Ո՞վ է սպանել «բանկիրին»

08/03/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ էին բարձրացնել ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլու իմփիչմենթի հարցը: Բայց վերջին պահին մտափոխվեցին: Խորհրդարանական ուժերի ներկայիս դասավորության պայմաններում դա անհեռանկար գործ է. մեծամասնությունը թույլ չի տա, որ նախագահի հենարաններից մեկին «նեղացնեն»: ՆԳՆ ղեկավարի հետ պայքարը նրանք մտադիր են այլ կերպ շարունակել: Թե ինչպես, դեռ չեն ասում:

Ընդդիմադիրներին նյարդայնացրել է խորհրդարանում նախարարի ելույթը, որտեղ նրան հրավիրել էին հենց ընդդիմության համառ պահանջով: Մերաբիշվիլին, ըստ էության, չպատասխանեց նրանց եւ ոչ մի սուր հարցի` վկայակոչելով հետաքննության գաղտնիությունն ու անմեղության կանխավարկածը, այլ գերադասեց խոսել իր ղեկավարած գերատեսչության հաջողությունների մասին: Վերջում նույնիսկ «կծեց». «Հատուկ գործողությունների ընթացքում մենք կորցրել ենք 19 ոստիկան, իսկ տեղում ոչնչացվել են ընդամենը 18 հանցագործ: Ընդդիմությունը երեւի գոհ կլիներ, եթե հակառակը լիներ»: Այդ անհեթեթ արտահայտությունից հետո ընդդիմությունը միահամուռ լքեց նիստերի դահլիճը:

Վերոհիշյալ սուր հարցերը վերաբերում էին վրաց հասարակությանն ալեկոծած հանցագործությանը: Հունվարի վերջին Թբիլիսիի մերձակայքում հայտնաբերվել էր Թբիլիսիի բանկերից մեկի աշխատակցի` Սանդրո Գվիրգվլիանիի դիակը` բազմաթիվ վնասվածքների հետքերով: Արդեն հաջորդ օրն իսկ ողջ Թբիլիսին մոտավորապես գիտեր, թե ինչ է տեղի ունեցել: Գվիրգվլիանին ընկերոջ հետ եղել է հայտնի «Շարդեն» սրճարանում, որտեղ վեճի է բռնվել ՆԳՆ մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ: Երկուսին էլ բռնի կերպով տարել են քաղաքից դուրս, բայց ընկերոջը հաջողվել է փախչել: Իսկ Գվիրգվլիանիին ուղղակի ծեծել են մեռնելու աստիճան: Տրվում են կոնկրետ անուններ, բայց ես դրանք չեմ նշում` Մերաբիշվիլու կողմից հիշատակված անմեղության կանխավարկածի պատճառով: Հետաքննություն է սկսվել: Ընդդիմությունը վստահ է, որ այն օբյեկտիվ չէ: Այսպես, «Ժողովրդավարական ճակատի» առաջնորդներից Զվիադ Ձիձիգուրին ասում է, որ դաժան ծեծից փրկված Լեւան Բուխաիձեին հարցաքննության ընթացքում ցույց չեն տվել կասկածյալների լուսանկարները: «Ես անձամբ ճարել եմ նրանցից մեկի նկար, եւ Բուխաձեն` ի դեմս նրա, ճանաչել է ծեծողներից մեկին»,- ասաց Ձիձիգուրին:

Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին բաց նամակ է հղել նախարար Մերաբիշվիլուն, որտեղ կոչ է անում առանց հետաքննության արդյունքներին սպասելու պաշտոնից հեռացնել Հասարակայնության եւ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Գուրամ Դոնաձեին, որն այդ ճակատագրական օրը նույնպես եղել է «Շարդեն» սրճարանում: «Հանցագործության հենց հաջորդ օրը Դունաձեն հայտարարեց, որ Գվիրգվլիանիի սպանությունը «սվանական հանցագործ խմբերի» ներքին վեճերի հետեւանք է: Հետաքննության նախնական փուլում նման հայտարարությունները կարելի է որակել որպես հետաքննությունը սխալ ճանապարհով տանելու փորձ»,- ասվում է նամակում: Ավելի մեծ արձագանք ունեցավ հենց Դոնաձեի հայտարարությունը` ուղղված Գվիրգվլիանիի մոր հասցեին, այն բանից հետո, երբ վերջինս հրապարակային ելույթ ունեցավ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ: Օմբուդսմենը ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը գնահատում է իբրեւ ուղղակի սպառնալիք սպանվածի մոր նկատմամբ: «Ընդհանրապես սպառնալը նրա սովորական ոճն է հասարակության, լրագրողների հետ խոսելիս: Բացի այդ, Գուրամ Դոնաձեի հեղինակած նախագծերը` «Պարեկ» եւ «Տեղամասային տեսուչ», մշտապես խախտում են անմեղության կանխավարկածի դրույթները»,- ասում է Սոզար Սուբարին:

Օմբուդսմենի պահանջներին միացավ նույնիսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորաձեն: Նրա խոսքերով` իր ձեռքի տակ կան վկաների ցուցմունքներ, որոնք խոսում են Գուրամ Դոնաձեի կողմից մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի մասին: Խոսքը քաղաքացիներին ծեծի ենթարկելու եւ նրանց վրա ապօրինի կերպով հոգեբանական ճնշումներ գործադրելու մասին է: Հետաքրքրական է, որ դեռ վերջերս Դոնաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում աշխատող բավականին ակտիվ լրագրող էր: Ահա այսպիսի հանելուկային «փոխակերպություն» է տեղի ունեցել չինովնիկի պաշտոն ստացած մարդու հետ:

Ընդդիմությունը համատեղ հայտարարություն է արել, որտեղ ասվում է մոնիտորինգի հատուկ խումբ ստեղծելու մասին, որը հետեւելու է վարվող հետաքննության ընթացքին: «Այս սպանությունը մենք քաղաքական ենք համարում, ինչպես Ուկրաինայում Գեորգ Գոնգաձեի եւ Վրաստանում` Գեորգ Սանայի սպանությունները»,- ասվում է փաստաթղթում:

Վերջին օրերին Թբիլիսիում «Գվիրգվլիանիի գործն» ամենաշատ քննարկվող թեմաներից է: Ամենատարբեր շրջանակներում: Բայց ի հայտ են գալիս նոր երանգներ: Ասում են` հանգուցյալը խմած է եղել եւ առանց որեւէ պատճառի վիրավորանք է հասցրել ապագա սպանողներից մեկին: Ենթադրենք, թե այդպես է: Բայց ո՞վ է թույլ տվել ինքնադատաստան տեսնել: Առավել եւս` ՆԳՆ պաշտոնյաներին: Հետաքրքրական է եւ այն, որ անձամբ ինձ վեճի մանրամասները, որ չափազանց չնչին են, պատմել է հատուկ ծառայությունների մի աշխատակից. նա չգիտեր, որ ես գիտեմ, թե ինքը որտեղ է աշխատում: