Տեղերը չե՞ն թանկացել

06/03/2006

«Հրազդան» տոնավաճառի տաղավարների վարձակալները կրկին դժգոհում են, թե տնօրինությունը երեկ տեղեկացրել է, որ այսուհետ իրենք պետք է վճարեն ավելի թանկ, քանի որ «հարկային դաշտ են մտնում»: Մասնավորապես, 10 քմ-անոց մի տարածքի վարձակալի հավաստմամբ` ինքը պետք է վճարի հավելյալ 30.000 դրամ, գումարած հավելյալ 2700 դրամ` յուրաքանչյուր աշխատողի եւ 5000 դրամ` հաշվապահի համար: Նա բողոքում էր, որ այսուհետ տարածքն «իր վրա նստելու է» 670 դոլար, ինչը «նման պասիվ առեւտրի պայմաններում հնարավոր չէ փոխհատուցել»: Ի դեպ, փետրվարին ձյան հետեւանքով քանդվել էր տոնավաճառի տանիքը, ինչի պատճառով որոշ տաղավարներ չեն գործել 3 օր, իսկ որոշները` 5 օր: Վարձակալները դժգոհում էին, որ այդ օրերի վարձը նույնպես գանձվել է: «Հրազդան» հոլդինգի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ չաշխատած օրերի վարձավճարների առնչությամբ վարձակալների եւ տնօրինության միջեւ որեւէ խնդիր չի ծագել: Այժմ տանիքը վերանորոգված է, եւ աշխատանքները շարունակվում են նորմալ հունով: Ինչ վերաբերում է տաղավարների վարձերին, ապա հոլդինգի լրատվական ծառայության հավաստմամբ, դրանք չեն թանկացել: Պարզապես, «Հրազդան մարզահամալիր» վարձակալական ձեռնարկությունը հրաժարվել է պայմանագիր կնքել ֆիզիկական անձանց հետ, եւ այսուհետ աշխատելու է իրավաբանական անձանց հետ: Իսկ դա նշանակում է, որ վարձակալները, որպես անհատ ձեռնարկատերեր, այսուհետ պետք է իրենք վճարեն որոշ հարկատեսակներ: Հիշեցնենք, որ «Հրազդանն» անցյալ տարվա 300 խոշոր հարկատուների ցուցակում 132-րդ տեղում էր:

Կ. Թ.