«Վաշինգտոնն արդեն մշակել է Իրանի գրավման մի քանի տարբերակ. դա ԻԻՀ օդային տարածքի խախտումն է ԱՄՆ ՌՕՈՒ առանց օդաչու թռչող հետախույզ օդանավերի միջոցով, ինչպես նաեւ ԿՀՎ կազմակերպած պայթյունների շարքը Թեհրանում` տարբեր մահմեդական կազմակերպությունների միջոցով»,- հայտարարել է ՄԱԿ-ի տեսչության նախկին ղեկավար, ամերիկացի վերլուծաբան Սկոտ Ռիտտերը` հավելելով, թե ԱՄՆ-ը քննարկում է Իրանի վրա հարձակվելու նաեւ այլ տարբերակներ: «Հյուսիսում, հարեւան Ադրբեջանում ԱՄՆ զինվորականները պատրաստում են լայնամասշտաբ ռազմական ներկայության համար անհրաժեշտ բազա, Թեհրանի գրավման նպատակով»,- ասել է Ռիտտերը: Նա նաեւ հայտարարել է, թե ամերիկացիները Ադրբեջանին սովորեցնում են ստեղծել արագ արձագանքման ուժեր, որոնք Իրանի ներսում հակադրության համար սադրանքներ կկազմակերպեն: Սկոտ Ռիտտերի խոսքով, ամերիկյան ռազմական ավիացիան կտեղակայվի Ադրբեջանում եւ ռազմական թռիչքներ կիրականացնի Թեհրանը ռմբակոծելու համար: