«Արմենիան» չի ուզել

06/03/2006

Ռոբերտ Քոչարյանի` նախօրեին մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցը կարելի է սենսացիոն համարել: ՀՀ նախագահը, հակառակ իր սովորության, ընդդիմության կամ ուրիշ որեւէ մեկի հասցեին այդպես էլ «աշխարհացունց» մտքեր չի արտահայտել եւ հարցազրույցը կոռեկտության սահմաններից դուրս չի եկել: Ի դեպ, այդ հարցազրույցին մասնակցում էին միայն «Հ1», «Հ2» եւ Արցախի հեռուստատեսությունները: Նկատենք, որ «Արմենիա ՏՎ-ն», որը «Հ1»-ից ու «Հ2»-ից պակաս իշխանամետ չէ, հրավիրված չէր այդ միջոցառմանը: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ դրանում որեւէ միտում չի եղել: Ուղղակի, ըստ Վ. Սողոմոնյանի, Ռ. Քոչարյանին հարցազրույցի խնդրանքով դիմել են միայն այդ երեք հեռուստաընկերությունները, ուստի միայն նրանց են հրավիրել: «Նույն հաջողությամբ, եթե ուրիշ հեռուստատեսություններ դիմեին, նրանց էլ կհրավիրեինք»,- փոխանցեց Վ. Սողոմոնյանը: