Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ լսվեց Մարզահամալիրի հայցն ընդդեմ ծաղկի տաղավարների սեփականատերերից մեկի՝ Աշոտ Նազարյանի: Մարզահամալիրի իրավաբանական բաժնի պետ Հրաչ Ալեզյանը ծաղկավաճառներից պահանջում է կնքել ենթավարձակալության պայմանագիր կամ ազատել զբաղեցրած տարածքը: Մինչդեռ, հիշեցնենք, որ տաղավարների տարածքները 1999-2001թթ. ժամանակահատվածում անհատ ձեռներեցների կողմից ձեռք են բերվել օրինական կարգով, առկա են քաղաքաշինական բոլոր նորմերը հաստատող փաստաթղթերը, Երեւանի ներկա եւ նախկին քաղաքապետերի կողմից ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը, սպասարկման համար անհրաժեշտ հողը վարձակալության հիմունքներով 10-15 տարի ժամկետով հատկացվել է անհատ ձեռներեցներին: Այս ամենի հետ մեկտեղ, կառավարության որոշմամբ՝ տաղավարների հողատարածքը 50 տարի ժամկետով վարձակալությամբ տրվել է «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին: Տվյալ պարագայում առաջին օրինախախտները կառավարությունը, քաղաքապետարանը, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն են: Փաստորեն, այս մարմինները միեւնույն տարածքը հատկացրել են երկու սուբյեկտների, եւ որքան էլ զարմանալի է, երկու կողմերն էլ ունեն համապատասխան փաստաթղթեր եւ տարածքի հանդեպ հողօգտագործման իրավունք: Այս կոնֆլիկտը շտապողականորեն լուծելու ԲԱՄՕ-ի վճռականությունը ծաղկավաճառները յուրովի են մեկնաբանում: Ինչպես հայտնի է, կառավարությունը կոնկրետ ժամկետ էր սահմանել, ըստ որի` ԲԱՄՕ-ն պարտավորվում էր մինչեւ հունվար ամիսը համալիրի կառուցման համար որոշակի ներդրումներ կատարել, բայց քանի որ ժամկետը լրացել է, իսկ ԲԱՄՕ-ն ոչ մի ներդրում էլ չի կատարել՝ կառավարության մեկ այլ որոշմամբ այն երկարաձգվել է՝ մինչեւ ապրիլի 1-ը: Ներկայումս ԲԱՄՕ-ն ցանկանում է տաղավարների տարածքը շուտափույթ յուրացնել, քանի որ ներդրումներ կատարելու փոխարեն նպատակ ունի 50 տարի ժամկետով տրամադրված 19,54 հա տարածքով Մարզամշակութային համալիրը վերավաճառել: Իսկ վաճառելու դեպքում ԲԱՄՕ-ին չի խանգարի 650քմ զբաղեցրած տաղավարների հավելյալ տարածքը, որով, ըստ ծաղկավաճառ կրպակատերերի՝ կարելի է ավելի գումար աշխատել: Ծաղկի տաղավարների սեփականատերերից Աշոտ Նազարյանի շահերը պաշտպանող Սերյոժա Մկրտչյանը միջնորդություն ներկայացրեց, ըստ որի` ԲԱՄՕ ընկերությանը հատկացված տարածքը մի քանի հեկտարով ավելի է, քան նրանց տրամադրվել է փաստաթղթերով: Ծաղկավաճառների հավաստմամբ՝ չափագրող մասնագետներն, ովքեր քաջատեղյակ են այս գործարքից, իրենց տեղեկացրել են, որ ԲԱՄՕ-ին տրամադրվել է ոչ թե փաստաթղթերում նշված 19,54 հա, այլեւ 2-3 հա ավելի տարածք: Ի դեպ, Աշոտ Նազարյանը հակընդդեմ հայցադիմումով պահանջել էր, որ դատարան հրավիրվեն Կադաստրի պետական կոմիտեի կենտրոն ստորաբաժանման եւ նոտարական գրասենյակի ներկայացուցիչները, որոնք, սակայն, չէին ներկայացել: Փաստաբան Ս. Մկրտչյանի միջնորդությունն, ըստ որի` վերոնշյալ ներկայացուցիչների ներկայությունը քննությանն արժեք է ներկայացնում, նախագահողի կողմից բավարարվեց, հաջորդ նիստին նրանց դատարանը կպարտավորեցնի նիստին ներկայանալ: Հայցվորին ուղղած փաստաբանի այն հարցին, թե արդյոք 50 տարի ժամկետով ընդունած տարածքն ուսումնասիրե՞լ են իրենք եւ տեղյա՞կ են եղել, որ տարածքն արդեն ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, վերջինս պատասխանեց, որ հանձնված տարածքն ուսումնասիրվել է, եւ իրենք իրազեկ են եղել: ԲԱՄՕ-ի իրավաբանը նաեւ նշեց, որ տարածքի ընդունման-հանձնման ակտ չեն կազմել: Մարզահամալիրի իրավաբանական բաժնի պետ Հ. Ալեզյանից փորձեցինք ճշտել, թե որքանով են ճիշտ ծաղկավաճառների այն պնդումները, թե ԲԱՄՕ-ն պատրաստվում է Համալիրը վերավաճառել, սակայն վերջինս հրաժարվեց՝ խորհուրդ տալով միայն դատական նիստերին հետեւելով եզրահանգումներ անել: Իսկ եզրահանգումը հետեւյալն է. ԲԱՄՕ-ն կարծես թե ցանկանում է առայժմ տարածքը վարձակալությամբ տրամադրել: Նշենք, որ ԲԱՄՕ-ն ծաղկավաճառներին առաջարկել է ամսական 1000 դոլար վարձավճարով շարունակել իրենց բիզնեսը: Հակառակ դեպքում ԲԱՄՕ-ն տրամադրված է տարածքից վտարել մանր բիզնեսի ներկայացուցիչներին: