Լուի Շեւրոլե

10/03/2006

Լուի Շեւրոլեն ծնվել է 1878թ. Շվեյցարիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շո դը Ֆոն փոքրիկ քաղաքում, ժամացույց սարքողի ընտանիքում: Այս վերջին հանգամանքն անկասկած բավականին մեծ ազդեցություն է թողել նրա վրա. դեռ մանկուց Լուին սիրում էր զբաղվել տեխնիկայով, հեծանիվներ էր քանդում ու հավաքում, դրանցով մրցումների մասնակցում:

Շեւրոլեն կրթություն է ստացել Ֆրանսիայում: Նրա առաջին ծանոթությունը մեքենաների հետ տեղի է ունեցել հենց Ֆրանսիայում` «Մորս» ֆիրմայում: 1901թ. Շեւրոլեն տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ հրապուրվում է ավտոմոբիլային մրցարշավով եւ շուտով դառնում բավականին հայտնի մրցարշավորդ: 5 տարի անց՝ իր առաջին ավտոմրցումների ժամանակ, Լուին հաղթում է այն ժամանակվա ամերիկյան մեծագույն մրցարշավորդ Բարնի Օլդֆիլդին:

1911-ին Լուի Շեւրոլեն ՈՒ.Դյուրանտեի ակտիվ ֆինանսական աջակցությամբ սեփական նախագծով ստեղծում է իր առաջին ավտոմեքենան, որը կոչվում է նրա անունով: Այդ օրից ի վեր Շեւրոլե անունը հավետ մտավ ավտոմոբիլի պատմության մեջ: 1911-ին ստեղծված Chevrolet Classic Six-ից հետո 1914-ին սկսվում են արտադրվել ավելի թեթեւ ու ավելի էժան մեքենաներ` Light Six-ը եւ Royal Mail-ը: Հենց այս մեքենաներն էլ մեծ ճանաչում բերեցին «Շեւրոլե»-ին եւ համոզեցին Դյուրանտին` ուշադրությունը կենտրոնացնել հենց այս տիպի էժան ու թեթեւ մեքենաների լայնածավալ արտադրության վրա: Նոր մոդելը` «490»-ը, հայտնվեց 1915թ.: Այն արժեր ընդամենը 490 դոլար` հանրահայտ «Ford-T»-ից մի քիչ թանկ: Առաջին իսկ տարում վաճառվեց 13,6 հազար մեքենա, իսկ արդեն 1920-ին դրանց թիվը հասավ 150,2 հազարի: Ռեկորդային էր այս առումով 1940թ.` միլիոն վաճառված ավտոմեքենա:

1920 եւ 1921թթ. Շեւրոլեն իր անունը կրող մեքենայով հաղթանակ է տանում 500-մղոն երկարությամբ ավտոմրցարշավներում:

Ինչ վերաբերում է Լուի Շեւրոլեին, ապա նրան այնքան էլ չէր հրապուրում ավտոմոբիլային բիզնեսմենի դերը, եւ մի քանի տարի անց նա զիջեց Chevrolet ապրանքանիշի իր իրավունքներն ՈՒ.Դյուրանտին, որն էլ իր հերթին 1916-ին Chevrolet Motor Company-ն միավորեց «Ջեներալ Մոթորս»-ի հետ:

Շեւրոլեն ստեղծում էր ոչ միայն սպորտային, այլեւ ուրիշ ավտոմեքենաներ: Նա ինքը հրապուրվում էր մոտորանավակներով: 1936թ.-ին Շեւրոլեն աշխատանքի է անցնում «Ջեներալ Մոթորս» կոնցեռնի «Շեւրոլե» մասնաճյուղում, որտեղ էլ ավարտում է իր օրերը իբրեւ սովորական ծառայող: Լուի Շեւրոլեն մահացել է 1941թ.: