Երեկ Միջազգային մամուլի կենտրոնում կայացավ «Ադրբեջանը 2005 թվականին» սոցիալական մոնիտորինգի արդյունքների շնորհանդեսը՝ հանրապետությունում 2003, 2004, 2005թթ. արդյունքներով անցկացված սոցիալական հետազոտությունների տվյալների համեմատական վերլուծությունը:
«Հետազոտությունը կատարել է PULS-R սոցիալական ծառայությունը՝ գերմանական Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի օժանդակությամբ, եւ դարձավ ավելի վաղ՝ «Հասարակական կարծիքի մոնիտորինգը` որպես Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործոն» ծրագրի շարունակությունը, որն իրագործվել էր 2003թ. Բաց հասարակություն ինստիտուտի ադրբեջանական բաժանմունքի եւ Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի ֆինանսական օժանդակությամբ»,- հայտնեց ծրագրի ղեկավար, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
Նշենք, որ հարցվել էր ընդամենը 1000 մարդ: Նրանց ընտրությունն իրականացվել էր ըստ բնակության վայրի, 18-ից սկսած եւ բարձր տարիքի քաղաքացիների շրջանում, հիմնական ժողովրդագրական ցուցանիշների (սեռ, տարիք, սոցիալական կարգավիճակ, կրթություն) համամասնական համապատասխանությունը պահպանելով: Հարցումն ընդգրկել էր հանրապետության 15 շրջաններ եւ 12 քաղաքներ եւ անց էր կացվել վիճակագրական պատահականության հիման վրա (ընտրության տեսակը՝ հերթագայությունը):
«Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ ամենաառաջնային թեման, այն առանձնացրած հարցվածների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ նկատելի կրճատվել է (2003թ.՝ 57,1տոկոս, 2004թ.՝ 61,9 տոկոս, 2005թ.՝ 53,8 տոկոս): Հարցման մասնակիցների մեծամասնությունը չեն կիսում արտասահմանյան քաղաքական գործիչների եւ դիվանագետների հայտարարությունները 2006թ. հակամարտության կարգավորման բեկման ձեռք բերման վերաբերյալ: Հարցվածների կարծիքով, առավել հավանական է ներկայանում «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» գոյություն ունեցող իրադրության պահպանումը, իսկ ոմանք նույնիսկ ենթադրում են ռազմական գործողությունների վերականգնում»,- նշեց Ռ.Մուսաբեկովը:
Ինչպես հետեւում է եզրափակիչ փաստաթղթից, բնակչության համար տեղեկատվության հիմնական աղբյուր են հանդիսացել ազգային հեռուստաալիքները: Դրանց շրջանում առաջնություն են պահպանում ANS հեռուստա եւ ռադիոալիքները: Բնակչության ավելի նվազ, քան տասներորդ մասը մշտապես կարդում է թերթեր։ Նրանց շրջանում տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք:
Ադրբեջանի նկատմամբ բարեկամական երկրների շարքում անվիճելի առաջնորդը կայուն մնում է Թուրքիան, իսկ թշնամականների շարքում՝ Հայաստանը: ԱՄՆ-ը, Իրանը եւ Ռուսաստանը ոչ բարեկամական երկրների ցուցակում նույնպես բարձր տեղեր են գրավել: Ամենագրավիչ ինտեգրացիոն միավորումը հարցվածների աչքում Եվրամիությունն է, իսկ ԱՊՀ-ն ցածր արդյունավետության պարագայում կորցնում է ժողովրդականությունը: Հարցման արդյունքները վկայում են պետական եւ հասարակական կյանքի իսլամական մոդելի նկատմամբ հետաքրքրության, իսլամական պետությունների հետ Ադրբեջանի կապերի եւ զարգացման առաջնայնության օգտին նախապատվության աճի ուժեղացման մասին:
Ադրբեջանում ընդհանուր իրավիճակը բնութագրվում է հասարակական կայունության պահպանման կտրվածքով դիմացկունության բավականին մեծ պաշարով, իսկ իշխանությունները, առաջին հերթին` ի դեմս պետության ղեկավարի, դեռեւս վստահության նկատելի պակաս ունեն բնակչության կողմից՝ երկրի արդիականացման վերաբերյալ գործուն միջոցներ իրագործելու համար: