Յուշչենկոն կարող է դիմել Ռադային՝ վրաստան խաղաղապահներ ուղարկելու համար

10/03/2006

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հայտնեց, որ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի շուտափույթ ինտերնացիոնալացում, որի համար, իր հերթին, հարկավոր է փոխել այսօր այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ ուժերը: Դրա համար իրենց խաղաղապահ ուժերին տրամադրելու պատրաստակամություն հայտնեցին Բալթյան երկրները եւ Ուկրաինան:

Կարելի՞ է, արդյոք, սպասել այդ գործողությունների իրագործմանը, թե՞ դա ավելի շատ գերքաղաքական խաղ է: Այդ հարցը հասցեագրվեց Ուկրաինայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոլ Կատամաձեին:

– Ուկրաինայի մասնակցությունը Վրաստանում խաղաղապահ գործընթացներին, ինչպես նաեւ նրա մասնակցությունը համանման գործընթացներին տարածաշրջանում ընդհանուր առմամբ՝ իրատեսական է: Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը, Ուկրաինայի կառավարությունն ընդհանրապես, պատրաստ են մասնակցել խաղաղապահական գործընթացին: Այդ դիրքորոշումն արտահայտվել է պաշտոնապես: Ուկրաինան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ դրա իրագործման համար հայտնել է իր բացարձակ պատրաստակամությունը: Դրա համար անհրաժեշտ է միջազգային ինստիտուտների մանդատային հաստատումը՝ ՄԱԿ-ի կամ էլ ԵԱՀԿ-ի: Այդ է պահանջում նաեւ Ուկրաինայի օրենսդրությունը, որում հստակ ամրագրված է, որ այդ երկրի ռազմական ուժերը կարող են գտնվել այլ պետության տարածքում միայն միջազգային լիազորության գոյության պարագայում, վերոհիշյալ կազմակերպությունների հովանու տակ: Օրենսդրությունն այդ կտրվածքով նախատեսում է հետեւյալ գործողությունը. նախագահը խորհրդարան է մտցնում համապատասխան առաջարկություն, իսկ խորհրդարանը հաստատում է այն:

– Դուք դրա վերաբերյալ տեղեկություն ունե՞ք: Պատրա՞ստ է, արդյոք, Վիկտոր Յուշչենկոն դիմել Գերագույն ռադային:

– Երբ մենք զրուցում ենք դեպքերի նման զարգացման թեմայով, անաչառ տեսակետից ոչ մի խոչընդոտ չկա: Ես չեմ բացառում, որ նախագահի նման առաջարկությունն աջակցություն կունենա Ուկրաինայի նույնիսկ ներկա խորհրդարանի կողմից, չնայած, որ մարտի 26-ին նշանակված են խորհրդարանական ընտրություններ: Բայց չէ՞ որ մինչեւ մարտի 26-ը դեռ ժամանակ կա:

«Ռեզոնանսի-Բաստա» (Վրաստան)