Հրաչյա Գալստյանը, Աղասի Ենոքյանը, Վահագն Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Պետրոս Մաքեյանը եւ Դավիթ Շահնազարյանը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ.-ից գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանումը:
1998թ. Լեռնային Ղարաբաղի հարցը շահարկելու միջոցով իշխանությունը զավթած Ռոբերտ Քոչարյանը շարունակում է առաջնորդվել հակամարտության խաղաղ կարգավորման վիժեցմամբ` հանուն սեփական իշխանության երկարակեցության, կասեցնելով Հայաստանի բնականոն զարգացումը: Վերջին ութ տարիներին իրականացվող քաղաքականության արդյունքում Հայաստանն անկում է ապրել քաղաքական եւ տնտեսական ոլորտներում. ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, մամուլի ազատության բնագավառում եղած ձեռքբերումների հիմնահատակ ոչնչացումը, շուկայական հարաբերությունների փոխարեն օլիգարխիկ տնտեսության եւ քվազիֆեոդալական հարաբերությունների հաստատումը, տարածաշրջանային խոշոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակության նախագծերից դուրս մղումը, արտագաղթի աննախադեպ ծավալները փոշիացնում են Հայաստանի պետականության կարեւորագույն բաղադրիչները` ուղղակիորեն սպառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը»:
Նրանք դատապարտում են «Հայաստանի ներկայիս իշխանությունների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորելու քաղաքականությունը` համոզված լինելով, որ փոխզիջումների հիման վրա արժանապատիվ խաղաղություն հաստատելու ներկայումս ստեղծված հնարավորությունից հրաժարումը հղի է նոր եւ անշրջելի հետեւանքներով Հայաստանի եւ Արցախի համար»: