Գարունն արդեն իրենն է թելադրում: Իսկ գարնանայինը միշտ եղել է նորաձեւության ու վերափոխումների խորհրդանիշը: Ջերմանում են սրտերը եւ թեթեւացնում ու գունավորում հագուստը: Կանանցից շատերը ոչ միայն մարտի 8-ը, այլեւ գարնան գալուստն իսկ տոն են համարում: Եվ լավ գիտեն, որ տրամադրությունը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը զգեստապահարանի թարմացումն է: Թե ի՞նչն է այս գարնանը մոդայիկ, ոչ ոք միանշանակ պնդել չի համարձակվի: 2006-ի գարանանային նորաձեւությունը միայն հուշում է, որ ազատ լինելու ու էքսպերիմենտներ անելու ժամանակն է: «Զատիկ» նորաձեւության հիմնադիր Նանա Սահակյանցի կարծիքով` գարնանն ամեն ինչ կարելի է: «Կարեւորը թեթեւությունն է, իսկ գույներն ու ձեւերը ամեն մարդ ինքը պետք է ընտրի»,- ասաց նա: Իսկ մոդելյոր Լիլիթ Մարգարյանը նկատեց, որ այսօր նորաձեւությունն անհեթեթության է հասել. «Արդյունքում պարզվում է, որ ամեն ինչն էլ նորաձեւ է»:
Սակայն այս գարունն ունի իր յուրահատկությունը, քանի որ նորաձեւությունը այս տարի առավել, քան երբեւիցե կարեւորում է պարզությունը: Գույները չեզոք ու նուրբ են, իսկ հագուստի դիզայնը նվազագույնի է հասցված: Մոդայիկ է պարզ ու ֆունկցիոնալ հագուստը: Իսկ տարրերը կարող են շատ բազմաշերտ ու բազմաոճ լինել: «Օրինակ, գրպանը կարող է գոտի դառնալ, իսկ գոտին` պայուսակի վերածվել»,- ասաց Լ. Մարգարյանը: Նա հուշեց նաեւ, որ շատ արդիական է ծովափնյա թեման: Նավաստիների ու ծովահենների հագուստը քաղաք է տեղափոխվում, եւ բացի գծավոր ու լայն շապիկներից` խորհուրդ տալիս` ժիլետներ, ազատ տաբատներ, բրիջիներ եւ բազմածալք շրջազգեստներ կրել: Եվ սպորտային եւ դասական հագուստի մեջ ընդունելի են էթնիկ տարրերն ու ռազմական թեման: Ջինսերը հիմնականում միլիտարիստական դետալներով եւ էթնիկ նախշերով են զարդարվում: Շարունակում է մոդայիկ համարվել «փողոցային, խուլիգանական» ոճը` իր արհեստական մաշվածությամբ ու ձեւական փնթիությամբ: Լայն շապիկները շատ լավ համադրվում են փոքր ու նեղ ժիլետների հետ, իսկ ջինսերը` ժանյակների: Եվ ինչպես վերջին մի քանի տարիների փորձն է ցույց տվել, գրեթե բոլոր հայտնի մոդելյորները նախապատվությունը տալիս են բնական հումքից պատրաստված գործվածքներին` բամբակին, մետաքսին եւ այլն: «Շնչող» գործվածքները ամենահարմարն են, իսկ մոդելների ընտրությունը` այնքան բազմազան, որ յուրաքանչյուր կին կարող է իր ճաշակին ու գրպանին համապատասխան հագուստ ձեռք բերել: Իսկ որտեղի՞ց այն ձեռք բերել՝ այս հարցը շատերի համար արդեն դժվարություն չի ներկայացնում, քանզի Երեւանում հագուստի խանութները շատացել են: Բարեբախտաբար, տոնավաճառները հագուստ գնելու միակ տարբերակը չեն այլեւս, եւ հնացել է նույնիսկ նրանց` ամենաէժան ապրանք առաջարկողների համբավը: Մասսայական մոդան վաղուց արդեն չի ստիպում նույնանման հագնվել, իսկ գարնան առաջին արեւը հուշում է, որ վառ ու գունեղ էքսպերիմենտների պահը հասունացել է: Եվ քանի դեռ Երեւանի փողոցներում ծաղիկ ու կանաչ չկա, կարելի է գարունը հագուստի մեջ տեղափոխել: Բոլոր ժամանակներում էլ մոդայիկ են համարվում բարձր ճաշակն ու վառ երեւակայությունը: «Ամեն դեպքում տոնավաճառները ճաշակ թելադրել չեն կարող»,- ասաց Նանա Սահակյանցը, ով իր «Զատիկի» գործունեությունը «էքսպերիմենտ-զվարճություն» է համարում: «Սակայն կյանքը ցույց տվեց, որ մեր էքսպերիմենտներն իրենց տեղն են գտնում ու լավ էլ վաճառվում են աշխարհում»,- ասաց նա: «Զատիկի» զգեստներն արդեն մի շարք երկրներում են վաճառվում, միայն Փարիզում նրանք երեք բուտիկներում են ներկայացված: «Զատիկը» հայկական նարաձեւության ամենահաջողակ նախագիծն է: Այստեղ աշխատում են զգեստներ պատրաստել միայն բնական գործվածքներից ու տարրերից: Նույնիսկ կոճակներն են բնական նյութերից` փայտից, կաշվից, սադաֆից ստեղծվում: Երկու հայ մոդելավորողուհիներն էլ ընդգծում են, որ հագուստի մեջ մեծ դեր ունի կատարման տեխնիկան, այսինքն` կարի, գործվածքի ու ձեւավորման որակը: Թեեւ Նանա Սահակյանցը նորաձեւության մասին խորհուրդներ տալն անիմաստ է համարում, սակայն համոզված է. «Մարդկանց պետք է լավն առաջարկել»: Շատ հայ կանանց համար մոդելյորներին դիմելը մոդայիկ երեւույթ չէ, նրանք ինքնուրույն են հագուստն ընտրում ու համադրում: Եվ որքան հանդուգն ու ճաշակով են նրանք հագնվում, այնքան մեր քաղաքն ավելի գեղեցիկ է դառնում: