Անցյալ շաբաթը հաճելի ձեւով ավարտվեց մեր մարզասերների համար։
50,8 կգ (թեթեւագույն) քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ռինգ էր դուրս եկել Լաս Վեգասում՝ ընդունելով Դիոսադո Գաբիի մարտահրավերը։ Դեռ մինչեւ մրցամարտը Դարչինյանը հայտարարել էր, որ նոկաուտի է ենթարկելու մրցակցին։ Նա իր խոսքի տերը եղավ եւ Գաբիին նոկաուտի ենթարկեց 8-րդ ռաունդում, որից հետո մրցավար Մենդոսան ստիպված եղավ դադարեցնել հանդիպումը: Հիշեցնենք, որ Դարչինյանը վերջերս պայմանագիր է կնքել աշխարհահռչակ պրոմոուտեր Գարի Շոուի հետ եւ ձեռնոց է նետել WBC-ի վարկածով չեմպիոն Խորխե Արսեին:
Մեր մյուս անպարտելի բռնցքամարտիկը՝ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նույնպես հուսախաբ չարեց իր երկրպագուներին։ Նրան ձեռնոց էր նետել ավստրալացի Շենոն Թեյլորը: Այս մարտը նոկաուտով չավարտվեց, սակայն Արթուրը ողջ հանդիպման ընթացքում ունեցած բացահայտ առավելության շնորհիվ պահպանեց իր տիտղոսը։ Մրցավարները 120:106 եւ 120:107 հաշիվներով հաղթանակը շնորհեցին Արթուր Աբրահամին:
Բռնցքամարտում մեր մարզիկների հաջողություններն այսքանով չեն սահմանափակվում։ Եթե Արթուր Աբրահամի եւ Վախթանգ Դարչինյանի մենամարտերին մեր մարզասերները կարողացել են հետեւել ուղիղ հեռարձակմամբ, ապա Ռուսաստանի սիրողական բռնցքամարտի առաջնության մասին շատերը երեւի դեռ չեն լսել։ Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած այս առաջնությունում մինչեւ 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է հայազգի Դավիթ Հայրապետյանը։