«Այս երեխաները շատ քիչ են տեսել քնքշանք ու սեր. մի հատ գլուխները շոյում ես՝ արդեն հալվում են: Ու… դաժան են մեկ-մեկ… Խանդում են, երբ տեսնում են` կողքինի ծնողը հաճախ է գալիս, իսկ իրենցը տարիներով չի երեւում: Մեջները բորբոքվում են՝ ինչո՞ւ նրա մայրիկը գալիս է, իսկ իմը՝ ոչ, ինչո՞ւ նրա հայրիկն աշխատում է, իսկ իմը բանտում է նստած…»,- պատմում է Նուբարաշենի թիվ 18 հատուկ կրթահամալիրի տնօրեն Մերուժան Մինասյանը:
Կրթահամալիրը նախատեսված է «սոցիալական վտանգ ներկայացնող երեխաների համար»: Այստեղ այսօր ապրում եւ սովորում են 7-16 տարեկան 65 տղա՝ ծնողի կամ միլիցիայի դիմումի համաձայն` համապատասխան երեւանյան թաղապետարանից կամ մարզային համայնքից ուղեգրված: Շատերն ունեն ծնողներ, շատերը չունեն գրանցում, անձնագիր, աշխատանք, մի մասն էլ մի կերպ տեսնում է գլխի ճարը. երեխան տրված է հոսանքին: Կրթահամալիրի հոգեբան Աննա Հակոբյանի խոսքով՝ այս երեխաներն իրենց արարքներով առաջին հերթին փորձում են ծնողի ուշադրությունը գրավել, հետո տեսնում են, որ չի ստացվում, բայց արդեն հայտնված են լինում «լավ» շրջապատում եւ ընդգրկված՝ որոշակի խմբում:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2005թ. անչափահասների կողմից կատարված 573 հանցագործությունից 521-ը բաժին է ընկնում հենց այն երեխաներին, որոնք ունեն ծնողներ, բայց անտեսված են ու անուշադրության մատնված: «Մեր դպրոցում չկա դատախազի երեխա, նախարարի երեխա, – ասում է Մինասյանը: -Այստեղ գալիս են ընտանիքի սոցիալական վիճակից դրդված: Ես շատ ընտանիքներ եմ մտել, տեսել եմ՝ սարսափելի պայմաններում են ապրում»:
Այդուհանդերձ, Նուբարաշենի հատուկ հաստատության կարգավիճակը հստակ չէ:
– Այն գտնվում է Կրթության նախարարության ներքո եւ ոչ թե Սոցապի, նշանակում է՝ կոչված է կատարելու կրթական խնդիր՝ լրացնելու պարտուսի պակասը, որից հետո այդ երեխաները պետք է անցնեն նորմալ սովորական հանրակրթական դպրոց, – նշում է Վորլդ Վիժն Երեխաների պաշտպանության ծրագրերի քաղաքականության գծով պատասխանատու Արթուր Մարտիրոսյանը: -Մինչդեռ այսօր հաստատությունը կատարում է սոցիալական ֆունկցիա, այսինքն՝ այդտեղ գտնվող երեխաների համար այն առաջին հերթին օթեւան է, սնունդ եւ այլն:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան ամրագրում է երեխայի՝ ընտանիքին հնարավորինս մոտ լինելու սկզբունքի գերակայությունը, ինչը ենթադրում է, որ երեխան պետք է հայտնվի հատուկ հաստատությունում միայն ծայրահեղ դեպքում:
– Մինչդեռ այսօր շատ հեշտ է հայտնվել այնտեղ,- նշում է Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ ընտանիքում պրոբլեմի եւ մանկալքության վտանգի եւ այդ պայմաններում երեխայի վարքի ինչ-ինչ շեղումների դեպքում երեխան պետք է ուղեգրվի ոչ թե հատուկ հաստատություն, այլ նախեւառաջ իր բնակության վայրում գտնվող համայնքային կենտրոն, որտեղ խորհրդատվություն կստանա:
– Ֆինանսական տեսակետից եւս պետությանը ավելի ձեռնտու է օգնել ընտանիքին, որ երեխան մնա ընտանիքում,- համոզված է Արթուր Մարտիրոսյանը:
Երեխային հատուկ դպրոց հանձնելու մասին դիմումը համապատասխան թաղապետարան է ներկայացվում ծնողի կամ միլիցիայի բաժանմունքի կողմից:
– Ծնողի պատճառաբանությունը սովորաբար հետեւյալն է՝ «չենք կարող պահել»,- նշում է Մալաթիայի թաղապետարանի Անչափահասների գործերով հանձնաժողովի աշխատակից Գայանե Սարիբեկյանը:
Բացի այդ, առանձին՝ ՆԳՆ-ից ստացվում են գրություններ՝ անչափահասների կողմից կատարված գողության, ծեծկռտուքի, կողոպուտի դեպքերով: Սարիբեկյանի խոսքով՝ յուրաքանչյուր նման անչափահասի համար թաղապետարանում նշանակվում է դաստիարակ, որն էլ ամիսը 2 անգամ պետք է հանդիպի երեխայի հետ:
– Այս տարբերակը չի աշխատում՝ զուտ ձեւական է, կարծում եմ, ավելի լուրջ մոտեցում է պետք,- նշում է Սարիբեկյանը: -Ի վերջո, երեխան ուղարկվում է հատուկ դպրոց՝ «երեխային ուղղելու համար ձեռնարկված բոլոր միջոցներն անցել են ապարդյուն» նշումով:
Երեխաներին կրթահամալիր բերող իրավախախտումներն են մանր-մունր գողություն, մուրացկանություն, թափառաշրջիկություն, փախուստ՝ տնից եւ դպրոցից: Ամենածանր դեպքն է թերեւս երեխան, որին տարիքով ավելի մեծերն օգտագործում էին՝ մեքենաներից մագնիտոֆոն գողանալու նպատակով:
Փոքրերից շատերը պարզապես թափառող, հանրակրթական դպրոցից փախչող երեխաներ են, եւ այստեղ գտնվելու իրենց բացատրությունն ունեն: Նրանցից մեկը պատմում է՝ «Էն դպրոցում լավ չէի սովորում. ես ձախլիկ եմ, էնտեղ չէին թողնում՝ հա քանոնով խփում էին ձեռքիս: Եկա էստեղ: Շաբաթ-կիրակի գնում եմ տուն, մամայիս եմ օգնում՝ կարոտս առնում, գալիս եմ»:
Կրթահամալիրում հոգեբանական աշխատանք է տարվում յուրաքանչյուր երեխայի հետ:
– Մեր հիմնական գործն է` ցույց տալ, որ կա այլընտրանք, որ մարդիկ կարող են աշխատել, որ գումարը կարող է բավարարել՝ պարտադիր չէ բոլորը լիմուզին ունենան: Հիմնական շեշտը դրվում է փոքրերի վրա. մեծ տարիքում արժեքային համակարգ ձեւավորելն արդեն դժվար է,- նշում է Աննա Հակոբյանը:
Կրթահամալիրի ու ՀՀ Կրթության նախարարության հետ եռակողմ պայմանագրի հիման վրա Վորլդ Վիժն կազմակերպությունն աշխատանք է տանում հաստատությունում ծնող-երեխա կապերի ստեղծման եւ կամ ամրապնդման, եւ, ի վերջո, հաստատության բեռնաթափման ուղղությամբ: Աջակցում է ծնողների աշխատանքի տեղավորմանն ու կոմունալ ծախսերի թեթեւացմանը, որպեսզի ծնողները կարողանան տուն բերել երեխաներին:
Արդյունքում, երբեմն երեխաները վերադառնում են տուն, եթե, մասնագետների գնահատմամբ, վիճակն ընտանիքում վտանգ չի սպառնում երեխային եւ կարող է նպաստել նրա զարգացմանը: Մերուժան Մինասյանի խոսքով, 2005թ. 3 երեխա վերադարձել է ընտանիք:
– Երեխան միշտ էլ ուզում է վերադառնալ, անգամ եթե տանը իրեն վտանգ է սպառնում, – ասում է Աննա Հակոբյանը: -Օրինակ, եթե մայրը խիստ հարբեցող է, երեխան չունի հայր, ծեծվում է եւ հիմնականում օգտագործվում իբրեւ եկամտի աղբյուր՝ դրսում մուրացկանություն անելու է ուղարկվում, ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է նրան տուն վերադարձնել:
Կրթահամալիրի յուրաքանչյուր երեխայի օրական սննդի համար պետության կողմից տրամադրվող գումարը 2006թ. հունվարի 1-ից բարձրացվել է մինչեւ 784 դրամ՝ նախկին 605 դրամի փոխարեն: Գործում են խմբակներ ու կազմակերպվում միջոցառումները՝ մեծ մասամբ Վորլդ Վիժնի ֆինանսավորմամբ:
– Դաստիարակները զբաղեցնում են երեխաներին, ունենք խաղասենյակներ, հեռուստացույց, DWD, տեսամագնիտոֆոն, երաժշտական կենտրոն, տարբեր խաղեր ունենք,- ասում է Մերուժան Մինասյանը:
Բայց ամենամեծ ուրախությունը շաբաթ-կիրակի տուն գնալն է: Իհարկե, եթե ծնողը զբաղված չէ եւ համաձայն է ընդունել իր երեխային…
– Մայրեր կան՝ ասում են, թե` «ինչո՞ւ եք թույլ տվել, որ տուն զանգի. կբողոքեմ ձեր վրա՝ ես չեմ կարող պահել», իսկ երեխան մորն է ուզում, հարցնում է՝ ինչո՞ւ չի գալիս,- պատմում է Մ. Մինասյանը:
Տնօրենի խոսքով, կրթահամալիրից սաները երբեմն փախչում են, բայց միայն այն պատճառով, որ ծնողները երկար ժամանակ չեն երեւացել:
– Տուն չգնալը ամենասարսափելի պատիժն է նրանց համար: Աշխատում ենք չպատժել, որովհետեւ իրենց միակ ուրախությունն է, որ գնում են տուն: