Ախ, կանայք, կանայք…

10/03/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Սակայն նույնիսկ պրկվելու աստիճան նյարդայնանալու, պայթելու պատրաստ նյարդակծիկ դառնալու դեպքում, իր զայրույթն արտահայտելիս կանացիությունից չպիտի նահանջի, կնոջ բնույթին անհարիր պահվածքով չպիտի վիրավորի իր կանացի արժանապատվությունը: Սակայն մեր կյանքում երբեմն այնպիսի դաժան միջադեպեր են պատահում, որոնց հերոսները, ցավոք, կանայք են: Իսկ որ ավելի ցավալի է` դրանք երբեմն նաեւ քրեական երանգավորմամբ են ավարտվում:

2005-ին ՀՀ-ում կանանց կողմից կատարված հանցագործությունների մասնաբաժինն աճել է. 2004-ին` 9,9%, 2005-ին` 11,7%, իսկ ընդհանուր առմամբ, հանցագործություն կատարած կանանց թիվը 2004-ին կազմել է 409, 2005-ին` 437: Կանայք հիմնականում մեղադրվել եւ քրեական պատասխանատվության են ենթարկվել ՀՀ Քրօր.-ի 104 (սպանություն), 106 (մոր կողմից նորածին երեխայի սպանություն), 112 (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 177 (գողություն), 178 (խարդախություն), 258 (խուլիգանություն), 261 (պոռնկությամբ զբաղվելու ներգրավելը) հոդվածներով:

Փետրվարի 19-ին Ոստիկանության Արարատի բաժին քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ծնոտի մասում ստացած սալջարդով, անգիտակից վիճակում իրենց մոտ են տեղափոխել 1954-ին ծնված Համբարձում Նահապետյանին, որը գիտակցության չգալով նույն օրը մահացել է: Պարզվել է, որ Հ. Նահապետյանը մարմնական վնասվածքը ստացել է տանը` կնոջ հետ վիճաբանության ընթացքում:

Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչություն է հրավիրվել 1979-ին ծնված Արփենիկ Զիրոյանը: Վերջինս հայտնել է, որ ոմն Մարինե, խաբեությամբ, առեւտրով զբաղվելու պատրվակով, իրեն կանչել է Արաբական Միացյալ Էմիրություններ, սպառնալիքի տակ պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ եւ ստացված 20 հազար ԱՄՆ դոլարը յուրացրել: Պարզվել է, որ Մ.-ն հանդիսանում է 1967-ին ծնված Մարինե Պետրոսյանը, որն իր քրոջ` 1963-ին ծնված Անահիտի միջոցով, Երեւան քաղաքում հավաքագրել է կանանց` մարմնավաճառությամբ զբաղվելու համար եւ ուղարկել Դուբայ:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քննչական բաժանմունքում քննություն է կատարվում 1987-ին ծնված Լուսինե Սահակյանի նկատմամբ: Վերջինս տանը, վիճաբանության ժամանակ մի քանի անգամ կծել է ամուսնու` Նահապետ Նահապետյանի գլուխը եւ նստատեղը` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն Սեւանի քաղաքային հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի եւ մարմնի մասերում ստացված վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1949-ին ծնված Սաթենիկ Գրիգորյանը: Պարզվել է, որ նրան ծեծի է ենթարկել հարսը` 1967-ին ծնված Մարինե Սահակյանը:

Փետրվարի 24-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ պարանոցի մասում ստացած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1976-ին ծնված Արմեն Գալստյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նրան քնած ժամանակ սպանելու նպատակով` դանակով հարվածել է կինը` 1977-ին ծնված Իզաբելա Բադալյանը:

ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության եւ ՀՀ ԱԱԾ Հակահետախուզական գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու կասկածանքով, Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1964-ին ծնված Աննա Մանուկյանին: Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել եւ առգրավվել են պոլիէթիլենային փաթեթներ, որոնց մեջ եղել է հերոին տեսակի թմրանյութ: