«Հայ անկախական պայքարի առաջնորդի» դիմումը

06/03/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Առիթը, ինչպես ներկայացվեց, «Մոսկվայում փետրվարի վերջին խոշտանգված չորս հայ մարդկանց հարցով ՀՀ ԱԳ ձեռնարկած միջոցների, ջավախքահայերին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարության հետ կապված հայկական արտաքին քաղաքականության մարտահրավերների վերաբերյալ» ԱԻՄ առաջնորդի՝ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված դիմումն էր: Վկայակոչելով Փարիզի «Հառաջ» թերթը՝ Հայրիկյանը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարի վերջերին մոսկովյան սափրագլուխները դաժան խոշտանգումների ենթարկելով սպանել են աշխատանք գտնելու նպատակով Մոսկվա մեկնած 4 գյումրեցիների: ԱԻՄ առաջնորդն ԱԳ-ից խնդրում էր տեղեկացնել, թե փաստի առնչությամբ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել: Ըստ Հայրիկյանի, նա օրերս պարզել է, որ արհեստական խոչընդոտների միջոցով «ձգձգում են ազգությամբ հայ մարդկանց ՀՀ քաղաքացի դառնալու խնդրանքը»: ԱԻՄ ղեկավարն ԱԳ նախարարից խնդրում էր նվազագույնի հասցնել այս ոլորտում առկա խոչընդոտները եւ խրախուսել «հայկական ծագումը հիշող մարդկանց դարձն իրենց հայրերի ազգության գիրկը»: Ըստ նրա, բոլոր ջավախքցիներին, ովքեր կցանկանան ՀՀ քաղաքացիություն ստանալ, օգտվելով բարեփոխված Սահմանադրության ընձեռած հնարավորությունից, պետք է քաղաքացիություն տալ: Անդրադառնալով Արցախին՝ Հայրիկյանը նշում է, թե ՀՀ իշխանություններն Արցախի նախագահի՝ Հայաստանի՝ բանակցություններից դուրս գալու անհրաժեշտության մասին կարեւորագույն հայտարարությունն անտարբերության են մատնում՝ շարունակելով միջազգայնորեն ամրագրել այն կարծիքը, թե առկա է ոչ թե Արցախի ինքնորոշման հարց, այլ հայ-ադրբեջանական՝ օրեցօր խորացող հակամարտություն: «Ստացվում է, որ Արցախի ինքնորոշման դեմ է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Հայաստանի իշխանությունները,- ասում է ԱԻՄ առաջնորդը՝ ավելացնելով,- որպես հայ անկախական պայքարի առաջնորդ, հայ իրականության մեջ ինքնորոշման սկզբունքի առարկայորեն վերակենդանացրած ազգային գործիչ` ես իմ պարտքն եմ համարում կոչ անել ՀՀ իշխանություններին արմատապես փոխել վերաբերմունքը հայ-ադրբեջանական հակամարտության վերածված Արցախի ինքնորոշման խնդրի նկատմամբ»: Հայրիկյանի կարծիքով՝ ՀՀ-ն պետք է դուրս գա Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացից եւ մնա միայն Արցախի անվտանգության լրացուցիչ երաշխավորի դերում: Հատկանշական է, որ ՀՀ արտգործնախարարին ուղղված իր դիմումը «հայ անկախական պայքարի առաջնորդը» գրել էր ավանդական ուղղագրությամբ: