Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, տեղական ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նշենք, որ միջոցառման շրջանակներում Արցախ էին ժամանել «Հաշտության պաշարներ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Ջոնաթան Քոենը (ՀՊ կովկասյան ծրագրի համատնօրեն), Լոուրենս Բրոերսը («Ակորդ»-ի 17-րդ համարի խմբագիր), Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շնորհանդեսին հաջորդեցին Բրիտանական կոնսորցիումի չորս ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումներն ուսանողության, Ղարաբաղի քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հաշտության պաշարներ» եւ «Միջազգային ահազանգ» կազմակերպությունների ներկայացուցիչներն ուսանողներին եւ դասախոսներին պատմել են Ստեփանակերտում կազմակերպված «Ակորդ» հանդեսի 17-րդ համարի շնորհանդեսի եւ դրա վերաբերյալ Երեւանում եւ Բաքվում հնչած կարծիքների մասին: «Ակորդի» 17-րդ համարի խմբագիր Լոուրենս Բոերսի խոսքերով, Երեւանում բողոքել են, որ հանդեսում ներկայացված չէ Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը, Բաքվում նշեցին, որ շատ բարձր է գնահատված Ղարաբաղի դերը եւ այլն: Ներկաներին պարզաբանելով հրատարակման հիմնադիրների մոտեցումները, Լ. Բոուերսն ասաց, որ հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրների քաղաքական կուլտուրայի ռազմականացումը ոչ մի լավ բանի չի բերի:
Հանդիպմանն ուսանողները, պատասխանելով հյուրերի հարցերին, միաժամանակ նշեցին այն կարծիքը, որ չեն կարող խոսել ներկայիս Ադրբեջանի հետ խաղաղ երկխոսության մասին, որտեղ տարվա մարդ կարող է ճանաչվել քնած հային սպանողը: «Ինչո՞ւ է այսօր խոսվում այն ադրբեջանցի փախստականների մասին, ովքեր թողել են Ղարաբաղը, բայց ոչինչ չի ասվում հազարավոր հայերի մասին, ովքեր նույնպես կորցրել են իրենց հայրենիքը, արյունը, տունը` Ադրբեջանում, եւ ով նույնպես վերադառնալու իրավունք ունի, որին հավակնում են Ղարաբաղի փախստականները», «Ինչպե՞ս հասկանալ, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես հաստատում է, որ մենք նրանց երկրի քաղաքացիներ ենք եւ միաժամանակ գոռում է մեզ հետ պատերազմելու մասին». նմանատիպ հարցեր են հնչեցրել ղարաբաղցի ուսանողները: Նրանք միանշանակ ընդգծեցին, որ ղարաբաղցիներն իրենց ընտրությունը վաղուց են կատարել, այն է` ԼՂՀ անկախությունը կամ Հայաստանի հետ միացումը:
Հյուրերը հանդիպեցին նաեւ Ղարաբաղի քաղաքագետների եւ փորձագետների հետ: Քննարկմանը մասնակցում էին նաեւ վրացական եւ ադրբեջանական իրավապաշտպաններ Պաատա Զաքարեաշվիլին եւ Ավազ Հասանովը: Թեման վերաբերում էր տարածաշրջանային ինտեգրացիայի միջոցով Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հնարավորությանը:
Ինչի՞ շուրջ կարող են համախմբվել Հարավային Կովկասի ժողովուրդները, եւ ի՞նչ վտանգ են տեսնում նրանք դրա մեջ: Այս հարցերին փորձել են պատասխանել հանդիպման մասնակիցները:
Ադրբեջանի իրավապաշտպան Ավազ Հասանովի խոսքերով, Հարավային Կովկասի երկրները կարող էին համագործակցել իրավապաշտպանության, երիտասարդական քաղաքականության, մշակութային փոխանակումների եւ նույնիսկ կրթության ոլորտներում: Սակայն դրա համար ամեն մեկը պետք է փոփոխություն մտցնի իր մենթալիտետի մեջ, որպեսզի կարողանա առճակատումից տեղափոխվել ինտեգրացիա: Համագործակցության այն ոլորտների շարքում, որտեղ համագործակցությունը ոչ թե հնարավոր, այլ` անհրաժեշտ է, նշվել են առեւտրի, բնական ռեսուրսների օգտագործման, բնապահպանության ոլորտները եւ նույն թռչնագրիպի հիմնախնդիրը:
Ելույթ ունեցողներից շատերի կարծիքով, Հարավային Կովկասում գլոբալիզացման գաղափարներն ավելի սուր են առնչվել էթնիկական իդենֆիկացիայի կորստի վտանգի հետ: Ինչպես նշել է բրիտանական «Ակորդ» հանդեսի Ղարաբաղյան կարգավորմանը նվիրված համարի խմբագիր Լոուրենս Բրոերսը, ինքնորոշման ձգտումը մի շարք ժողովուրդների խանգարում է լուծել իրենց հիմնախնդիրները համաշխարհային գործընթացների համատեքստում: Պարզապես պետք է կարողանալ գտնել այն ընդհանուրը, որը համախմբում է բոլորին:
Մասնակիցները նաեւ ընդգծել են, որ կոնֆլիկտների պատճառը համարվում է ինքնավար մարզերի ժողովուրդների հանդեպ` ժողովրդագրական «ճնշումը»: Եվ քանի դեռ այդ վտանգը գոյություն ունի` մարդիկ կվախենան իրարից:
Հետաքրքիր կարծիք արտահայտեց «Հելսինկյան նախաձեռնություն-92» ՀԿ-ի անդամ Էլլադա Սահակյանը, ըստ որի` հարավկովկասյան բոլոր ժողովուրդների խնդիրը նրանց անկեղծ չլինելու մեջ է եւ նրանում, որ նրանք միշտ զգուշավոր են: