Իսկ աշխատանք կլինի՞

10/03/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ներկայումս Ղարաբաղում գործում է 7 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցից մեկը պետական է (Արցախի պետական համալսարանը), 6-ը` ոչ պետական: Հանրապետության բուհերում սովորում է 6307 ուսանող, որից 4542-ը` պետական համալսարանում, իսկ 1765-ը՝ ոչ պետական բուհերում:

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ուսանողների մեծամասնությունը` 59,7 տոկոսը` իգական սեռի ներկայացուցիչներ են:

2005/2006 ուսումնական տարում ԼՂՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն են ընդունվել 1541 հոգի, որը կազմում է ընդհանուր շրջանավարտների 75,5 տոկոսը: Հայտնի է, որ այդ հաստատություններում սովորում են ոչ միայն հանրապետության շրջանավարտները, այլեւ Հայաստանից եւ ԱՊՀ մի քանի երկրներից եկած երիտասարդներ: Այդ երկրներից Ղարաբաղ տեղափոխվելու եւ այստեղ ուսանելու հիմնական պատճառը ֆինանսական բնույթ է կրում: Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց Հայաստանից տեղափոխված ուսանողներից մեկը, ընտանիքի սոցիալական ոչ բավարար վիճակը պատճառ է հանդիսացել Ղարաբաղ տեղափոխվելու համար: «Այստեղի համեմատ, Հայաստանում ուսման վարձը շատ բարձր է, դրա համար էլ այստեղ եմ սովորում»,- նշում է երիտասարդը:

Ղարաբաղի բուհերում ուսուցումն իրականացվում է պետպատվերով եւ վճարովի հիմունքներով: Ուսանողների 14,5 տոկոսը սովորում է պետպատվերով, իսկ մյուսները` վճարովի հիմունքներով:

Այստեղ ուսանողների 15,3 տոկոսն ուսանում է տնտեսագիտության, 11,5 տոկոսը` իրավագիտության, 7,8 տոկոսը` մանկավարժության, 5,2 տոկոսը` նախնական զինվորական պատրաստման, 5,1 տոկոսը` առողջապահության մասնագիտություններով:

Տարբեր բուհերում սովորողներից 884-ը ստանում է կրթաթոշակ, որից 663-ը` 4000-5000 դրամ, 201-ը` 5000 դրամից ավելի եւ 20-ը` անվանական:

Ըստ վիճակագրական տվյալների, վճարովի հիմունքներով սովորող ուսանողների 53,7 տոկոսն ուսման դիմաց վճարում է մինչեւ 100 հազ. դրամ, 37,9 տոկոսը՝ 100-200 հազ. դրամ, 7,5 տոկոսը՝ 200-300 հազ. դրամ, 0,9 տոկոսն ազատված է վճարումներից: Մյուս բուհերի համեմատ ուսման վարձը բարձր է Մոսկվայի ռուս-հայկական հումանիտար ժամանակակից ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղում:

Հայտնի է, որ ուսանողների որոշ մասը սովորում է որոշակի զեղչերով: Տարբեր մասնավոր բուհերում զեղչեր են սահմանված Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եւ հաշմանդամ ազատամարտիկների երեխաների համար (զեղչը հիմնականում լինում է 50 տոկոսի չափով): Որոշակի արտոնություններից բուհերում օգտվում են նաեւ մեկ ընտանիքից երկու հոգի նույն բուհում սովորելու դեպքում (այս զեղչերի չափը տարբեր է):

 2006թ. հունվարի 1-ի դրությամբ, Արցախի պետհամալսարանի մագիստրատուրայում սովորում է 144 մարդ: Մագիստրատուրայում սովորողների 37,5 տոկոսն ուսանում է պետպատվերով, իսկ 62,5 տոկոսը՝ վճարովի հիմունքներով: Առավել տարածում ունեն իրավագիտություն, տնտեսագիտություն եւ օտար լեզուների մասնագիտությունները: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ, Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում սովորում է 48 հոգի, որից 83,3 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Բացի բարձրագույն ուսումնական հաստատություններից` ԼՂՀ-ում գործում են նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: 2005/2006 ուսումնական տարում հանրապետությունում գործում են 4 պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնցում սովորում է 1428 ուսանող` նախորդ ուսումնական տարվա 1403-ի դիմաց:

2005/2006 ուսումնական տարում միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է ընդունվել 440 մարդ, որը կազմում է ընդհանուր շրջանավարտների 21,6 տոկոսը: Հաստատություններում կիրառվում է ուսուցման առկա ձեւը, եւ միայն ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության ենթակայության Ստեփանակերտի գյուղքոլեջում կիրառվում է ուսուցման հեռակա ձեւը, որը հնարավորություն է տալիս 423 (նախորդ ուսումնական տարում` 461) ուսանողի` զուգակցել աշխատանքն ու ուսուցումը: Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսուցումն իրականացնում են պետպատվերով եւ վճարովի հիմունքներով, ընդ որում` սովորողների 52,9 տոկոսը սովորում են պետպատվերով, իսկ մյուսները` վճարովի հիմունքներով:

Տվյալներին մանրամասն ծանոթանալու դեպքում կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի շրջանավարտների 97 տոկոսից ավելին նախընտրում է ստանալ միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն, իսկ թե այդ սովորողների ո՞ր մասն ավարտելուց հետո աշխատանքի կտեղավորվի, դժվար է ասել, քանի որ տարեկան այդչափ աշխատատեղ չի բացվում, այն էլ` մի քանի մասնագիտություններով: Ցավոք, հանրապետությունում դեռեւս զգացվում է որոշ մասնագետների պակաս (փականագործ, զոդող, հյուսն, կռունկավար եւ այլն):