Օսկարյան անակնկալ «բախումը»

08/03/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Երեկ Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում տեղի ունեցած 78-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ամերիկյան կինոակադեմիան տարվա լավագույն ֆիլմ ճանաչեց միջռասսայական կոնֆլիկտների մասին պատմող, փոքր բյուջե ունեցող (6,5 մլն դոլար) «Բախում» ժապավենը, որը ոսկե արձանիկին արժանացավ նաեւ բնօրինակ սցենարի եւ մոնտաժի համար:

Սա Կինոակադեմիայի մեծ անակնկալն էր, որին չէր հավատում նաեւ ֆիլմի` ուրախությունից գոռացող անձնակազմը: Բանն այն է, որ «Օսկարի» ֆավորիտը համարվում էր արդեն բազում մրցանակների արժանացած եւ 8 անվանակարգերում «Օսկարի» ներկայացված «Սապատավոր լեռը» ֆիլմը, որը պատմում է 2 հոմոսեքսուալիստ կովբոյների սիրո մասին: Վերջինս նույնպես արժանացավ 3 մրցանակի` ռեժիսորի (Էնգ Լի), երաժշտության եւ ադապտացված սցենարի համար (Լարի ՄակՄարտրի եւ Դայանա Օսանա): ՄակՄարտրին իր ելույթում շնորհակալություն հայտնեց իրենց իրավաբաններին եւ բոլոր այն հրատարակողներին, որոնց շնորհիվ լուսաբանվել է կովբոյների պատմվածքը: Իսկ երբ Էնգ Լին էր իր մրցանակը ստանում, դահլիճում նստած Օսանան արտասվում էր: Այս տարվա մրցանակաբաշխությունն աչքի էր ընկնում նրանով, որ ոչ մի ֆիլմ 3-ից ավելի մրցանակի չարժանացավ: Տեխնիկական անվանակարգերում 3-ական «Օսկար» ստացան «Կինգ Կոնգը» եւ «Գեյշայի օրագրերը»: Կինոակադեմիայի կողմից լիովին անտեսվեցին Սպիլբերգի «Մյունխենը», որում խոսվում է 1972թ. Մյունխենի օլիմպիադայի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին, եւ Քլունիի` սենատորի դեմ պայքարող լրագրողի մասին պատմող «Բարի գիշեր եւ հաջողություն» ֆիլմը:

Սիրահարված կովբոյներից բացի` Կինոակադեմիան վախեցավ նաեւ ահաբեկիչ-մահապարտներին պարգեւատրելուց: Պաղեստինյան «Դրախտն այժմ» ժապավենին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթեց հարավաֆրիկյան «Ցոցի» քրեական դրաման: Վերջինիս ռեժիսոր Գեյվին Հուդն իր ելույթում հայտարարեց. «Թեեւ այս անվանակարգում ներկայացված բոլոր ֆիլմերն օտար լեզվով են, բայց դրանք սիրո եւ մարդկության մասին են: Ես սիրում եմ Աֆրիկան»: Անտեսելով «Տրանսամերիկա» ֆիլմում հնչած Դոլի Պարտոնի «Travelin’ Thru» գեղեցիկ երգը եւ պարգեւատրելով ռեպերին` ամերիկացիներն ապացուցեցին երաժշտության ասպարեզում իրենց անճաշակությունը:

Ինչ վերաբերում է դերասանական անվանակարգերին, ապա այստեղ «Օսկարն» անակնկալներ չէր պատրաստել: Լավագույն դերասան ճանաչվեց «Կապոտե» ֆիլմում սցենարիստ Թրյումեն Կապոտեին մարմնավորած Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը: «Քայլել եզրագծին» ֆիլմում երգչուհի Ջուն Կարտերի դերակատարման համար բաղձալի արձանիկին արժանացավ կատակերգություններում աչքի ընկած երիտասարդ դերասանուհի Ռիզ Ուիզերսպոունը: Նա իր հուզառատ ելույթում չմոռացավ շնորհակալություն հայտնել իր բոլոր հարազատներին, այդ թվում` աղջկան եւ տատին: Երկրորդ պլանի լավագույն դերասաններ ճանաչվեցին Ջորջ Քլունին («Սիրիանա») եւ Ռեյչլ Ուայզը («Հավատարիմ այգեգործը»): Մոտ օրերս երեխայի ծնվելուն սպասող Ռեյչլին մրցանակը հանձնեց հանրահայտ դերասան Մորգան Ֆրիմանը: Կինոակադեմիայի ներկայացուցչի խոսքերով, այս տարի «Օսկարի» հավակնորդ բոլոր դերասաններն ու դերասանուհիները ոչ միայն աշխատել են կորպորատիվ սկզբունքներով, այլ ոգեշնչված են տարբեր հիմնախնդիրներ վերծանող իրենց դերերով:

Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց «Պինգվինների քայլերգը», իսկ մուլտֆիլմ` «Ուոլլեսը եւ Գրոմիտը»: Պատվավոր «Օսկարը» շնորհվեց 80-ամյա հայտնի ռեժիսոր Ռոբերտ Օլթմանին, որը 8 անգամ ներկայացված է եղել այս մրցանակին: Իր ելույթում նա ակնարկեց այն մասին, որ Կինոակադեմիան այս պատվին իրեն կարող էր ավելի շուտ արժանացնել: Ի դեպ, Օլթմանի նկարահանած վերջին ֆիլմի համապրոդյուսերն «Արմենիա ֆիլմ ստուդիոզ» ընկերությունն է:

Ինչեւէ, Ամերիկյան կինոակադեմիայի հերթական կիսաքաղաքական, երբեմն էլ` մշակութային, «առաքելությունն» ավարտված է: Իսկ օսկարյան ֆիլմերից շատերի «պիրատական» DVD-ներն արդեն սկսել են «ողողել» համաշխարհային, այդ թվում` հայաստանյան շուկան: