Փետրվարի 14-ին Երեւանում տեղի ունեցավ «Ջավախքը 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ» խորագրով խորհրդաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում իշխող կոալիցիայի մաս կազմող Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Այդ խորհրդաժողովի ընթացքում դարձյալ բարձրաձայնվեց Ջավախքին ինքնավարություն տալու անհրաժեշտության մասին:
Ավելին` «Նիկոլ Աղբալյան» միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Վրաստանի կազմում ջավախքցիների ինքնավարության օրինական պահանջը ջավախքցիների անքակտելի իրավունքն է եւ որ այդ պահանջը նրանց ազատ ապրելու, սեփական լեզվով եւ մշակույթով զարգանալու երաշխիքներ է ապահովում: Հետաքրքիր է, որ մարտի 3-ին էլ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե պետք է ջավախքցիներին ՀՀ քաղաքացիություն շնորհել: «Մենք կոչ ենք անում, որ Արտգործնախարարությունը, եթե նույնիսկ այսօր խոչընդոտներ ունի, ապա վեր կանգնի իրավաբանական պահից, եւ հնարավորություն տրվի բոլոր ջավախքցիներին շուտափույթ կարգով, բոլոր նրանց, ովքեր կդիմեն, շնորհել Հայաստանի քաղաքացիություն»,- ասել էր Հայրիկյանը: Ինչո՞ւ են ակտիվացել նման խոսակցությունները: Ի՞նչ նպատակի են դրանք ծառայում եւ արդյո՞ք որեւէ օգուտ կտան ջավախահայությանը: «Վերջին իրադարձությունները մեզ էլ են անհանգստացնում: Վերջին ժամանակներում եւ՛ մամուլում, եւ՛ տարբեր առիթներով ինչ-որ հասարակական, քաղաքական կազմակերպություններ, անհատներ` առանց խորանալու, մակերեսային իրենց մոտեցմամբ, կամա թե ակամա, իրենց այս սիրողական քայլերով խեղաթյուրում են Ջավախքի խնդիրները, եւ արդյունքում անվստահության մթնոլորտ են մտցնում հայ-վրացական միջպետական հարաբերություններում, ինչի արդյունքում էլ տուժում է ջավախահայությունը»,- երեկ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ջավաքի հայության խնդիրները թեթեւացնելն իրենց առաջնահերթ նպատակ հռչակած «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: Այդ հայտարարություններն, ըստ նրա, չի բացառվում, որ ունեն քաղաքական դրդապատճառներ, սակայն պարոն Վարդապետյանը հիշեցնում է, որ Ջավախքի հետ կապված տարբեր դրամաշնորհներ են տրվում, որոնցից մեկն էլ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Ջավախքին հատկացվելիք ավելի քան 100 միլիոն դոլարն է: Վ. Վարդապետյանի խոսքերով` չի բացառվում, որ հիմա այդ ֆինանսներից օգտվելու նպատակով, տարբեր ուժեր փորձում են ջավախքյան դաշտում ինչ-որ հայտարարություններ, ինչ-որ քայլեր անել, որոնք վտանգում են Ջավախքի խնդիրները, թշնամական հարաբերություններ են սերմանում հայ-վրացական հարաբերություններում, եւ արդյունքում տուժում է ջավախահայությունը: «Հզոր Հայրենիքը», ըստ նրա ղեկավար Վ. Վարդապետյանի, միշտ դեմ է եղել նման ծայրահեղական մոտեցումներին, ինչն ի վերջո վնասում է ջավախահայությանը: Ի վերջո, մենք ի՞նչ խնդիր ունենք: Իր առաջադրած այս հարցին Վ. Վարդապետյանն ինքն էլ պատասխանում է. «Մենք խնդիրը ձեւակերպում ենք հետեւյալ կերպ. ստեղծել նորմալ պայմաններ, որպեսզի ջավախահայությունն իր հողի վրա կարողանա ապրել, իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի եւ կարողանա որպես 21-րդ դարի մարդ ապրել այդ հողի վրա»: «Ո՞վ չի այսօր ուզում ինքնավարություն, կամ, ասենք, անկախություն: Մենք ասում ենք` ո՞րն է դրա գինը, որքանո՞վ է դա իրատեսական, այդ կոչերին ի՞նչ է հետեւելու, եւ այդքանից հետո ինչպե՞ս է իրեն զգալու Ջավախքը»,- հարցնում է «Հզոր Հայրենիքի» ղեկավարը` հավելելով, թե նման հայտարարությունների արդյունքում է, որ Վրաստանի ամբողջ հետախուզական վարչությունը` դրա կենտրոնը, տեղափոխեցին Ջավախք, որ Ջավախք հատուկ խմբեր բերվեցին եւ այլն: Պարոն Վարդապետյանն ընդգծում է, որ այս ամենի արդյունքում անվստահության մթնոլորտ է սերմանվում, եւ այն ծրագրերը, որոնք պետք է «հայ-վրացական միջկառավարման շրջանակներում» համատեղ իրականացվեին, այդ անվստահության մթնոլորտում չեն իրականանում: «Այսինքն` այն սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական խնդիրները, որոնք պետք է լուծել, որպեսզի Ջավախքն իր հողի վրա կարողանա լիարժեք ապրել, այդ ծայրահեղ հայտարարությունների պատճառով վտանգվում են»,- համոզված է մեր զրուցակիցը, ով նաեւ նշում է, որ մենք այսօր «Ջավախքը վերցնելու խնդիր չունենք»: Վ. Վարդապետյանի խոսքերով` բազմաթիվ ծրագրեր, որոնք այս տարիների ընթացքում թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի կողմից նախատեսվել են իրականացնել, մնացել են թղթի վրա: Ըստ մեր զրուցակցի, եթե այդ ծրագրերն իրագործվեն, այլ խնդիր չի կարող լինել: «Հզոր Հայրենիքի» ղեկավարը հասարակական, քաղաքական կազմակերպություններին, անհատներին կոչ է անում զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից, զերծ մնալ ծայրահեղ մոտեցումներից, որոնք, ըստ նրա, վտանգում են Ջավախքում ապրող մեր հայրենակիցներին: «Իսկ երբ այդ խնդիրները չեն լուծվում, բնական է` ամեն ինչ էլ կարելի է շահարկել, այլ պետություններ էլ են դրանից օգտվում ու շահարկում»,- նկատում է Վ. Վարդապետյանը: Վերջինիս փոխանցմամբ` քաղաքական տարբեր ուժերի կողմից վերը նշված հայտարարությունները կարելի է բացատրել նաեւ նրանով, որ այս տարին Հայաստանում նախընտրական տարի է, եւ տարբեր քաղաքական ուժեր փորձում են «Ջավախքի գործոնի վրա խաղալ»: Մեր զրուցակիցը դա նորմալ է համարում, սակայն շեշտում է, որ դա պետք է ելնի ջավախահայության շահերից: «Բայց որո՞նք են ջավախահայերի շահերը: Պատկերացնո՞ւմ են այդ հայտարարություններն անողները»,- հարցնում է Վ. Վարդապետյանը: Վերջինիս փոխանցմամբ` իր ղեկավարած կուսակցությունն ու «Ջավախք» հայրենակցական միությունը սկսել են Ջավախքի խնդիրներին նվիրված քննարկումների շարք ու փորձում են ներկայացնել, թե որո՞նք են Ջավախքի հիմնախնդիրները եւ ինչպե՞ս պետք է լուծել դրանք` կոնկրետ առաջարկություններով: Արդեն կայացել է Ջավախքի կրթական խնդիրներին նվիրված քննարկումը: Մյուս ոլորտների խնդիրներին վերաբերող քննարկումները տեղի կունենան առաջիկայում: «Կոչ եմ անում մամուլին` օգնել մեզ, որպեսզի պատշաճ լուսաբանվի Ջավախքի հիմնախնդիրներին նվիրված քննարկումների շարքը, որ մենք կարողանանք այդ առաջարկությունները հստակ ներկայացնել թե՛ հանրությանը, թե՛ իշխանություններին: Մենք կոնկրետ ենք խոսելու, թե ասենք դպրոցը պահպանելու համար ինչ պետք է արվի»,- նշում է մեր զրուցակիցը: Ինչեւէ, վերադառնալով վերոնշյալ հայտարարություններին` Վ. Վարդապետյանը կարծիք հայտնեց, թե այստեղ արված ամեն մի սուր հայտարարությունից հետո ջավախահայերի վիճակն ավելի է ծանրանում: «Հիմա փոխանակ օգնելուն, եկեք չխանգարենք: Եկեք ամեն մեկս փորձենք Ջավախքում մի դպրոց վերանորոգել, մի ճանապարհ կառուցել, մի հիվանդանոց վերանորոգել…: Եկեք հարց լուծենք, կոնկրետ խնդիր լուծենք»,- առաջարկում է «Հզոր Հայրենիքի» ղեկավարը: