Կրկեսի բույրով մնջախաղը

06/03/2006 Պատրաստեց Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ես չեմ կրկնում կյանքը, ես այն արտացոլում եմ։ Կրկեսն այդքան էլ իմը չի, ես թատրոն եմ ուզում, որտեղ ոչ խոսք կլինի, ոչ էլ երաժշտություն։ Միայն մարդը կլինի եւ իր մարմնով, ժեստերով կստեղծի այդ երաժշտությունը։ Այդ թատրոնի ձեւը դեռ չգիտեմ, մի հարցրեք։ Բայց այդպիսի թատրոն եմ ուզում»։

Լեոնիդ Ենգիբարովը լուսավոր ու ողբերգական կերպար էր։ Կրկեսի ու մնջախաղի հանճար, նորարար։ Նա զարմանալի մարզված ու արտահայտիչ մարմին, միմիկա ու փխրուն սիրտ ուներ։ Ենգիբարովն իր սեփական կրկեսն էր արարում։ Այն կրկեսը, որը հեքիաթ է ծնում։ Նրան հաջողվեց փիլիսոփայություն բերել զվարճացնող ու անհոգ ծիծաղ առաջացնող կրկեսի արենա։ Ենգիբարովը միշտ խուսափել է բեմական նմանակումներից, պարոդիաներից, երբեք գույների խտացման եւ ճակատային երգիծանքի կողմնակիցը չի եղել։ Նրա ելույթները լիրիկական ու նուրբ էին։

Ենգիբարովը զարմանալի հատկությամբ էր օժտված. կարող էր ինքն իրեն կողքից դիտել։ Եվ կարծես իր ողջ կյանքով ցանկացել է ասել՝ «մարդիկ, մի` նեղացրեք մարդուն»։ Ենգիբարովը սովետական կրկես ներխուժեց եւ խլացրեց բոլորին իր արտահայտչական լեզվով ու լուռ փիլիսոփայական պատմություններով։ Ենգիբարովին արենայում տեսած մարդիկ անպայման համակվել են նրա անբացատրելի ու գերբնական էներգիայով։ Ամենակարեւորը Ենգիբարովի համար իր ընտրած գործում կատարելության հասնելն էր, նա պատրաստ էր ժամերով՝ առավոտյան ժամը 9-ից մինչ ուշ գիշեր աշխատել սեփական բեմական համարների վրա՝ ջանալով դրանք հղկել, մշակել եւ անթերի դարձնել։ «Ես ամեն առավոտ 10-15 անգամ կրկնում եմ այն համարները, որոնց արդեն տիրապետում եմ, եւ 50 անգամ կատարում եմ նրանք, որոնք դեռ անել չգիտեմ, բայց պատրաստվում եմ հանդիսատեսին ցուցադրել»,- ասել է Ենգիբարովը։ Լավ ծաղրածուն պարտավոր է ունիվերսալ լինել եւ, ծիծաղեցնելու արվեստի գաղտնիքները հասկանալուց բացի, պետք է լավ ակրոբատ, ձեռնածու եւ աճպարար լինել։ Ենգիբարովն այդ ամենին նաեւ վառ միտք էր գումարում։ Քանի-քանի արդեն պատրաստի համարներից է հրաժարվել, երբ զգացել է, որ միտքը թարմ կամ օրիգինալ չէ։ Երբ նրան հարցնում էին՝ ո՞ւր է այն համարը, որն արդեն մի քանի ամիս պատրաստում էիր, պատասխանում էր՝ «կողքի եմ դրել, թող որոշ ժամանակ հանգստանա ինձանից, հետո թարմ հայացքով կնայեմ»։ Իմաստի հասունանալու պահը շատ թանկ էր Ենգիբարովի համար։ Նրա համարները բազմաշերտ էին, հուզական ազդեցությանն անպայման իմաստային բեռ էր գումարվում։

Կրկեսի մարդ լինելով, նա ինքն իրեն մնջախաղաց էր համարում։ Նա իր կրկեսային համարները «միմ-միավորներ» կամ «պլաստիկ էսսեներ» էր կոչում։ Երբ Ենգիբարովը Մոսկվայի կրկեսի ուսումնարանում էր սովորում, մնջախաղը հարգանք չէր վայելում, համարվում էր «խուլ ու համր մարդկանց համար նախատեսված տարօրինակ վարժություն»։ Ենգիբարովը պատրաստ էր այդ «խոսուն լռության» արվեստն անվերջ կատարելագործել եւ սեփական մարմնի «քերականությունն» ուսումնասիրել։ «Մնջախաղը ստիպում է հանդիսատեսին մտածել, քանի որ վստահում է նրան ու վեհացնում սեփական աչքերում։ Երբ հանդիսատեսը կռահում է՝ ինչ են իրեն ցուցադրում, նա իրեն երջանիկ է զգում։ Մնջախաղը կենդանացված միտքն է»,- գրել է նա իր օրագրի էջերում։ Իսկ միտքն առաջին հերթին պետք է հասկանալի ու հարազատ լինի բոլորին։ Փայլատակող բացահայտման նման լինի։ Այդ պատճառով էլ նրա ինտերմեդիաները բարդ այլաբանական ու կոդավորված չէին, նա կարծես կարողանում էր բոլորի սրտի լարերին դիպչել, սովորական ժեստերով սովորական պատմություններ պատմել, որոնց անմիջական մասնակիցն ու կարեկցողը հենց հանդիսատեսն էր։ Իսկ դա ամենաբարդն ու ամենաթանկն է մնջախաղում։

Ենգիբարովը վախենում էր, որ հանկարծ կարող է ուրիշների արածը կրկնել, եւ այդ պատճառով էլ, եթե հանկարծ նկատում էր, որ իր գաղափարներն ուրիշ մի ծաղրածու է օգտագործում, կարող էր հրաժարվել արդեն պատրաստի համարից։ Նա իր ընկերական հանդիպումների ընթացքում հաճախ ցավով հիշել է, որ իր գաղափարները հաճախ էին գողացվում։ Փաստ է, որ Օլեգ Պոպովը բացահայտ կրկնօրինակել էր նրա էտյուդներից մեկը՝ արեւի շողքի որսը, եւ հենց այդ էտյուդի շնորհիվ Պոպովը «արեւային ծաղրածու» կոչվեց։

Ճանապարհը դեպի արենա Ենգիբարովի համար դժվար է եղել, նրա առաջին բեմելը չի ընդունվել, իսկ Նովոսիբիրսկի կրկեսում ուղղակի տապալվել է։ Նա միշտ որոնող է եղել, չի բավարարվել եղած հաղթանակներով: Ենգիբարովն արենայում ծաղրածուների ավանդական գրիմը չէր օգտագործում։ Նա հայտնվում էր հանդիսատեսի առջեւ իր իսկ դեմքով, իր ուրույն ու փիլիսոփայական մտքերով, հարուստ միմիկայով, չարաճճի արարքներով։ Բեմական դիմակ որոնելիս` նա միախառնեց երկու ավանդական դիմակները՝ ուրախ ու անհոգ Առլեկինին եւ միշտ տխուր ու մտազբաղ Պյերոյին։ Ենգիբարովի կերպարը միաժամանակ եւ՛ ծիծաղելի, եւ՛ ողբերգական էր։ Թեթեւ, նույնիսկ թուլակազմ կառուցվածքը Ենգիբարովն իր կերպարի արժանիքը դարձրեց։ Նրա փխրուն, ուրախ ու խոցելի հերոսն այնքան բան ուներ ասելու, տալու եւ հուշելու, որ գրեթե միշտ տխուր էր։ Տխուր էր, քանի որ միշտ միայնակ էր ու չէր հասկացվում։ Երեւանում հղկվեց Ենգիբարովի վերջնական բեմական կերպարը։ Կրկեսի տեսաբան Ռուդոլֆ Սլավսկին գրել է. «Նրա կերպարում ազգային մի քանի գիծ հայտնվեց, եւ Ենգիբարովը երեւանյան փողոցների չարաճճի ու ժիր տղայի նմանվեց»։

Երեւանում Ենգիբարովը հանդիսատեսի կուռքը դարձավ, նա անընդհատ մարդկանցով էր շրջապատված, նրա հետ երազում էին ծանոթանալ, սուրճ կամ գինի խմել։ Իր հարցազրույցներից մեկում Ենգիբարովն ասել է. «Ես ափսոսում եմ, որ հայերեն չգիտեմ։ Քիչ թե շատ սովորել եմ սեր բացատրել, հայհոյել եւ թերթերում իմ ելույթների մասին գրախոսականներ կարդալ»։

Ֆրանսիացի հայտնի մնջախաղաց Մարսել Մարսոն՝ Մոսկվայում հանդիպելով Ենգիբարովին նվիրված «Եվ լուռ ասաց նա…» ֆիլմը նկարահանող Մեսրոպ Մովսիսյանին, ասել է. «Ես պանտոմիմի երեք հավասարաչափ պայծառ հանճար գիտեմ՝ Բաստեր Քիթոնը, Չարլի Չապլինը եւ ձեր Լեոնիդ Ենգիբարովը։ Սակայն նա միայն ձերը չի, նա բոլորինն է»։

Մոսկվայի կրկեսում նրան չէին սիրում, չէին ընդունում ու «թթվածինն էին փակում»։ Երկար ժամանակ նրան թույլ չէին տալիս արտասահման՝ հյուրախաղերի մեկնել, քանի որ նա կիսադեսիդենտական վիճակում էր հայտնվել։ Սակայն Ենգիբարովը երբեք հակախորհրդային ելույթներ չի ունեցել, նույնիսկ մեկ անգամ իր հայ ընկերների հետ զրուցելիս ասել է. «Ինձ համար մարդ սպանելն ավելի հեշտ է, քան հեղափոխություն անելը»։ Առաջին իսկ շրջագայությունից հետո Ենգիբարովը Պրահայում գրան-պրի ստացավ, եւ չեխ լրագրողի շնորհիվ նրա անվանը հյուսվեց «աշունը սրտում ծաղրածու» բառակապակցությունը։ Ընդ որում՝ Չեխոսլովակիայում Ենգիբարովը մի արկածախնդիր քայլ արեց՝ հատեց երկրի սահմանը, հասավ Շվեյցարիա, այնտեղից ԽՍՀՄ-ի դեսպանատուն զանգահարեց ու ասաց՝ հիմա գա՞մ, թե՞ մնամ։ Ուզում էր հասկացնել, որ հայրենիքը դավաճանելու ու լքելու նպատակ չունի։ Ճանաչված ծաղրածուներ Օլեգ Պոպովը, Յուրի Նիկուլինը չէին կարողանում հաշտվել տաղանդավոր ու սարսափելի աշխատունակ նորեկի հաղթանակների հետ։ Ենգիբարովին շատ էին խանգարում, ուղղակի «կյանքն ուտում էին»։ Իսկ Ենգիբարովը հանդուգն ու խորասույզ անձ էր, պարտությունների մասին հիշելը նրա համար ցավալի էր։ Նրան անհրաժեշտ էին ճանաչումն ու հանդիսատեսի ծափերը։ Նրան բեմ էր անհրաժեշտ։ Ենգիբարովը երազել է լուրջ դերերի ու սոլո-ներկայացումների մասին։ «Ծաղրածուն կրկեսային դադարներն է լցնում, նրա գործը համարների արարքները աննկատ դարձնելն է։ Ինձ հաճախ ասում էին, որ երբ ես արենայում եմ աշխատում, դա համարյա թե ամենագլխավոր իրադարձությունն է դառնում, իսկ կրկեսում դա ընդունված չէ։ Մի կողմից ինձ այդ փաստը շատ է ուրախացնում, բայց ես ստիպված էի հեռանալ կրկեսից։ Իմ արվեստը մենաներկայացումների է ավելի մոտ»,- ասել է նա իր հարցազրույցներից մեկում։

Եվ այն օրերին, երբ սկսեց իրականանալ նրա կյանքի երազանքը՝ հեղինակային կրկեսի ստեղծումը, Ենգիբարովի սիրտը պարզապես պայթեց։ Չդիմացավ։ Սլավսկին գրել է. «Հեղինակային կրկեսն այդ հզոր տաղանդի չերգված երգը մնաց»: Իսկ նա ընդամենը 37 տարեկան էր։ Ենգիբարովին արգելված էր ալկոհոլի օգտագործումը, սակայն նա խմել շատ էր սիրում եւ գայթակղությանը դժվար էր դիմադրում: Նա մահացավ իր սիրելի մոր ձեռքերում, ասելով` սիրտս անտանելի այրվում է: Նրա մահը բազում լեգենդներ ծնեց: Ասում էին, որ նա մանեժում է մահացել, մյուս վարկածի համաձայն` ընկել է Մոսկվայի փողոցում, իսկ անցորդները հանգիստ անցնում էին կողքով՝ մտածելով, որ հարբած է։ Իսկ երբ շտապօգնության մեքենան հասավ, պարզվեց, որ փողոցը փակել են, քանի որ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը օդանավակայան էր գնում։ Եվ Ենգիբարովին չհասցրին հիվանդանոց տեղափոխել։ Այս վարկածի հեղինակը Վլադիմիր Վիսոցկին էր: Երբ նրան զանգահարեցին ու ասացին, որ իր ընկեր Լյոնյան այլեւս չկա, նա լուռ ցած դրեց լսափողը եւ շշնջաց. «Երեւի ես էլ այսպես անտեր շան նման կմահանամ»։ Այդ մասին հաճախ պատմել է Վիսոցկու այրին` Մարինա Վլադին։ Հետագայում Վիսոցկին Ենգիբարովի հիշատակին նվիրված շատ հուզիչ ու գեղեցիկ բանաստեղծություն գրեց:

Ի՞նչ կատարվեց Ենգիբարովի արխիվի հետ

1985 թվականին Լեոնիդ Ենգիբարովի մոսկովյան բնակարան այցելեց ռեժիսոր Մեսրոպ Մովսիսյանը եւ, զրուցելով Ենգիբարովի մորաքրոջ՝ Եվգենյա Բաբարիկինայի հետ, Երեւան բերեց Ենգիբարովի գրեթե ողջ բեմական հագուստների արխիվը։ «Այդ արխիվը բավականին մեծ էր. բեմական հագուստ, ատրիբուտներ, անձնական իրեր էին։ Նույնիսկ հայտնի համարի անձրեւանոցներն էին։ Հույս ունեի, որ Ենգիբարովը Երեւանում թանգարան կունենա։ Բերեցի այդ չորս մեծ արկղերը Երեւան ու կրակն ընկա։ Ենգիբարովի անկյուն ստեղծելու համար ոչ մի տեղ չգտա, սկսեցի կրկեսից, վերջացրեցի Դրամատիկական թատրոնով։ Որոշ իրեր փոխանցվեցին Երեւանի կրկեսին, եւ հենց գլխավոր վարագույրի ետեւում Ենգիբարովի փոքրիկ անկյունը ստեղծվեց։ Արխիվը շատ մեծ էր, ես չէի կարող այն իմ փոքր տանը պահել։ Կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի հետ Կենտկոմ դիմեցինք, ասացինք՝ ախր Ենգիբարովը մեր հպարտությունն է, գոնե մի տարածք տրամադրեք։ Վերջիվերջո, Հրաչյա Ղափլանյանը համաձայնեց այդ իրերը պահել թատրոնում։ Սակայն նրա մահից հետո ոչ ոք տեղեկություն չունի, թե որտե՞ղ են այդ իրերը»,- պատմում է Մ. Մովսիսյանը։ Նա փորձել է արխիվի ճակատագրի մասին Ղափլանյանի դուստր Անահիտ Ղափլանյանից տեղեկանալ, սակայն նա էլ տեղյակ չէր, միայն հայտնել է, որ արկղերը պահվում էին Թատերական միության շենքի պահեստում։ Իսկ միության շենքը, որ ավելի շատ հայտնի է «Դերասանի տուն» անվանումով, արդեն վաճառվել էր եւ Ֆրանսիական դեսպանություն էր դարձել։ Երեւի շենքի վաճառքի ընթացքում դրանք անպետք շորեր եւ գրառումներ են համարվել եւ պարզապես դեն են նետվել։

Մեսրոպ Մովսիսյանը հիշում է, որ երբ զրուցում էր Ենգիբարովի մորաքրոջ հետ, մորաքույրն ասաց իրեն. «Լյոնյայի իրերը մի՛ տար, դու քո գլխին դժբախտություններ կբերես։ Լյոնյան վիրավորված գնաց այս աշխարհից»։ Մ. Մովսիսյանը պատմում է. «Ասացի՝ Լյոնյան այնքան լուսավոր մարդ էր, որ դժբախտություններ բերել չի կարող, իսկ մորաքույրը պատասխանեց՝ լուսավոր մարդ լինելով, նա քեզ դժբախտություն կբերի, ոչինչ մի վերցրու»։ Սակայն ոչ սնահավատ մարդ լինելով, հայ ռեժիսորը դրանք բերեց Երեւան։ Միստիկական անախորժությունների շղթան հենց օդանավակայանից սկսվեց. պայթեցին արկղերում պահված օծանելիքի բոլոր սրվակները, հետո դժբախտություն պատահեց Մ. Մովսիսյանի ընտանիքում։ «Բոլոր գործերս սկսեցին թարս գնալ։ Արկղերը «Ա1+»-ի խմբագրություն տարա, մի քանի օր անց խմբագրությունը ցրեցին։ Հետո Ղափլանյանի մոտ տարա, Ղափլանյանը մահացավ, միության շենքն էլ վերացավ։ Անհասկանալի վիճակ էր»։ Ենգիբարովի մորաքրոջ պատմելով՝ Լյոնյայի անվան ու իրերի հետ կապված շատ միստիկական պատմություններ են եղել։ Երբ Ենգիբարովի մոտ ընկերները նրա հիշատակի կենացն էին խմում, կինոբեմադրիչ Ռոլան Բիկովը բարձրացրեց բաժակը, ուզում էր մի բան ասել, եւ մինչ այդ պարզ ու անամպ երկինքը հանկարծ մթագնեց, կայծակ սկսվեց ու խփեց ուղիղ Ենգիբարովի բյուրեղապակյա սափոր-մրցանակին՝ կարծես ածելիով այն երկու կտոր անելով։

Իսկ Ենգիբարովի Երեւան բերված արխիվի հետքը կորել է։ Ենգիբարովը սովորաբար բեմական հագուստի մի քանի կոմպլեկտ է ունեցել, որոշ կոմպլեկտներ այժմ Մոսկվայի Արվեստի ու գրականության թանգարանում են ցուցադրվում, մեկ կոմպլեկտը Երեւանի կրկեսում է: Արխիվային որոշ նյութեր, հիմնականում` Ենգիբարովի լուսանկարներն ու գրքերը, մնացել էին նրա կենսագիր Ռուդոլֆ Սլավսկու մոտ, որոնք 90-ամյա կրկեսի տեսաբանը սիրով հանձնել է Ենգիբարովի մեծ երկրպագու Գայանե Կլեկչյանին` հույս ունենալով, որ Ենգիբարովը Երեւանում իր թանգարանը կունենա։ Մեր թերթը տպագրում է Ենգիբարովի մինչ այժմ անտիպ երեք նովելները ու հանրությանն անծանոթ լուսանկարները, որոնք գտնվում են Գ. Կլեկչյանի մոտ: Իսկ մնացած նյութերն իրենց ժամին են սպասում։

Գայանեն պատրաստ է դրանք Երեւանի մնջախաղի թատրոնին հանձնել, հենց թատրոնն իր սեփական շենքն ունենա։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հուսով է, որ իրեն կհաջողվի, վերջիվերջո, Ենգիբարովի թանգարանը բացել: «Ես պիտի բոլոր նյութերը հավաքեմ, քանի որ վստահ եմ, որ մեզ մոտ դրանք լավ կպահպանվեն: Ենգիբարովի տունը պետք է Մնջախաղի թատրոնը դառնա, քանի որ նա իր էությամբ մնջախաղաց էր»,- ասում է նա: Դեռ տասը տարի առաջ Ժ. Դադասյանը փորձ է արել ձեռք բերել Ենգիբարովի արխիվային լուսանկարներն ու ձեռագրերը չեխերենի թարգմանիչ Հովհաննես Հարությունյանի եղբայր Ներսեսից. «Հովհաննեսին բոլորը Չեխ Հովիկ էին ասում, քանի որ նա չեխերենի փայլուն թարգմանիչ էր, սովորել էր Պրահայի համալսարանում, շատ մտերիմ էր Ենգիբարովի հետ, ճանաչում էր նրա չեխ կնոջն ու դստերը, շատ լուսանկարներ ու ձեռագրեր ուներ: Սակայն նրա մահից հետո Ներսեսը չցանկացավ Ենգիբարովի գրական ժառանգությունը մեզ տրամադրել: Ի՞նչ եղավ այդ արխիվը, չգիտեմ: Այդ արխիվում հիմնականում Լյոնյայի մանկական լուսանկարները եւ նովելների ձեռագրերն էին»: Ենգիբարովի դուստրը 80-ական թվականներին 18 տարեկան հասակում Երեւան է այցելել, մեկ տարի ապրել է Երեւանում, սակայն նորից Պրահա է վերադարձել: Նա երբեք իր հորը չէր տեսել:

Ենգիբարովը միշտ գրանցել է իր մտքերը, սկզբում` որպես սեփական ինտերմեդիաների սցենարներ, հետո արդեն՝ փոքրիկ նովելների տեսքով։ Ընդ որում՝ նա միշտ աշխատել է փոփոխել իր գրելու վայրը, եթե մի օր գրասեղանի մոտ նստած է գրել, ապա հաջորդ անգամ գրում էր պատուհանի գոգին կամ թախտին նստած։ «Թե չէ նովելը լավ չի ստացվի»,- գրել է նա իր օրագրում։

«Բոքս»

Լեոնիդ Ենգիբարովի ամենացայտուն ինտերմեդիաներից մեկը «Բոքսն» էր։ Նա լավ տիրապետում էր բոքսին, քանի որ պատանեկության տարիներին սպորտային դպրոց էր հաճախել եւ բոքսում իր կուռքն ուներ՝ Վլադիմիր Ենգիբարյանը։ Բոքսն արենայում միշտ էլ օգտագործվել է եւ իր ընդունված սցենարներն է ունեցել: Բոլոր ծաղրածուներն օգտագործում էին պարտնյորների հակադրությունը՝ մեկն առնական ատլետ էր, իսկ մյուսը` պատահական թուլակազմ մարդ։ Եվ, իհարկե, հանդիսատեսի համակրանքը միշտ թույլի կողմն է եղել, ով վերջիվերջո, պատահական զուգադիպությունների շնորհիվ հաղթող է ճանաչվել։ Նման ինտերմեդիա ուներ նաեւ Ենգիբարովը, ու թեեւ այն մեծ հաջողություն ուներ, Ենգիբարովը կարծես բավարարված չէր, առավել դժգոհ էր ֆինալից։ «Եթե վառ ու արտահայտիչ ֆինալ գտնված չէ, բոլոր տրյուկները կարծես օդում կախված են մնում»,- նկատել է Ենգիբարովը։ Նա իր «Բոքսի» համար ցայտուն ավարտ Երեւանում գտավ։ Մի անգամ առաջին շարքում նստած մի երիտասարդ աղջիկ էտյուդի կատարման ամենաթեժ պահին արենա նետեց մի ալ կարմիր վարդ, եւ այդ վարդը միանգամից իմաստային շրջադարձ արեց եւ փոխեց երկու պարտնյորների կոնֆլիկտի բնույթը։ Թույլիկ տղան ակնթարթորեն ուժ ստացավ եւ քար լռությամբ ջարդուփշուր արեց հակառակորդին։ Հետագա կատարումներում մկանուտ ատլետը արհամարհանքով վարդը ոտքով դեն էր շպրտում, եւ այդ պահին Ենգիբարովի հերոսը կարծես վիրավորվում, կատաղում էր, ուզում էր վրեժխնդիր լինել։ Նրա հոգում փոթորիկ էր, իսկ փոքրիկ վարդը կարծես նրա սրտի խորքում նիրհող այդ փոթորիկն ազատ էր արձակում։ «Ինչպե՞ս կարելի է, դա իմ վարդն է, իմ սիրտն է, իմ սերն է»,- լուռ ասում էր նա։ Եվ դառնում էր ավելի ուժեղ, դիպուկ ու ճարպիկ։ Հակառակորդը նոկաուտում էր հայտնվում։ Այսպես Ենգիբարովի «Բոքսը» դարձավ միաժամանակ եւ՛ ծիծաղելի, եւ՛ դրամատիկ։ Ենգիբարովի «Բոքսում» նաեւ ենթատեքստ կար. արդյո՞ք այդ վարդը Ենգիբարովին էր հասցեագրված, գուցե նա սխալմամբ է այդ «մրցանակն» իրենը համարում։ Սակայն դրա պատասխանն էլ էր ենթադրվում՝ վարդը նրանն է, ով փխրուն գեղեցկությունը գնահատել ու պահպանել գիտի։ Ում համար մի ծաղիկը կարող է հրաշագործ ու խորհրդավոր նշանակություն ունենալ եւ սեփական կյանքից էլ թանկ լինել։

«Աղջկա որս»

1965 թվականին Լեոնիդ Ենգիբարովի մասին լուսանկարային ռեպորտաժ էր պատրաստում լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանը, ով այժմ ղեկավարում է «Ֆոտոլուր» գործակալությունը: Որպեսզի լուսանկարները թարմ ու ավելի կենդանի ստացվեին, Ենգիբարովը լուսանկարչին առաջարկում է մոտակա այգի գնալ: Եվ հենց Կոմայգում, հանպատրաստից, էքսպրոմտ մի համար է հնարում: Ենգիբարովն իր հետ Կոմայգի է հրավիրում բոլորովին անծանոթ մի աղջկա, ով նույնպես կրկեսում էր աշխատում: Ենգիբարովին կին պարտնյոր էր հարկավոր, որպեսզի «Աղջկա որս» պայմանական անվանումով իր նոր հնարած դրվագը կատարեր: Ենգիբարովի վզին երկար կաշնե էր փաթաթված, որը նա որպես «կարթ» օգտագործեց՝ նետելով աղջկա վզին եւ հետո դանդաղ-դանդաղ իր մոտ քաշելով: Աղջիկն արդեն հնազանդ էր, իսկ Ենգիբարովի դեմքը հաղթանակ եւ հպարտություն էր արտահայտում: «Տեսե՛ք, ինձ մոտ ստացվե՛ց»,- կարծես լուռ բացականչում էր նա: Հետո, աղջիկն ու միմը` երկուսով կաշնեով փաթաթված ու կապկպված, հեռացան այգու ծառուղիով: Հետագայում Ենգիբարովն այս համարը ոչ մի տեղ այլեւս չօգտագործեց ու չցուցադրեց, այս դրվագը մնաց միայն Հերբերտ Բաղդասարյանի լուսանկարներում: Հ. Բաղդասարյանը պատմում է. «Ես շատ երիտասարդ էի, եւ Ենգիբարովը ինքն էր օգնում ինձ` տարբեր ռակուրսներ առաջարկելով: Նա հարավային տեմպերամենտ ու հյուսիսային դաստիարակություն ուներ եւ բավականին փակ անձնավորություն էր: Իր բնակարանում լուսանկարելու համար մեզ պետք եղավ իսկական հետաքննություն անցկացնել` պարզելու համար, թե որտեղ է նա ապրում: Ենգիբարովը խուսափում էր ավելորդ ուշադրությունից»: