Արցախյան պատերազմի հետեւանքով ԼՂՀ-ում ավերվեցին նաեւ գործարաններ ու այլ հիմնարկ-ձեռնարկություններ: Այդպիսով հետպատերազմյան տարիներին ղարաբաղցիները կանգնեցին նոր խնդիրների առջեւ. զբաղվածության խնդիրը մտահոգում էր բոլորին: Ոմանք նախընտրեցին մեկնել այլ երկրներ, ոմանք` մնալ հայրենի երկրում եւ ստեղծել սեփական բիզնեսը, մյուսները սպասում էին «լավ օրերին»:
Այսօր ԼՂՀ-ում բնակիչներն ունեն տարբեր զբաղմունքներ: Ըստ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսության ճյուղերում զբաղվածների քանակը 2005թ. կազմել է 37.776 մարդ, որը 2004թ. համեմատ ավելացել է 10,0 տոկոսով: Ընդ որում` առեւտրում` 37,1 տոկոսով, գյուղատնտեսությունում` 23,4 տոկոսով, արդյունաբերությունում` 12,5 տոկոսով, կառավարում եւ պաշտպանությունում` 7,2 տոկոսով, շինարարությունում` 13,6 տոկոսով, կրթությունում` 1,5 տոկոսով, կապում` 10,4 տոկոսով, հասարակական կազմակերպություններում`14,4 տոկոսով, ֆիզկուլտուրա եւ սպորտում` 5,2 տոկոսով:
Վիճակագրական տվյալներով, վարձու աշխատողների թվաքանակի նվազում է նկատվել սոցիալական ապահովության եւ ապահովագրության, անտառտնտեսության եւ գիտության ու գիտական սպասարկման ճյուղերում: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնում հաշվառման են կանգնել 4398 չզբաղված քաղաքացիներ, որոնց 79,9 տոկոսը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Ընդ որում, Ստեփանակերտում աշխատանք փնտրող քաղաքացիների թվաքանակը կազմել է 2713 մարդ, որից 99,9 տոկոսը` գործազուրկ: Աշխատանք փնտրող քաղաքացիների թվաքանակը 2005թ. հունվարի 1-ի նկատմամբ ավելացել է 4,1 տոկոսով, գործազուրկների թվաքանակը` 7,2 տոկոսով:
2005թ. տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 51.127 դրամ եւ 2004թ. համեմատությամբ ավելացել է 9957 դրամով կամ 24,2 տոկոսով: Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Ստեփանակերտի բնակիչ Արամ Բարսեղյանը, անշուշտ, չի կարելի համեմատել այսօրվա վիճակը տարիներ առաջ Արցախում տիրող վիճակի հետ: «Բոլոր առումներով էլ առաջընթաց նկատվում է, իսկ գործազուրկների թվի աճը եւ ընդհանրապես զբաղվածության խնդրի առկայությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ բարձրագույն կրթություն ստացողներն են շատացել, որոնք ավարտելուց հետո չեն կարողանում աշխատանքի տեղավորվել: Այսինքն` մասնագիտության ընտրությունը երեւի ճիշտ չեն կատարում: Օրինակ ես փականագործ եմ եւ վերջին 20 տարվա ընթացքում իմ արհեստով եմ գոյատեւել: Այսօր որդուս նույնպես սովորեցնում եմ իմ գործը, քանի որ, անկեղծ ասեմ, գիտելիքներով չի փայլում, եւ իզուր կլինի նրան ուղարկել սովորելու ինչ-որ բուհում: Ուստի ավելի նպատակահարմար է այս աշխատանքը, որն իրեն գոնե ապրելու նվազագույն պայմանները կապահովի»,- այս կարծիքն արտահայտեց 43-ամյա փականագործը: