Մաշկի խնամքը

08/03/2006

Դեղձից դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է հասած դեղձը ճզմել կամ քերիչով անցկացնել, վրան լցնել 1 ճաշի գդալ երիցուկի եփուկ։ Շատ օգտակար է ճարպոտ եւ նորմալ մաշկի համար։

Սեխից պատրաստված դիմակը խորհուրդ է տրվում նորմալ եւ չոր մաշկի համար։ 50 գ սեխից խյուս պատրաստել, վրան լցնել 1 թեյի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ թթվասեր։

Դդումից դիմակ պատրաստելու համար 2 ճաշի գդալ եփած դդումին պետք է ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։ Լավ խառնել եւ քսել դեմքին, պահել 20 րոպե։ Օգտակար է նորմալ եւ չոր մաշկի համար։

Նուշից պատրաստված դիմակը շատ օգտակար է չոր մաշկի համար։ Երկուական գդալ երիցուկի, լորենու եւ շամբուկի տերեւներից եփուկ պատրաստել. 1 ճաշի գդալ մանրացրած նուշի վրա լցնել 50 գ պատրաստի տաք եփուկ, ավելացնել 1 թեյի գդալ ալյուր եւ կես թեյի գդալ մեղր։ Դեմքին քսել տաք վիճակում եւ պահել 20 րոպե։

Չոր եւ թոշնած մաշկին խորհուրդ է տրվում ձվի դեղնուցից, մեղրից, 1 թեյի գդալ բուսական յուղից եւ 1 թեյի գդալ կիտրոնի հյութից պատրաստված դիմակը։

Խնձորը կարելի է օգտագործել կլոր տարին։ Այն օգտակար է թե չոր, թե ճարպոտ մաշկի համար։ Խնձորի խյուսին ավելացնել 1 ձվի դեղնուց, հարել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Դեմքին պահել 15 րոպե։ Չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ մեկ սրվակ A վիտամին։

Թարմացնող լոգանքներ

Լոգանք մածունով։ Լոգարանի մեջ լցնել ջրով բացած 3 լ մածուն։ Մածունը փափկացնում է մաշկը։
Լոգանք բուսական յուղով եւ մածունով։ Լոգարանի մեջ լցնել 3 լ մածուն, մարմնին քսել բուսական յուղ (գերադասելի է` ձիթապտղի)։ Մածունը, բուսական յուղը եւ տաք ջուրը հիանալի միջոց են չոր մաշկը բուժելու համար։

Քացախով լոգանք։ Քացախով լոգանքն օգտակար է ճարպոտ մաշկի համար, քրտնարտադրության, քորի դեմ։ Առավել օգտակար է խնձորի քացախը (1,5 լ` 1 լոգանքի համար)։

100 գ նարդոսը թրջել 100 գ գինու սպիրտի եւ 900 գ քացախի մեջ։ Եփուկը սառեցնել եւ լցնել լոգարանի մեջ։

Աղի լոգանքը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ուզում են նիհարել, քանի որ այն առաջացնում է ուժեղ քրտնարտադրություն։ Անհրաժեշտ է նախ 3 կգ աղը լցնել լոգարանի մեջ, հետո լցնել ջուրը, որպեսզի աղը լուծվի։ Այս լոգանքից հետո փաթաթվեք սրբիչով եւ մի քանի րոպե հանգստացեք։ Աղի լոգանքը չորացնում է մաշկը, այդ իսկ պատճառով լոգանքից հետո մարմնին պետք է քսել բուսական յուղ կամ գեղահարդարման կաթ։

Խոտաբույսերից պետք է եփուկ պատրաստել նախապես կամ հենց լոգարանի մեջ։ Պետք է վերցնել 3 բուռ խնկունու, մեկական բուռ վարդի թերթիկներ, նարդոսի ծաղիկներ եւ բորակ։ Բույսերը լցնել թանզիֆի տոպրակի, իսկ բորակը` անմիջապես լոգարանի մեջ։ Այս լոգանքը մաքրում եւ թարմացնում է մաշկը։

Գայլուկով լոգանք։ 250 գ գայլուկի վրա պետք է նախապես լցնել տաք ջուր, որոշ ժամանակ թողնել եւ նոր միայն լցնել լոգարանի մեջ։ Այս լոգանքը հանգստացնող է։