվում է տիկին Անահիտը: Նեղվելու շատ բան կա. ծանր պայմաններում են ապրում: 15 տարի է, ինչ ապրում են Նուբարաշենի զինվորական կիսաքանդ հանրակացարանում: Փոքրիկ տնակից խոնավության հոտ է գալիս, որը մանկատան գորշությունից էլ վատ է: Տիկին Անահիտը հիվանդ է, ճնշում ունի, չի կարող աշխատել, բայց ընտանիքին պահելու համար տան պատից մի քանի մանկական հագուստ է կախել, որ տեսնողները գայթակղվեն ու գնեն դրանք: Հագուստը ուրիշից գնում, վերավաճառում է ու յուրաքանչյուրից 40-50 դրամ իրեն է մնում: Անահիտը վիրավորված է, որովհետեւ, եթե մինչ այս վստահ էր, թե Նվերին մանկատուն չուղարկելով նրան փրկել է որբությունից, ապա հիմա այդպես չի մտածում: Հիմա ինքն իրեն որբ ու անօգնական է զգում, չի կարողանում տղային պաշտպանել սոցիալական խնդիրներից: «Հիմա արդեն չգիտեմ` ճի՞շտ եմ արել, որ Նվերին վերցրել եմ»,- ասում է Անահիտը: Նախկինում Անահիտը ստանում էր երկկողմանի ծնողազուրկ երեխաներին հատկացվող Նվերի թոշակը՝ 20.000 դրամ: Այդ գումարով կարողանում էր տղայի համար ինչ-որ բան գնել, հագուստ, կոշիկ, որպեսզի Նվերն իրեն վատ չզգա, չասեն՝ անտեր է: Հիմա զրկել են այդ գումարից, որն այս ընտանիքի համար փրկություն էր: «Ինձ ուղարկեցին Սոցապ նախարարություն, ասում եմ՝ ես խնամակալ եմ, երեխային թոշակից զրկել են: Ինձ շատ կոպիտ պատասխանեցին, ասեցին՝ դուք գնում եք հավեսի համար երեխա եք բերում ու երկկողմանի փո՞ղ եք ուզում: Ուզում էի բացատրել, որ երեխան որբ է, ես եմ պահում, չլսեցին, գոռացին վրես: Ես վիրավորված թողեցի, դուրս եկա: Լացեցի նենց էի նեղվել: Գնացի Էրեբունու սոցապ բաժին, ասեցին՝ մեզ ոնց հրամայում են՝ նենց էլ անում ենք: Չոր ու կոպիտ խոսացին, ոնց որ ստորացնեն, ասեցի` ուզո՞ւմ եք երեխային հետ կտամ, չիմանաք, թե թոշակի համար եմ պահում…»: Նվերը հիմա ուսումնարանում է սովորում, իսկ Անահիտը խորհուրդ է տալիս հարեւաններին հարցնել, թե ինչ հոգատարությամբ է խնամում նրան: «Ախր ես Նուբարաշենի մանկատանն եմ ապրել, էդ կյանքով ապրած մարդը չի ուզենա ուրիշին մանկատուն տալ: Չուզեցի ուղարկեմ, ինքս ինձ մտածեցի, որ համարեմ, թե աբորտ չեմ արել, իմ երեխեն ա»,- վիրավորված պատմում է Անահիտը: Նա ասում է, որ հարազատ որդուն միայն 1-ին դասարանում է կոստյում գնել, իսկ Նվերի համար ամեն անգամ նոր շորեր է գնել, նրան միշտ ուրիշ մոտեցում է ցուցաբերել, որովհետեւ ինքը որբ է եղել, հասկանում է որբերի հոգեբանությունը: «Իրան յուրահատուկ եմ պահել, իմ երեխեքին գիշերը ծոցս չեմ պահել, բայց Նվերիկը մինչեւ հիմա մոտս ա քնում: Ինքը ծանր երեխա ա: Որ մոր նկարներն ուրիշին ցույց ենք տալիս` վիրավորվում ա, ասում ա` ամեն մարդու մամայիս նկարները ցույց մի տվեք»,- ասում է նա: Անահիտն ամեն կերպ աշխատում է Նվերին լավ դաստիարակել, բայց կարծում է, որ պետությունը չի խրախուսում իր քայլը: Ասում է՝ «Էս վերջերս հեռուստացույցով հաղորդեցին, թե, եթե մարդիկ կան, ովքեր կուզենան որբ երեխա խնամել, թող գան վերցնեն, ու էդ կենտրոնի հեռախոսահամարն էլ հայտարարեցին: Ես հիմա էդ լավ քայլն արել եմ, լավություն եմ արել, խի՞ են էդ փողից կտրում, որ սովից մեռնե՞նք»:

ԱՄՆ-ում պետությունը պատկառելի գումարներ է տրամադրում այն մարդկանց, ովքեր պատրաստ են ծնողազուրկ երեխաներին խնամել, ընդ որում, պետությունը խստորեն հսկում է խնամակալությամբ տրված երեխաների դաստիարակությունը, կենցաղը, տրամադրված ֆինանսների ծախսը, այսինքն՝ խնամակալության տրված երեխաները մշտապես գտնվում են պետական հսկողության ներքո: Հասարակությունն էլ շահագրգռված է որբ երեխաներին խնամելու հարցում: Հայաստանում սոցիալական ոլորտի ղեկավարները պարբերաբար հայտարարում են, որ մի քաղաքականություն են որդեգրել, ըստ որի պետք է նվազեցվի մանկատան սաների, որբ երեխաների քանակը, սակայն որքանո՞վ է պետությունը նպաստում երեխաներին խնամող մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը: Տիկին Անահիտը զղջում է, որ Նվերին խնամելու հոգսը վերցրել է իր վրա, բայց վիրավորված է ոչ թե Նվերից, այլ պետությունից: