Հանդիպման վայրը՝ Comedy club

10/03/2006 Արթուր ԹՈՐՈՍՅԱՆԻ

Comedy club-ը, կարելի է ասել, որ այսօր Մոսկվայի ամենապոպուլյար զվարճանքի վայրն է: Մոսկվայի կենտրոնում տեղակայված հայտնի «Ատրիում» առեւտրի կենտրոնի տարածքում շաբաթ օրերին գործում է KBN -ի «Նոր հայեր» թիմի Comedy club նախագիծը, ուր կեսգիշերից միչեւ լույս հավաքվում է Մոսկվայի առաջադեմ երիտասարդությունը, այդ թվում՝ գործարարներ, շոու բիզնեսի հանրահայտ դեմքեր, լրագրողներ, ռեժիսորներ, կինոդերասաններ, ինչպես՝ Սոսո Պավլիաշվիլի, Տիգրան Քեոսայան, Անդրեյ Պանին, Ալեքսանդր Ցեկալո, Աբրահամ Ռուսո, «Իվանուշկիներ», Կսենիա Սոբչակ, Գլյուկոզա, Սերգեյ Զվերեւ, «Սլիվկի», Ալեքսանդր Ստրիժենով… Comedy club-ում հումոր կա եւ երաժշտություն, ուր մոսկովյան առօրյա դեպքերն ու խնդիրները սուր ծաղրի են ենթարկվում, քննադատվում հումորի լեզվով… Չնայած այն բանին, որ մուտքի տոմսն արժե 50 դոլար, ասեղ գցելու տեղ չի լինում:

Comedy club-ի պրոդյուսորը Արթուր Ջանիբեկյանն է: Մենք զրուցեցինք Comedy club նախագծի ամենացայտուն դեմքերի՝ մոսկովյան հանդիսատեսին սիրելի Գարիկ Մարտիրոսյանի եւ Տաշի հետ:

Գարիկը, որը շատ հաճախ սցենարներն է գրում, իրենց Comedy club սուպերպոպուլյար նախագծի մասին խոսելիս ասաց, որ այն «stand up show» -ի ժանրից է, որը շատ պոպուլյար է Ամերիկայում ու Եվրոպայում: Տարբեր ոճի հումորիստներ ու կոմիկներ իրենց համարներով ու ծրագրերով տարբեր ակումբներ են հաճախում եւ ներկայացումներ տալիս: Շատ հաճախ այդ ելույթները էքսպրոմտ են, հանպատրաստից: Ի տարբերություն KBN-ի, որի մրցույթներին պատրաստվելը ամիսներ է տեւում, Comedy club-ում յուրաքանչյուր հումորիստ-դերասան կարող է բեմ դուրս գալ եւ երկու, հինգ կամ 15 րոպեների ընթացքում անել այն, ինչ ուզում է: Միայն թե արածը ծիծաղելի լինի: Կարող են պարզապես երգել, կատակել: «Այսպիսի հումորը ավելի մոտ է փողոցային հումորին, բայց ոչ թե այն պատճառով, որ մենք փողոցային ժարգոնով ենք խոսում, այլ մեր թեմաների շնորհիվ: Բեմում մենք ազատ ենք զգում եւ կարող ենք կատակել ցանկացած թեմայի շուրջ, օրինակ, թմրանյութերի»:

Տաշը պատմում է, որ Լոս Անջելեսում նման ձեւով աշխատող լավագույն «Comedy store» ակումբում լինելուց հետո վերադառնալով Մոսկվա՝ պատմել է ընկերներին. «Միասին որոշեցինք փորձել նման ակումբ բացել նաեւ Մոսկվայում»:

Comedy club-ի առաջին շոուն 2003թ. սեպտեմբերին եղավ: «Այդ օրը մեզ ընդամենը 7 մարդ այցելեց, հաջորդ օրն` արդեն 17: Եվ այսպես այցելուների թիվը երկրաչափական պրոգրեսիայի նման սկսեց աճել: Հիմա «Ատրիում» առեւտրի կենտրոնում, որտեղ մենք դահլիճ ենք վարձում ու ամեն շաբաթ օր շոու ներկայացնում, կարող է 1000-ից ավելի մարդ հավաքվել: Comedy club-ն արդեն Պետերբուրգում, Սարատովում եւ Իժեւսկում իր մասնաճյուղերն ունի: Շուտով Comedy club-եր կբացենք նաեւ Ռոստովում ու Կրասնոդարում: Այդ բոլոր քաղաքներն, իհարկե, Մոսկվայից փոքր են, սակայն Մոսկվայի տիպի քաղաքներ են»,- ասում է մոսկովյան երիտասարդության սիրելի Գարիկը:

Comedy club-ի հանդիսատեսը երիտասարդ է, ունի միջինից բարձր կայուն եկամուտ եւ եվրոպական հայացքներ: Comedy club գալիս են մեծ քաղաքների երիտասարդները, ում տարիքը 15-30 է, ովքեր բարձրագույն կրթություն ունեն եւ ովքեր, օրինակ, Եվգենի Պետրոսյանին չեն սիրում, այսինքն, չեն հասկանում նրա հումորը: Գարիկը նշում է, որ ի տարբերություն հին անեկդոտներ պատմող Պետրոսյանի փափուկ ու օսլայված հումորի, Comedy club-ում շատ են ծայրահեղությունները. «Մեր հումորն ավելի կտրուկ է, նույնիսկ` ագրեսիվ: Շատերին մեր ոճը դուր չի գալիս: Ռուսական շոու բիզնեսի մարդիկ հաճախ վիրավորվում, վեր են կենում ու հեռանում են դահլիճից: Այդպես վարվեցին, օրինակ, Տրախտենբերգը, Օլգա Կաբոն ու Կատյա Լելը: Մենք բոլորին դուր գալու խնդիր չունենք»: Այո, Comedy club-ում հումորը սուր է ու ագրեսիվ, լի մոսկովյան ժարգոնով ու առօրյա հայհոյանքներով:

Տաշն էլ, Գարիկն էլ այն կարծիքին են, որ Երեւանում նման ակումբի գոյությունը պարզապես անհնար է. «Հայաստանում մարդիկ հենց շոուի սկզբից դահլիճից դուրս կգան: Պատկերացրեք, եթե օրինակ, Հայաստանում բեմ դուրս գա դերասան Պավել Վոլյան եւ բոլորին ասի՝ «Բարեւ ձեզ, թսաններ…»… ի՞նչ կկատարվի… կկրակեն դերասանների վրա»:

Մոսկովյան THT հեռուստաալիքով ամեն շաբաթ Comedy club-ը ներկայացնում է իր հերթական շոուն, իհարկե, որոշ կրճատումներով: Շուտով Հ2 հեռուստաալիքով հայ հեռուստադիտողը կարող է դիտել Comedy club-ի ծրագրերը: Ինչպես դրանք կընկալի հայ հեռուստադիտողը՝ հայտնի չէ: «Մենք այնքան վաղուց ենք Մոսկվայում, որ նույնիսկ եթե ցանկանանք, չենք կարողանա մեր շոուն Հայաստանում անել: Հայկական շատ բաներ ուղղակի չգիտենք ու չենք հասկանում: Եվ հետո էլ Երեւանում շատ մարդիկ կան, ովքեր հետաքրքիր նախագծեր են անում, օրինակ, Հայկոն ու Մկոն: Այստեղ՝ Մոսկվայում, մենք ավելի շատ բան կարող ենք անել Հայաստանի PR-ի համար: Տասը տարի Մոսկվայում ապրելով, արդեն ինքնըստինքյան սկսում ես քեզ մոսկվացի զգալ: Մենք սիրում ենք Մոսկվան, բայց նույնիսկ Մոսկվայում ենք քիչ լինում, անընդհատ հյուրախաղերի ենք գնում` Ուկրաինա, Ղազախստան»,- ասում է Տաշը:

Գարիկն այլ կարծիքի է. «Իհարկե, մենք այստեղ մեզ շատ լավ ենք զգում, սակայն ես հաստատ գիտեմ, որ ինձ երբեք մոսկվացի չեմ համարի: Ես բնիկ երեւանցի եմ, Երեւանում են ծնվել եւ բավականին երկար` 25 տարի ապրել եմ: Մենք էլ ենք փոխվում, Երեւանն էլ, նոր սերունդներ են գալիս: Չգիտեմ, դա լա՞վ է, թե՞ վատ, սակայն նրանք արդեն այլ են եւ այլ կերպ էլ մտածում են: Երեւանն արդեն 100 տոկոսով մեր քաղաքը չէ, ինչպես տասը տարի առաջ էր: Շատ մարդկանց մենք չենք ճանաչում: Նոր օլիգարխներ կան, նոր դերասաններ, երգիչներ, ում մասին մենք ոչինչ չգիտենք: Ռուսաստանում մենք մեծ գործ ենք անում հայերի հեղինակությունը բարձրացնելու համար: Եթե հիշում եք, մինչ KBծ-ը հայերին ընկալում էին որպես սարերից իջած մի վայրի ժողովուրդ: Հիմա այդպես չէ: Կարծում եմ, ավելի լավ է` մեր հումորը ցուցադրեն մոսկովյան հեռուստադիտողին կամ հանդիսատեսին, մեզ մեր հումորով իմանան, քան կրիմինալ նորություններից»:

Մոսկովյան առաջադեմ երիտասարդության, գործարարների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների ամենասիրելի վայրն է Comedy club-ն, ուր նրանք զվարճանում են եւ հանգստանում մոսկովյան տրանսպորտային նյարդայնացնող խցանումներից, առօրյա դաժան վազքից ու օրվա մանր ու դաժան խնդիրներից: Comedy club նախագծի հեղինակներն իսկապես իրենց հումորի մեջ KBծ-ի ոճի տարբեր կատակներ անելով կովկասցիների մասին, նրբորեն բարձրացնում են հայերի հեղինակությունը: Օրինակ, «Հայերը Ռուսաստանում» թեմայով կատակում են, թե «Ռուս գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել են, որ հայերն ավելի շատ են, քան չինացիները, սակայն ջանասիրաբար թաքցնում են այդ փաստը` վախենալով, որ դրանից կարող է խուճապ սկսվել»:

«Այո, Ռուսաստանում տաղանդավոր հայերը շատ են՝ նկարիչներ, գործիքավորողներ, գործարարներ, ռեժիսորներ…»,- նկատում է Գարիկը:

Լուսանկարները` Արթուր ԹՈՐՈՍՅԱՆԻ
Օգտագործված է նաեւ Comedy club-ի կայքի լուսանկարներից
Մոսկվա-Երեւան