Խորհրդային ժողովրդին ապրանք էր մատակարարում կամ ծառայություն մատուցում պետությունը: Կամ՝ խորհրդային տարիներին իբր թե պետությունը ժողովրդինն էր, եւ «սպառող» ու «սպառողի շահերի պաշտպան» հասկացություններ չկային: Դրանք շուկայական հարաբերություններին հատուկ երեւույթներ են: Ետխորհրդային ժամանակներում խորհրդային հասարակությունը դժվարությամբ ընդունեց, որ ինքը սպառող է: Այս փոփոխությանը դեռ չհարմարված՝ խորհրդային մարդը տեսավ, որ իր նման սպառողի շահերը պետք է պաշտպանել: Երեւույթն ինչքան խորթ էր, նույնքան էլ հաճելի թվաց: Իհարկե, ավելի ուշ նա հասկացավ, որ եթե օրենքը կամ իրավապահ համակարգը չի կարողանում իր շահերը պաշտպանել, ապա դժվար թե իր նման մարդը կարողանա իրեն պաշտպանել: Համենայն դեպս, անգործ ու անպաշտպան մարդը դժգոհությունները գոնե ինչ-որ մեկի հետ կիսելու հնարավորություն ձեռք բերեց: Հավանաբար հենց դրա համար էլ ստեղծվել են սպառողների շահերը պաշտպանող բազմաթիվ կազմակերպությունները: Սպառողը կամ բաժանորդը գոնե կարող է զանգել ինչ-որ մեկին, երկար դժգոհել ու բողոքել պետական ու մասնավոր կառույցներից, նյարդերը հանգստացնել, ինչ-որ տեղ նաեւ հույսով սպասել, որ այդ պաշտպանը կպաշտպանի իր իրավունքները:
Մի խոսքով, այսօր Հայաստանում կան սպառողների շահերը պաշտպանող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Նրանցից մի քանիսը երեկ փորձում էին ներկայացնել գազ սպառողների բողոք-դժգոհությունները եւ քննարկում էին կազմակերպել: Բայց նախատեսված կլոր սեղանը կամ քննարկումը սպասված ընթացքը չունեցավ, որովհետեւ չէր ներկայացել գլխավոր թիրախ «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը: Մինչեւ բանախոսներն իրար գլխի կհավաքվեին, լրագրողները հուզող թեմաների մասին խոսքի բռնվեցին հասարակական կազմակերպությունների ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ու քննարկումը սկսվեց, հավանաբար նաեւ ավարտվեց իրենց՝ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների գործունեությունն ու նպատակները ներկայացնելով: Բայց այդ ընթացքում հասցրեցինք տեղեկանալ, թե գազ սպառողներն ինչ դժգոհություններ ունեն մատակարար ընկերությունից: Պարզվեց, որ ահազանգերը մեծամասամբ վերաբերում են ներտնային ցանցի սպասարկմանը: Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին ներտնային ցանցի սպասարկման մենաշնորհը տրվեց «ՀայՌուսգազարդին»: Սպառողները դժգոհում են, որ ներտնային ցանցն ունենալուց հետո իրենք երկար ժամանակ չեն կարողանում գազ ստանալ: Ներտնային ցանցի անցկացումը կատարվում է սպառողների հաշվին:
«Անգամ դեպքեր են եղել, որ ներտնային ցանցն անցկացնելուց մինչեւ մեկ-երկու տարի հետո էլ սպառողը չի կարողանում միանալ մատակարարման ցանցին,- ասում է սպառողների շահերի պաշտպան Վաչագան Ալավերդյանը: -Նա իր ներդրումը կատարում է եւ սպասում է «ՀայՌուսգազարդի» ներդրումներին, որը շատ հաճախ ուշանում է: Սպառողը ներտնային ցանցն անցկացնելուց հետո ակնկալում է ֆինանսական շահավետություն, էժան էներգիայի աղբյուր, բայց մատակարարն ուշացնում է գազը: Այդ երեւույթը հատկապես նկատելի է առանձնատների դեպքում: Այսինքն, «ՀայՌուսգազարդը» շահագրգռված է ավելի շուտ գազիֆիկացնել խիտ բնակչություն ունեցող եւ շատ բաժանորդներ ենթադրող հատվածներում: Այսպիսով, դժգոհություններ կան նաեւ գազիֆիկացման ծրագրի վերաբերյալ, այսինքն գազիֆիկացումն ամբողջ երկրով համաչափ չի տարվում, նույնիսկ շատ հաճախ պլանային շեղումներ են լինում»:
Դժգոհություններ կան նաեւ այն հանգամանքի նկատմամբ, որ ներտնային ցանցի մենաշնորհը հանձնվեց «ՀայՌուսգազարդին»: Բաժանորդներից ոմանք չեն ուզում ընդունել այդ ընկերության ծառայությունը եւ դրա դիմաց սահմանված սակագները: Նրանք հանձնաժողովին մեղադրում են, որ իրենց զրկեց ընտրություն կատարելու իրավունքից:
«Գիտեք, բաժանորդներից դժգոհություններ միշտ էլ կլինեն,- այսպես բացատրեց հանձնաժողովը ներկայացնող Մկրտիչ Ջալալյանը: -Ես էլ եմ բաժանորդ, ես էլ դժգոհություններ ունեմ: Սակայն այս պայմաններում դա միակ ելքն էր: Ներտնային ցանցի սպասարկման աշխատանքները մատակարարին տալով, մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք եւ դժբախտ պատահարների դեպքում` գիտենք ում մեղադրել: Դժբախտ պատահարների դեպքերը գնալով շատանում էին, եւ դրա համար մենք այդպիսի որոշում ընդունեցինք»:
Սպառողների շահերի պաշտպաններն էլ համաձայն են, որ այդ ծառայությունը տրվեց «ՀայՌուսգազարդին»: Նրանք նույն սպառողների անվտանգությունից ելնելով է, որ ուզում են պատասխանատու կառույցի հետ գործ ունենալ: Հանձնաժողովը որոշել է, որ ներտնային ցանցի սպասարկումն էլ մատակարար ընկերությունն է անելու եւ որոշել է ծառայության սակագները: Իսկ ՀՀ կառավարությունը դեռեւս 2002թ. էր որոշում կայացրել, որ ներտնային ցանցը սպասարկող կազմակերպության հետ պայմանագիր չունեցող բաժանորդը կզրկվի գազամատակարարումից: Այնպես որ, սպառողն այլընտրանք չունի: Իսկ «ՀայՌուսգազարդից» տեղեկացրին, որ 342.000 բաժանորդի հետ արդեն պայմանագրերը կնքվել են: Մնացած 22.000-ի հետ էլ կկնքեն առաջիկայում: Այնպես որ, ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի մտավախությունը, որ իրենք վնասով են աշխատելու, տեղին չէ: