Լյուկ Բեսոնը գտավ իր հրեշտակին

10/03/2006

«Լեոն», «Հինգերորդ էլեմենտը», «Ժաննա դ’Արկ» հայտնի ֆիլմերի ռեժիսոր ֆրանսիացի Լյուկ Բեսոնը ներկայացնում է իր նոր` «Ա-հրեշտակը» ֆիլմը: Սա Բեսոնի` երկարատեւ ընդմիջումից հետո նկարահանած առաջին ֆիլմն է, որը հեղինակը «լիովին հեղինակային» է համարում: Վերջին տարիներին Բեսոնը զբաղվել է միայն պրոդյուսերական գործունեությամբ: «Ա-հրեշտակը» սեւ- սպիտակ ֆիլմ է, երկար ձգվող երկխոսություններով ու առանց հատուկ էֆեկտների: Ֆիլմի հերոսը մարոկկացի մի երիտասարդ է, ով իր սեփական պահապան հրեշտակն է ձեռք բերում: Ռեժիսորն այդ ֆիլմն «ազատագրում» է համարում: «Թող բոլորը տեսնեն, որ եթե ես` հսկա կինոստուդիայի ղեկավար լինելով եւ հնարավորություն ունենալով մեծ գումարներով ֆիլմ նկարահանել, կարող եմ նման պարզ ֆիլմ ստեղծել, ուրեմն բոլորը կարող են: Բոլորն էլ ազատ են»,- ասել է նա իր հարցազրույցներում: Զբաղվելով հիմնականում հոլիվուդյան ֆիլմերի արտադրությամբ` Բեսոնը նկատել է, որ հանդիսատեսը հաճախ ընտրության հնարավորություն չի ունենում եւ կորցնում է լավ կինոյի համը. «Վերջին տասը տարիների ընթացքում հանդիսատեսը ծուլացել է, սովորել է, որ Հոլիվուդը իր սնունդն արդեն ծամած է առաջարկում իրեն»: