Այս հարցերին միանշանակ չի կարելի պատասխանել, քանզի փողկապի հայաստանյան շուկան բավական խճճված է: Պայմանականորեն տարանջատենք 3 վայրեր, որտեղից հնարավոր է փողկապ գնել` «Ֆիրդուսի շուկա» կամ այլ բացօթյա վաճառասեղաններ, փոքրիշատե քաղաքակիրթ տոնավաճառներ եւ ֆիրմային խանութներ: «Ֆիրդուսնոցի» 1500-2000 դրամանոց փողկապներն «անորոշ ծագման» են. վաճառողները խուսափում են ասել, թե դրանք որտեղից են բերվում: Միգուցե որեւէ նկուղո՞ւմ են պատրաստվում: Սա նույնպես հնարավոր է: Այս փողկապների գնորդները հիմնականում ուսանողներն են, ովքեր հազվադեպ են դրանց պահանջը զգում:
Արվեստագետի ընտանիքում մեծացած Ռուզան Գյուլամիրյանը 10 տարի է, ինչ փողկապներ է վաճառում «Հրազդան» տոնավաճառում: Թեեւ մանկության տարիներին նրա տանը տղամարդ չի եղել, եւ ոչ ոք նրան չի սովորեցրել փողկապի «արվեստը», այնուամենայնիվ, տիկին Ռուզանը «զգում» է այն, ինչպես նկարը կամ երաժշտությունն են զգում: «Տղամարդը պետք է փողկապ կրի, եւ նրա վրայից պետք է ֆրանսիական օծանելիքի հոտ գա»,- այս կարծիքին է փողկապով «ապրող» Ռուզանը: Նա վաճառում է 4000-5000 դրամանոց փողկապներ եւ համոզված է, որ իսկական փողկապն այդքան պետք է արժենա: «Երբ ինձանից երբեմն պահանջում են 50 դոլարանոց փողկապ, ես բացատրում եմ, որ դա ճիշտ չէ: Բացի այդ, տղամարդն ամսական պետք է գոնե 2 նոր փողկապ ունենա: Նույն փողկապը 3 օր անընդհատ կապելը սխալ է, հատկապես, երբ մարդն ամեն օր պարտավորված է այն կրում: Փողկապի համար 5000 դրամից ավելի տվողը հարստացնում է վաճառողին. չէ՞ որ նույնիսկ ամենաթանկարժեք կտորի դեպքում այդ 20 սմ-անոց պարագան այդքան չարժե»,- վստահեցնում է Ռուզանը: Նրա խոսքերով, այսօր աշխարհի լավագույն փողկապներն արտադրվում են Պեկինում, որը կատարում է տարբեր երկրների պատվերներ: Դրա պատճառը Չինաստանի էժան աշխատուժն է: Տիկին Ռուզանը գտնում է, որ բոլոր այն փողկապները, որոնց ետեւի կտորի վրա գրված է ֆիրմայի անունը, ըստ էության, նույն փողկապներն են, եւ գնային տարբերությունները պայմանավորված չեն դրանց որակով: Դեռ ավելին, նա կարծում է, որ շատ խանութներ ներմուծում են հին մոդելի փողկապները, որոնք արտասահմանում «կոպեկներ» արժեն, եւ Հայաստանում վաճառում են շատ բարձր գներով:
«Շատ երեւանցիների ճաշակը ես եմ թելադրում: Որոշ պաշտոնյաներ, որոնց աշխատասենյակ մտնելու դեպքում ես կխոնարհվեմ, այստեղ իրենք են ինձ ենթարկվում»,- վստահեցնում է տիկին Ռուզանը: Նա շատ լավ է զգում, երբ իրեն վստահում են, իսկ հակառակ դեպքում նյարդայնանում է, փորձում է ամեն գնով հաճախորդին համոզել, որ նա «սխալ» փողկապ է ընտրում: Կապելու ձեւն էլ է ինքը հորինել, որն, իր խոսքերով, հաճախորդներին դուր է գալիս: Իսկ Ռուզանին ճաշակ է թելադրում հեռուստատեսությունը: «Ամեն երեկո ես հատուկ հետեւում եմ աշխարհի հագուկապին, անպայման դիտում եմ ռուսական հեռուստաալիքները եւ «CNN»-ը»,- ասում է նա: Ռուզանի խոսքերով` այժմ գծերով փողկապներն այդքան էլ մոդայիկ չեն, գերիշխում են քառակուսիներով ու մանր կետերով մոդելները: Ընդ որում, եթե կոստյումը մուգ գույնի է, վերնաշապիկը պետք է լինի բաց գույնի, իսկ փողկապի գույնը պետք է մոտ լինի կոստյումինին: Գծավոր վերնաշապիկի համար գծավոր փողկապն ընդունելի չէ: Ռուզանը հաճախորդների հետ շփվելիս հաշվի է առնում նրանց տարիքն ու մասնագիտությունը: «Ես գրեթե բոլորին ճանաչում եմ: Երբեք նույն փողկապից 2 պատգամավորի կամ 2 բժշկի չեմ վաճառի, որքան էլ նրանք պնդեն»,- հպարտությամբ նշում է վաճառողուհին: Ի դեպ, նա փողկապներ է նվիրում առանձին դասի անձանց` երեխաներին, մտավորականներին, երգիչներին, լրագրողներին, իսկ նորապսակներին ցածր գնով է վաճառում:
«Բյուրոկրատ» խանութում զրույցը սկսեցին փողկապի պատմությունից: Լյուդովիկոս XIV արքային շատ են հետաքրքրել խորվաթական զինվորների վզկապները, եւ նա որոշել է այն դարձնել հագուստի պարագա: «Փողկապ» (cravate) բառը գերմաներեն «խորվաթ» բառից է (croate) ծագում: Իհարկե, սկզբում փողկապներն ունեցել են 2 հանգույց, 1,5 մ երկարություն: Դարերի ընթացքում դրանք դարձել են ժամանակակից փողկապների նման:
«Բյուրոկրատի» փողկապներն արժեն 40-44,5 հազար դրամ: Խորհրդատու Էժենի Կալդրիկյանի խոսքերով, ֆրանսիական ֆիրմային այս փողկապների գաղտնիքը դրանց որակն է` բարձրորակ մետաքս, երկշերտ կամ եռաշերտ կտորներով: Վերջինիս շնորհիվ այդ փողկապները չեն «կոտրվում» եւ ուշ են ճմրթվում: Դրանք ստանդարտ տեխնոլոգիաներով են պատրաստվում, բայց կան նաեւ ձեռքի աշխատանքներ, որոնք էլ ավելի թանկ արժեն: Էժենիի խոսքերով, լավ փողկապը տղամարդու պահարանում մշտապես տեղ ունի: Փողկապի իսկական սիրահարները երբեք չեն մտածում, որ կարելի է դա ընդամենը 2-3 անգամ կապել: Էժենին հավաստիացնում է, որ հետզհետե ավելանում է փողկապ գնող երիտասարդների թիվը, ընդ որում, հայերը սկսել են վառ գույներով եւ նկարներով փողկապներից չխուսափել:
«Բյուրոկրատ» խանութի առեւտրի մենեջեր Սարգիս Մալխասյանը, որին փողկապների հարցում իր կատարյալ բանիմացության համար աշխատակիցները «ֆոկուսնիկ» են անվանում, ասում է, որ փողկապ բերելուց հաշվի են առնվում հայերի ճաշակն ու համաշխարհային նորաձեւությունը: Վերջինս թելադրում են նորաձեւության տները եւ նույնիսկ հեղինակավոր մրցանակաբաշխություններն ու արտասահմանյան հեռուստաալիքների հաղորդավարները: Ի դեպ, Սարգիսը դժգոհում է հայաստանյան հաղորդավարների փողկապների ոճից` ասելով, որ հայերը գերադասում են լայն հանգույցները` հաշվի չառնելով վերնաշապիկի օձիքի չափը: Կարճ օձիքի հետ լայն հանգույցով փողկապ չի կարելի կապել: Սարգիսը բացեց փողկապի եւս մի քանի գաղտնիքներ: Մասնավորապես, փողկապի երկարությունը պետք է հասնի տաբատի գոտիի կա՛մ վերին, կա՛մ ներքին եզրին: Փողկապի ամենաճիշտ ձեւը միջին հանգույցովն է, որի ստորին հատվածի լայնությունը 9 սմ է: Հայերը գերադասում են միջին եւ լայն հանգույցներով փողկապները: Նորմալ փողկապի ծայրից եթե քաշում ես, այն պետք է շատ չընդարձակվի:
Մենեջերի խոսքերով, այսօր Հայաստանում շատ կան չինական եւ թուրքական կեղծարարություններ, բայց որակյալ փողկապը միշտ կարելի է տարբերել: Ֆիրմային խանութներում այսօր վաճառվում են մինչեւ 300 դոլար արժողության փողկապներ: Օրինակ, «Բյուրոկրատը» բերում է «Loris Azzaro», «Elios», «Kenzo», «Ray Club», «SCHERRER» ֆիրմաների արտադրանքը, այլ խանութներ` նաեւ «Ermenegildo Zegna», «Stefano Ricci» եւ այլն: Սրանք, իհարկե, «բյուրոկրատների» համար են:
Ո՞ւմ եք համարում ճաշակով եւ «իսկական» փողկապ կրող: Այս հարցին «ֆոկուսնիկը» պատասխանեց` Պուտինին: Իսկ հայ քաղաքական գործիչներից նա ընդգծեց Սերժ Սարգսյանի փողկապների յուրօրինակ ոճը:
Իսկ «Էդելվեյս» խանութը ներմուծում է «Lanvin» եւ «Zili» ֆիրմաների փողկապները: Առաջիններն արժեն 110 դոլար, իսկ երկրորդները` 170: Խանութի տնօրեն Յուրի Կարապետյանի հավաստմամբ` նրանց փողկապները հիմնականում գծային եւ մոնոտոն են: «Ինքս չեմ ձգտում «ռիսկային» փողկապներ ներմուծել»,- ասում է Կարապետյանը: Փողկապներ ընտրելիս տնօրենը վստահում է վերոնշյալ ֆիրմաների ճաշակին` իհարկե, հաշվի առնելով տեղական պահանջարկը: Կարապետյանը նույնպես նկատեց փողկապների հարցում ՌԴ նախագահի առանձնահատուկ ճաշակը:
Բայց միշտ չէ, որ պետք է առաջնորդվել ռուս գործիչների ճաշակով: Հիշեցի Անատոլի Չուբայսի հանդիպումը ԵՊՀ-ի ուսանողների հետ: Երբ վերջիններիցս մեկը նրան խնդրեց փոխանակել փողկապները, առիթ ունեցանք մոտիկից ծանոթանալ էներգետիկ մագնատի վառ գազարագույն փողկապին. անկեղծ ասած, չկարողացա այն տարբերել «Ֆիրդուսնոցի» փողկապներից:
Ի՞նչ փողկապներ են կապում հայ քաղաքական գործիչներն ու գործարարները: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը կրում է գեղեցիկ եւ միայն թանկարժեք փողկապներ: «Ֆիրմայի անունը չեմ նշում, որովհետեւ չեմ ուզում գովազդել»,- ասում է Ա. Հարությունյանը: Փողկապ ընտրելիս նա որեւէ մեկի հետ չի խորհրդակցում, գնելուց հետո միայն հարցնում է ուրիշների կարծիքը: ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հանրությանը բացառապես փողկապով ներկայացող քաղաքական գործիչներից է: Նրա կարծիքով, կարեւորը ոչ թե փողկապի ֆիրման է, այլ` որակը: Որպես ճաշակով փողկապ կրողներ` Մ. Մինասյանը նշեց «ծՁԹ»-ի հաղորդավար Եվգենի Կիսելյովի, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի եւ, իհարկե, Պուտինի անունները: Իսկ «Մաքս Կոնցեռնի» նախագահ Խաչիկ Մանուկյանը հաճախակի փողկապ չի կրում, որովհետեւ առանց դրա իրեն ավելի ազատ է զգում: Բացի այդ, նա գտնում է, որ միշտ չէ, որ փողկապն ինտելեկտի նշան է: Խ. Մանուկյանը փողկապ ընտրելիս հաշվի է առնում իր կնոջ ճաշակը: Փողկապի գնին նա նույնպես առաջնահերթություն չի տալիս: Գեղեցիկ փողկապների ոճով աչքի են ընկնում նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հազվադեպ է փողկապ կապում նաեւ Գագիկ Ծառուկյանը, իսկ այդ «հազվադեպ» փողկապները տարբերվում են կապելու առանձնահատուկ ոճով: