«Դաշինք» կուսակցության լրատվականն, ի պատասխան մեր թերթի նախորդ համարի հրապարակման, թե Բուսաբանական այգում հյուրանոցային համալիր կառուցողը Սամվել Բաբայանի թիկնազորի պետն է` Արայիկ անունով, երեկ գրություն է ուղարկել խմբագրություն, ուր մասնավորապես ասվում է. «Սամվել Բաբայանը բազմիցս (այդ թվում «168 Ժամ» թերթի միջոցով) նշել է, որ կարիք չունի թիկնազորի` հետեւաբար չի կարող ունենալ նաեւ թիկնազորի պետ»: Նախ` Ս. Բաբայանը երբեք «168 Ժամ»-ում որեւէ խոսք չի ասել, ուստի չէր կարող նաեւ «բազմիցս» նշել, որ ինքը թիկնազորի կարիք չունի: Այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Ս. Բաբայանը միշտ ավտոշարասյունով շրջում քաղաքում: Իսկ ավելի կոնկրետ` եթե Ս. Բաբայանը երբեք թիկնապահների կարիք չի ունեցել, ինչո՞ւ էր նա Հայաստան տեղափոխվելուց հետո հոկտեմբերի 27-ին Եռաբլուր գնացել մեկ տասնյակից ավելի թիկնապահներով, որոնք ամեն ջանք թափեցին, որպեսզի Ս. Բաբայանին որեւէ լրագրող չմոտենա: Ինչ վերաբերում է Բուսաբանական այգում հյուրանոցային համալիր կառուցող իր թիկնազորի պետին, ապա «Դաշինքին» առաջարկում ենք պարզել, թե ինչո՞ւ է «Արայիկը» ամենուր հայտարարում, թե ինքը Ս. Բաբայանի թիկնազորի պետն է: Ավելին` հենց նա է նաեւ մի շարք անդամներով համալրել «Դաշինքը»: