Այդպիսի մարդ է Արմինե Աբրահամյանը, բեմադրիչ, դերասանուհի, ով խաղի պատրանքը ոչ թե բեմում է ստեղծում, այլ՝ իր հեքիաթներում։ Արմինեն արդեն չորս գիրք ունի եւ շուտով իր հեքիաթի հիման վրա ստեղծված մուլտֆիլմ կունենա։ Մանկական դիմագծերն ու փափուկ խոսելաոճը Արմինեին չեն խանգարում հետեւողական ու սթափ գնահատել իր հորինվածքները։ Նրա հեքիաթներն իսկապես հորինվածքներ են, քանի որ այնտեղ ապրում, գործում ու երազում են բնության մեջ գոյություն չունեցող էակներն ու արարածները։ Այլ կերպ ասած, ֆանտաստիկ աշխարհ է կամ էլ ֆէնտազի ժանր, որտեղ բոլորովին այլ, ոչ մարդկային կանոններ եւ ոչ մարդանման կերպարներ են գործում, ստեղծվում, փշրվում ու երազում։
Այդ աշխարհում օդապարիկը բանաստեղծություններ է գրում, իսկ սուրճը տատիկ ունի, մարցեպանը ոգի ունի, իսկ շոկոլադիկը Մոխրոտի կոշիկ է փնտրում։ Կար ժամանակ, երբ Արմինեն փոքր էքսպերիմենտալ թատրոնում էր աշխատում եւ հեռուստատեսությամբ «Բլյում-բլյում» մանկական հաղորդաշար էր պատրաստում։ Իսկ այժմ նա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմկոմիտեի անդամ է, նաեւ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի մուլտիպլիկատորների բաժնում հեքիաթների դասընթացներ է վարում։ Արմինեն իրեն «կիսառեալիստ-կիսապոետ» է համարում եւ շարունակում է էքսպերիմենտները։
– Հեքիաթներ գրել պատահական եմ սկսել։ Սխալ կլինի, եթե ասեմ, որ միշտ երազել եմ հեքիաթ գրել։ Բայց հեքիաթ երեւույթը շատ եմ սիրել։ Անդերսեն, Քերոլ, Միլն, Քիպլինգ, Թոլկիեն միշտ կարդացել եմ։ Իմ բոլոր հեքիաթները հորինված երկրների մասին են։ Օրինակ, առաջին գիրքը Անկյումյուր երկրի բնակիչների մասին է, որտեղ եւ մարդիկ են ապրում, եւ տարբեր այլ արարածներ։ Երբեք տպագրվելու մասին չէի մտածում։ Չեմ էլ հիշում, ի՞նչ առիթով ինձ առաջարկեցին իմ գիրքը տպագրել։ Ես տարբեր հրատարակչություններ գնացի, ու պարզվեց, որ բոլորն էլ ուզում են տպագրել։ Իսկ մինչ գիրք տպագրելը, բավականին շատ հեքիաթներ մամուլում եմ տպագրել։
– Պետք է գնալ-ներկայանալ-առաջարկե՞լ, թե՞ հրատարակիչներն իրենք են գտնում հեղինակներին։
– Ոչ ոք հեղինակ չի փնտրում, Երեւանն այդ տեղը չէ։ Նույնիսկ մեր այս հանդիպումն է պատահական։ Կարծում եմ, եթե ուզում ես ինչ-որ բան անել, պետք է ինքդ անես։
– Գրախանութներն այսօր լի են ժամանակակից հայ հեքիաթագիրների գրքերով, սակայն երբ թերթում ես այդ գրքերը, հաճախ գնելու ցանկությունը կորչում է։ Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ այդ հեքիաթները միանգամից չեն գրավում մեր ուշադրությունը։
– Չեմ կարող ասել։ Քաղաքակիրթ աշխարհում գրողը մեկ այլ գրողի չի փնովում։ Փնովելը գրողի խնդիրը չպիտի լինի։ Եթե չես հավանում ուրիշի արածը, դու ինքդ ավելի լավ բան արա։ Քննադատելով մեկ բեւեռը, դու նոր բեւեռ չես ստեղծում։ Եթե ես չեմ հավանում այսօրվա հայ կինոն, պետք է գնամ իմ կինոն նկարեմ։
– Լավ մոտեցում է։ Քո ընտրած ժանրում մրցակիցներ ունե՞ս։
– Ես գրում եմ այն ժանրում, որը տարածված չէ Հայաստանում։ Այդ ժանրը՝ ֆէնտազին, հենց Թոլկիենն է ստեղծել իր «Մատանիների տիրակալը» գրքով, այսինքն, դա հորինված երկրի հորինված արարածների մասին է։ Մինչ Թոլկիենը ֆանտաստիկ արարածները միայն առասպելներում, լեգենդներում ու ժողովրդական հեքիաթներում էին հանդիպում։ Եվ նա այդ արարածներին, այդ միֆոլոգիան հեղինակային հեքիաթ բերեց։ Եվ մեկ գիրքը նոր ժանր ստեղծեց, որը 20-րդ դարի հեքիաթ դարձավ։
– Աստրիդ Լինդգրենի Կարլսոնն էլ է հորինված կերպար, որը, բացի համակրելի լինելուց, նաեւ շատ ազատատենչ ու կանոններին չենթարկվող է։ Կարծում եմ, եւ՛ Կարլսոնը, եւ՛ Երկարագուլպա Պեպին ավելի հասկանալի ու մոտ են երեխաներին, քան ասենք՝ տրոլներն ու հոբբիտները։
– Բայց առաջինը Թոլկիենն էր։ Հետո պետք չէ մոռանալ, որ ֆէնտազի ժանրը շատ յուրահատուկ է, ունի եւ իր սիրահարները, եւ չընդունողները։ Չեմ կարող ասել, որ Թոլկիենն իմ սիրելի գրողն է, բայց նա ֆենոմեն է։ Իսկ Լինդգրենն ավելի շուտ շարունակություն է, քան՝ գյուտ։ Հերոսների գոյության եւ նրանց հարաբերությունների, շփման նոր ձեւն արդեն կար Միլնի Վիննի Թուխում։ Դա հայտագործություն չէր։ Հայտնագործությունը Թոլկիենն է արել։
– Այդ ժանրը հիմա շատ մոդայիկ է։ Դու շփվո՞ւմ ես տարբեր երկրների ֆէնտազի հեղինակների հետ։
– Ես ուղարկել էի իմ հեքիաթները Բուլղարիայի ակադեմիա, որտեղից հրավեր ստացա ու «Հոգեբանադրաման առասպելում, հեքիաթում եւ երազում» սեմինարին մասնակցեցի։ Այնտեղ ես շատ գրողների, դերասանների ու ռեժիսորների հետ ծանոթացա։ Այդ բոլոր մարդիկ հեքիաթի ֆենոմենով էին տարված։ Դա շատ հետաքրքիր էր, երեւի, իմ կյանքի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկն էր։ Շատերի հետ կապ եմ պահպանում։ Հիմա կարող է Շոտլանդիա գնամ, ինձ հրավիրել են։
– Քո հեքիաթներն այլ լեզուներով թարգմանվա՞ծ են։
– Ես ինքս եմ մի քանի բանաստեղծություն անգլերեն թարգմանել, բայց դրանք միայն էլեկտրոնային կայքերում են։ Ես այդ ուղղությամբ ինտենսիվ չեմ աշխատում։ Այս կյանքում երկու բան եմ սիրում՝ գրել ու խաղալ։ Հիմա բեմում չեմ խաղում, բայց շատ եմ ուզում։ Հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի։
– Իսկ ինչպե՞ս քո հեքիաթը մուլտֆիլմ դարձավ։
– Ես մուլտի ու ֆիլմի սցենարներ էի գրել, որոնք «Հայֆիլմ» կինոստուդիա տարա։ Կինոստուդիան դեռ սեփականաշնորհված չէր, եւ սցենարական խորհուրդը՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյանի գլխավորությամբ, հավանեց իմ սցենարները։ Ստամբոլցյանը երաշխավորեց մուլտֆիլմի իմ սցենարը։ Բայց, միեւնույն է, մուլտֆիլմի ստեղծումը ես հրաշքի պես մի բան եմ համարում, քանի որ սեփականաշնորհումից հետո էլ այդ գործը կիսատ չմնաց, եւ մուլտը ստեղծվեց։ Այն իմ վերջին` «Սալեսների պատմությունները» գրքի մի հեքիաթի հիման վրա է արված։ Հերոսը Բոժոն է։ Ես դեռ հարյուրավոր պատմություններ ունեմ, որոնք կարող են ֆիլմեր եւ մուլտֆիլմեր դառնալ։ Իսկ «Բոժոն» իմ համակուրսեցի, ռեժիսոր Միքայել Վատինյանի հետ ենք արել։ Երաժշտությունն էլ Արթուր Մանուկյանն է գրել։
– Հայկական մուլտիպլիկացիան լավ ավանդույթներ ունի, սակայն կարծես թե մեր բոլոր մուլտերը ոչ թե երեխաների, այլ մեծահասակների համար են։
– Կան հեքիաթներ, որոնք կարող են եւ երեխաների համար լինել, եւ պոետիկ մուլտեր դառնալ։ Կանխագուշակել չի լինի։ Երբ ես «Բլյում-բլյում պատմություններն» էի անում, շատ ծնողներ ասում էին, որ դրանք երեխաների համար չեն, բայց շատ երեխաներ գիտեի, որոնք մեծ ուշադրությամբ, քարացած նայում էին։ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի մասին էլ էին ասում, որ երեխաների համար չէ։ Համոզված եմ, որ բոլորովին պարտադիր չէ, որպեսզի երեխան հեքիաթից ու մուլտից վերցնի այն, ինչը մեծահասակն է վերցնում։ Երեխան այլ բան է վերցնում, նա կարող է հնչյունից անգամ ինֆորմացիա ստանալ։ Մուլտը պարտադիր չէ հասկանալ, այն ենթագիտակցաբար էլ է ինֆորմացիա փոխանցում։ Մեծահասակները, մանավանդ` վատ մեծահասակները, միշտ մի թերություն ունեն, նրանք ամեն ինչ ուզում են հասկանալու մակարդակով ընկալել։ Ոչ ոք չի կարող դրանից խուսափել, դա շատ վատ բան է։ Իսկ երեխաներն ընկալում են ոչ թե հասկանալու սկզբունքով։ Հեքիաթը երաժշտության նման հնչունային ինֆորմացիա է փոխանցում, այդ պատճառով էլ լավ հեքիաթներում ոչ մի պատահական բառ ու հնչյուն չի լինում։ Այդպես են կառուցվել նաեւ առասպելները։ Եթե ուշադիր կարդանք «Սասնա ծռերը»` կտեսնենք, որ գրեթե բոլոր հերոսների անունները «Ս» տառով են սկսվում։ Յուրաքանչյուր արվեստի գործ շատ փոքր տարրից է սկսվում՝ հնչյունից, գույնից, եւ այդ փոքր տարրերն իրենց մեջ տիեզերական ինֆորմացիա ունեն:
– Բա ո՞ւր մնաց երազելու ցանկությունը։
– Դա արդեն հեքիաթի մյուս կողմն է։ Երազանքի պահը հեքիաթներում միշտ կա։ Հեքիաթներում մարդը գտնում է այն, ինչն իրականության մեջ չի գտնում։ Պատահական չէ, որ բոլոր լավ հեքիաթները պատերազմական տարիներին, պատերազմի նախաշեմին կամ պատերազմից հետո են գրվում։ «Մատանիների տիրակալն» Առաջին համաշխարային պատերազմից անմիջապես հետո է գրվել։ Իսկ «Վիննի Թուխը» համարվում է ամենահակապատերազմական գիրքը։ Ոչ մի հեղինակ դա հատուկ չի անում, ենթագիտակցաբար է ստացվում։ Շատերն, օրինակ, ասել են ինձ՝ այ քեզ բան, պատերազմական վիճակ է, իսկ դու հեքիաթներ ես գրում։ Պատերազմական տարիներին մարդը հակառակ բեւեռն է ուզում ստեղծել։ Եվ հեքիաթն այդ բեւեռն է դառնում։ Ես նկատել եմ, որ հեքիաթներ գրելուց հետո, նույնիսկ իմ աշխարհայացքը, իմ մտածողությունն է փոխվել։
– Երեւի ուզում ես մանկական անմիջականությունը սրտում պահպանել։
– Ավելի ճիշտ կլինի ասել, որ ուզում եմ զարգանալ, շատ կարդալ ու ավելի լավ ինքս ինձ ճանաչել։ Համոզված եմ, որ ստեղծագործությունն ինքն է սկսում ազդել մարդու վրա։