ՀՀ կուսակցական դաշտը ընտրությունների նախաշեմին

10/03/2006 Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ, Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Վերաձեւումներ եւ նորամուծություններ

Գաղտնիք չէ, որ հայրենական քաղաքական ուժերն արդեն իսկ սկսել են պատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչը դրսեւորվում է նոր դաշնակիցների փնտրտուքով եւ նոր քաղաքական կուսակցությունների ի հայտ գալով: Այս եւ կուսակցական դաշտում ընթացող այլ գործընթացները կարող են վերլուծության ենթարկվել տարբեր տեսանկյուններից:

Տեսություն

Հայաստանի քաղաքական կյանքը մեծապես պայմանավորում են դրանում գործող քաղաքական կուսակցությունները: Բազմակուսակցականությունն ընդունված է համարել ժողովրդավարության նախապայման եւ ցուցանիշ, քանի որ դրանով իսկ ապահովվում է ընտրության հնարավորությունը հասարակ քաղաքացիների համար: Սակայն իրականում, գերմանացի հայտնի քաղաքական սոցիոլոգ Ռ. Միխելսի կարծիքով` ցանկացած կուսակցական կազմակերպությունում գործում է օլիգարխիայի երկաթյա կանոնը: Կուսակցությունը ստեղծվում է իր անդամների ֆորմալ հավասարության հիմքով, որտեղ բոլորի իրավունքները նույնն են: Սակայն ժամանակի ընթացքում կուսակցության ներսում ի հայտ է գալիս մարդկանց մի խումբ, որի համար կուսակցական գործունեությունը դառնում է մասնագիտություն, նյութական ապահովության եւ հոգեբանական պահանջմունքների բավարարման միջոց: Այդ մարդիկ առանձնանում են իբրեւ տվյալ կուսակցության վերնախավը եւ ուզուրպացնում են իշխանությունը կուսակցության ներսում: Հենց սա էլ Միխելսն անվանում է օլիգարխիայի երկաթյա օրենք` պնդելով, որ այն գործում է ցանկացած կուսակցությունում: Այս օլիգարխիկ միտումներն անխուսափելի են` կազմակերպության բնույթից ելնելով, քանի որ ամբողջ զանգվածը, որը հավաքված է տվյալ կուսակցության շրջանակներում, անկարող է ուղղակի կառավարում եւ իրենց շահերի ներկայացում ապահովել, ի հայտ են գալիս մարդիկ, որոնք էլ կոչված են ապահովել այդ շահերի ներկայացումը: Սակայն դրանով իսկ, ըստ Միխելսի, ապահովվում է ներկայացուցիչների գերիշխումը ներկայացնողների նկատմամբ: Կուսակցական առաջնորդները սկսում են իրենց նույնացնել կազմակերպության հետ, իրենց շահերը` կուսակցական շահերի: Կուսակցության քաղաքականությունը դառնում է պահպանողական` միտված կուսակցական ղեկավարի իշխանության պահպանմանը: Պաշտոնապես հռչակված նպատակները մնում են, բայց իրականում տեղի է ունենում հրաժարում ծայրահեղական կոչերից: Ուշագրավ է, որ ըստ Միխելսի, ներկուսակցական պայքարը եւ հին, բռնատիրական ղեկավարության տապալումը ոչնչով չի սպառնում կուսակցությանը` իբրեւ կազմակերպության, քանի որ ի հայտ եկած նոր առաջնորդները ժամանակի ընթացքում դառնում են ջրի երկու կաթիլի պես նման նախորդ ղեկավարությանը: Որպես եզրակացություն` Միխելսը գտնում է, թե դեմոկրատիան անհամատեղելի է մշտապես գործող քաղաքական կուսակցությունների ինստիտուտի հետ:

Ինչ ունենք մենք

Հայ քաղաքական դաշտի որպիսությունը պայմանավորում են մի քանի հանգամանք.

Երբ նախագահն անկուսակցական է

Ընդ որում, այս գործոնը երկակի ազդեցություն է ունենում քաղաքական կուսակցությունների վրա: Մենք գիտենք Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների փորձը, որտեղ կան ավանդական գործող կուսակցություններ, եւ այդ երկրներում իշխող մարմինը (վարչապետ թե նախագահ) ընտրվում է հենց միջկուսակցական պայքարի արդյունքում: Այս երկրներում միշտ ակնհայտ են քաղաքական մրցակիցները եւ համակիրները, ամեն հաջորդ նախագահի թեկնածու իր քարոզարշավը ծավալում է նախ` ներկուսակցական մակարդակում, երբ թափանցիկ գործընթացների արդյունքում ընտրվում է կուսակցական լիդեր եւ թեկնածու նախագահական պաշտոնի համար, ապա եւ` նոր անցնում մյուս կուսակցությունը ներկայացնող թեկնածուի հետ բանավեճերին: Եվ քանի որ խոսքն այստեղ միանգամյա օգտագործման կուսակցության մասին չէ, հետեւաբար էլ ընտրված նախագահի կուսակցությունը վերահսկողություն է իրականացնում նախագահի նկատմամբ` հոգալով հասարակության շրջանում սեփական կուսակցության վարկանիշի ու հեղինակության եւ, դրանով իսկ, կուսակցական գերիշխանության շարունակականությունը երկրի կառավարման համակարգում ապահովելու մասին: Սրանք ռեալ մեխանիզմներ են, որոնք ապահովում են կուսակցական ժողովրդավարությունը: Սակայն մյուս կողմից` ի սկզբանե սահմանափակվում է քաղաքական դաշտի ճկունությունը, քանի որ տեսանելի ապագայում այլընտրանքային կուսակցության ի հայտ գալը հիմնական կուսակցությունների նկատմամբ թվում է քիչ հավանական: Մեր դեպքում, երբ որ նախագահը հայտարարում է, թե իր կուսակցությունը ժողովուրդն է` դրանով իսկ խաղադրույքն անելով ամենամեծաթիվ կուսակցության` անկուսակցականների օգտին, նման գործելաոճը կարող էր արդյունավետ լինել նախագահի իրական մեծ վարկանիշի դեպքում: Մեր աչքի առջեւ է Ռուսաստանի Դաշնության օրինակը, երբ ՌԴ նախագահի իրական մեծ վարկանիշը դե յուրե անկուսակցականության պարագայում բերեց նրան, որ «իշխանության կուսակցությունը»` «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, ստացավ գերիշխող ներկայություն քաղաքական կառավարման մարմիններում: Այսպիսով, նախագահը պահպանեց իրավաբանորեն անկուսակցականի կարգավիճակը` դրանով իսկ նպաստելով վերոնշյալ կուսակցության առաջխաղացմանը, քանի որ հիմքում դրվել էր. դե, մարդն անկուսակցական է, շահագրգիռ չէ այս հարցում եւ, եթե պաշտպանում է որեւէ կուսակցության, ապա միայն վերջինիս ծրագրային դրույթների հետ համամիտ լինելու պատճառով դրույթը: Այսինքն` նախագահը գործում է անկախ փորձագետի դերում, ինչն ուժեղացնում է եւ նախագահին, եւ կուսակցությանը: Բնականաբար, մեր դեպքում չգործեց նաեւ այս տարբերակը: Եվ մենք ունեցանք մի իրավիճակ, երբ նախագահը փորձ արեց գտնել տարբեր քաղաքական հենարաններ ՀՀ մասնատված քաղաքական դաշտում, եւ իշխանության եկավ կոալիցիան:

Երբ երկրում իշխում է կոալիցիան

Միխելսը նշում էր ներկուսակցական օլիգարխիայի մասին, մեր դեպքում մենք գործ ունենք կրկնակի օլիգարխիայի հետ` ներկուսակցական մակարդակի եւ միջկուսակցական մակարդակի: Ներկուսակցական օլիգարխիան փորձում է պահպանել կուսակցության ներսում իր ունեցած դիրքը, միջկուսակցական օլիգարխիան` իշխանական համակարգում ունեցած դիրքը: Ընդ որում, իշխանության առկայությունը սրում է կուսակցության ներսում օլիգարխիկ տենդենցները, քանի որ խաղասեղանին դրված է ոչ միայն կուսակցական իշխանությունը, այլեւ` հանրապետական (չշփոթել հայտնի կուսակցության հետ-?): Գործը բարդացնում է կոալիցիայի կողմ հանդիսացող անկուսակցական նախագահը, որի համար կուսակցական պատկանելությունը երկրորդական նշանակություն ունի, այստեղից էլ առաջ են գալիս բազմաթիվ հակասություններ իրականացվող ծրագրերի եւ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ծրագրերի միջեւ: Իշխանության ռեսուրսը հարթում է գաղափարական տարաձայնությունները, եւ արդյունքում մենք` որպես իշխանության գաղափարական տեսլական, ունենք ծովից ծով օրինաց երկիր` առյուծածին մայրերով եւ տարոնական-ցեղակրոններով: Այսինքն` ակնհայտ է, որ վերոնշյալ ծրագրային դրույթները, հետեւելով Միխելսի բնորոշմանը, մնում են թղթի վրա, հռչակված են, սակայն դրանց իրագործմանը որեւէ մեկը չի լծվել, քանի որ այդ կոչերը փոխարինվել են փաստացի իշխանության պահպանման գործողություններով: Կոալիցիոն կուսակցությունները, լինելով իշխանական կուսակցություններ, ոչ միայն աչքի չեն ընկնում կուսակցական անդամների հավասարությամբ, այլեւ ունեն ընդգծված աստիճանակարգային կառուցվածք, այսինքն` իշխանական կառույցում պաշտոններ զբաղեցնող անձնավորությունները կուսակցության ներսում էլ հանդես են գալիս նույն ենթակա-վերադաս հարաբերություններով: Սակայն եթե կոալիցիոն կուսակցությունների շարքային անդամները համեմատաբար անտարբեր են կուսակցության հետագա ճակատագրի նկատմամբ, քանի որ նրանց մեծ մասը կարող էր հաղթել եւ գուցե հաղթել է առնետավազքի տարբեր մրցումներում, ապա հասարակական առումով ավելի հայտնի կուսակցական գործիչները նման «շքեղություն» այլեւս չեն կարող իրենց թույլ տալ, ուստի եւ նրանց գերխնդիրն է դառնում կուսակցական գերիշխանության պահպանումը: Այս առումով իշխանությունների կոալիցիոն բնույթը ձեռնտու է դրա մաս կազմող կուսակցություններին, քանի որ տեղի է ունենում կուսակցական պատասխանատվության մասնատում, իսկ եթե պատասխանատվությունը մասնատվում է, միշտ էլ կարելի է ամբողջությամբ հրաժարվել դրանից` այն գցելով կոալիցիոն գործընկերների ուսերին: Այս գործընթացն արդեն իսկ սկսված է` թե կառավարությունում տարբեր նախարարների հասցեին հնչած գնահատականների, թե այլ հարցերի շուրջ հակասությունների խորացման ձեւով: Ստացվում է մի իրավիճակ, երբ իշխում է կոալիցիան, սակայն նրա ամեն անդամ-կուսակցություն մի քիչ ընդդիմություն է գոնե մյուս կուսակցություններին:

Բացի նախագահի անկուսակցականությունից եւ կառավարման կոալիցիոն բնույթից, Հայաստանի քաղաքական դաշտը պայմանավորում են մի շարք այլ հանգամանքներ, որոնց քննությունը կներկայացվի հաջորդիվ: