Ֆուտբոլ

08/03/2006

Այսօր եւ վաղը տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Այսօր կայանալիք հանդիպումներից ամենակենտրոնականը «Բարսելոնա»-«Չելսի» խաղն է։ Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր իսպանական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Ներկայումս «Բարսելոնան» եւ «Չելսին» համարվում են Եվրոպայի երկու ամենաուժեղ թիմերը։ «Չելսիին» հարկավոր է ամեն գնով հաղթանակ տանել, իսկ դա շատ դժվար խնդիր է։ Ամեն դեպքում` լարված պայքար է լինելու։ Այսօր պատասխան հանդիպումներ կանցկացնեն նաեւ «Յուվենթուսն» ու «Վերդերը», «Վիլյառեալն» ու «Ռեյնջերսը»։ «Ինտեր»-«Այաքս» հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին։

Վաղը կայանալիք հանդիպումներից հարկ է առանձնացնել «Արսենալ»-«Ռեալ» մրցավեճը։ Հիշեցնենք, որ Արքայական թիմն առաջին խաղում սեփական հարկի տակ պարտություն էր կրել 1-0 հաշվով։ «Ռեալի» տղաները պետք է աշխատեն ամեն գնով հաղթանակի հասնել «Հայբերիում», առավել եւս, որ թիմի նոր նախագահ Ֆերնանդո Մարտինը վերջնագիր է ներկայացրել ֆուտբոլիստներին։ Անհաջողության դեպքում, ըստ Մարտինի, շատ անվանի ֆուտբոլիստներ հրաժեշտ կտան «Ռեալին»։