«Օսկարները» նաեւ վաճառվում են

08/03/2006

«Օսկարն» ամեն տարի դառնում է ավելի ու ավելի ապաքաղաքական ու կոռեկտ: Սակայն շարունակում է համարվել ամենաերազած ու սպասված կինոմրցանակը: Եթե մասնագետների հարցնեք, կիմանաք, որ «Օսկարն» իր հեղինակությամբ զիջում է մյուս խոշոր կինոփառատոներին` Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի: Սակայն «Օսկարն» ամենաշատ ծանոթը, գովազդվածն ու թանկն է: «Օսկարի» արձանիկը դարձել է ոչ միայն վարպետության չափանիշը, այլեւ` իր շուկայական գինն ունի: Եղել են նախադեպեր, երբ «Օսկարի» արժանացած կինոգործիչները տարբեր աճուրդներում վաճառել կամ գնել են դրանք: Ըստ շուկայական գների` «երկրորդական»` գրիմի, լուսավորման, երաժշտական ձեւավորման կամ հատուկ էֆեկտների համար ստացված «Օսկարները» կարելի է 50 հազար դոլարով գնել: Իսկ եթե «Օսկարը» խոշոր տրամաչափի դերասանինը կամ ռեժիսորինն է, ապա նրա գինը կարող է անցնել մեկ միլիոնից: Թեեւ 1950 թվականին Ամերիկայի կինոգործիչների ակադեմիան արգելել է վաճառել արձանիկները, սակայն մինչ այդ թվականը ստացված «Օսկարները» շարունակվում են վաճառվել: Օրինակ, հայտնի աճպարար Դեւիդ Կոպերֆիլդը քառորդ միլիոն դոլարով գնել է «Կասաբլանկա» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Քերտիցի արձանիկը: Իսկ Մայքլ Ջեքսոնը` մեկ ու կես միլիոն դոլարով` «Քամուց քշվածները» ֆիլմի «Օսկարը»: Մեծ աղմուկ է բարձրացել այն ժամանակ, երբ Օրսոն Վելսի դուստրը որոշել է վաճառել իր հոր «Օսկարը»: Վելսը 1941 թվականին «լավագույն սցենար» անվանակարգում «Օսկարի» էր արժանացել «Քաղաքացի Քեյն» ֆիլմի համար: Իսկ տարիներ անց նրա դուստրը որոշել էր «Օսկարի» վաճառքով շտկել իր ֆինանսական վիճակը: Նա ութ տարի շարունակ դատի մեջ էր Կինոակադեմիայի հետ եւ արդյունքում արձանիկը վաճառելու իրավունք ստացավ: «Օսկարի» վաճառքը կանգնեցնելու համար օսկարակիրներ Սթիվեն Սպիլբերգն ու Քեյվին Սպեյսին իրենց միջոցներով գնեցին պարբերաբար աճուրդներում հայտնվող արձանիկներն ու Կինոակադեմիային վերադարձրին: Սպիլբերգի շնորհիվ կանխվեցին Քլարկ Գեյբլի ու Բեթթի Դեյվիսի «Օսկարների» հետագա վերավաճառքները: Այդ ակցիայի համար Սպիլբերգը մեկ ու կես միլիոն դոլար ծախսեց: