Թուրքիայի կառավարությունը մերձարեւելյան ակտիվ քաղաքականության կողմակից է

10/03/2006

«Ընդլայնված Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա» նախաձեռնության հիմնական նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են Մերձավոր Արեւելքում կայունության եւ խաղաղության հաստատմանը, համապատասխանում են Թուրքիայի հայացքներին»,- ասաց Գյուլը:

Երեկ (մարտի 5-ին.-խմբ.) արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլն ընդգծեց, որ Թուրքիան հանդես է գալիս Մերձավոր Արեւելքում կայունության եւ խաղաղության առաջնայնության օգտին, եւ հատկապես նշեց, որ դրա համար տարածաշրջանում պետք է վերակազմավորումներ տեղի ունենան՝ մարդու իրավունքների ապահովման, օրենքի գերակայության, կառավարման արդյունավետ սկզբունքների եւ ազատ շուկայական տնտեսության գործարկման կտրվածքով:

Գյուլի այս գրավոր պարզաբանումը հնչեց երեկ՝ ի պատասխան գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) նախագահի տեղակալ Մուստաֆա Օզյուրեկի պատգամավորական հարցմանը, որն ուղղված էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Օզյուրեկի հարցումը վերաբերում էր ԱՄՆ-ի գլխավորած «Ընդլայնված Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա» (BMENA) նախաձեռնությանը եւ նրանում Թուրքիայի դերին:

Անցյալ հանգստյան օրերին անձամբ վարչապետ Էրդողանը նույնպես անդրադարձավ ԱՄՆ-ի գլխավորած նախաձեռնության մեջ Թուրքիայի դերին, պատասխանելով իր կառավարության արտաքին քաղաքականության կուրսի՝ գլխավոր ընդդիմադիր CHP-ի կողմից քննադատությանը:

«Քննարկումների համար մենք ունենք մեր լիազորները: (…) Մենք ստեղծել ենք սեփական ճանապարհային քարտեզ եւ հետեւում ենք այդ կուրսին: Թուրքիան պարտավորություններ ունի Մերձավոր Արեւելքում: Մենք այդ մերձարեւելյան նախագծի համանախագահներից մեկն ենք, որին մասնակցում են նաեւ Իտալիան եւ Եմենը»,- ասաց Էրդողանը:

Հանգստյան օրերի նախօրեին, ուրբաթ օրը (մարտի 3-ին.-խմբ.), մինչ Գյուլի եւ Էրդողանի ելույթները, Իրաքում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օգուզ Չելիկոլը եւ վարչապետի արտաքին քաղաքական գլխավոր խորհրդական, դեսպանի կարգավիճակով, պրոֆեսոր Ահմեդ Դավուտօղլուն Ստամբուլում ճեպազրույց անցկացրին լրագրողների համար, որի ընթացքում պարզաբանեցին Անկարայի դիրքորոշումն իրաքյան հարցում:

Դատելով ճեպազրույցի մասին լրագրողների հրապարակումներից, երկու բարձրաստիճան դիվանագետները հայտարարեցին Մերձավոր Արեւելքում ակտիվ քաղաքականություն վարելու Թուրքիայի որոշման մասին: Չելիկոլը եւ Դավուտօղլուն թուրքական դիվանագիտության անունից անհանգստություն հայտնեցին նաեւ հարեւան Իրաքում կրոնական հիմքի վրա վերջերս տեղի ունեցած բախումների կապակցությամբ, որոնք կարող են այդ երկիրը վերածել երկրորդ Լիբանանի, որտեղ քաղաքացիական պատերազմը երկարաձգվեց 1975-ից մինչեւ 1990-ը:

«Թըրքիշ դեյլի նյուս» (Թուրքիա)