Վիճում էին, հաշտվում, բայց եւ ընկալում էին մի պարզ ճշմարտություն` ծառը ծառ է, հարեւանությունը` հարեւանություն, մարդկությունը` մարդկություն: Դրա համար էլ ֆիլմի վերջը բարի եղավ: Մեր օրերում քիչ չեն դեպքերը, երբ տեղի են ունենում կենցաղային կռիվներ ու վիճաբանություններ եւ երբեմն կռվող կողմերը միմյանց հասցնում են մարմնական լուրջ վնասվածքներ, օգտագործելով ամեն տեսակի կենցաղային առարկաներ, խոհանոցային ու ինքնաշեն դանակներ, երկաթյա եւ փայտյա ձողեր, գյուղատնտեսական առարկաներ, իսկ այդ ամենն ավարտվում է նրանով, որ վիճող կողմերը երկար ժամանակ գամված են մնում անկողնուն: Միմյանց հետ վիճում են հարեւանները, բարեկամները, մանկության ու պատանեկության ընկերները, քաղաքական գործիչները եւ, վերջապես, հարազատները: Ծանոթանալով ՀՀ Ոստիկանության քրեական ամփոփագրերին` ապշում ես, որ ամեն մի չնչին բանի համար վեճը կարող է ավարտվել մի կաթիլ մեղրի պատմությամբ: ՀՀ-ում օրական արձանագրվում են միջինը 20-ից ավելի խուլիգանության դեպքեր, որոնք հիմնականում կատարվում են վեճերի, իրար չհասկանալու արդյունքում: 2005-ին ՀՀ-ում գրանցվել է 8875 հանցագործության դեպք, որից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու` 725, այդ թվում` առողջությանը ծանր վնաս պատճառելու` 419 դեպք: Հայտնաբերված հանցագործներից 119-ը հետախուզվել են խուլիգանության, 91-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու համար:
Ոստիկանության Վայքի բաժին է դիմել Հռու գյուղի գյուղապետ, 1951-ին ծնված Մ. Բադալյանը եւ հայտնել, որ համագյուղացիները գյուղապետարանում ծեծի են ենթարկում իրեն: Ոստիկանության Արարատի բաժնում հետաքննություն է կատարվում Լանջանիստի գյուղապետ, 1956-ին ծնված Հ. Դավթյանին մարմնական վնասվածքներ հասցնելու կապակցությամբ։ Նրան իր աշխատասենյակում ծեծել է Շաղափի բնակիչ Հ. Ղազարյանը: Ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել Երեւանի Մանկավարժական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, 1948-ին ծնված Ա. Չիբուխչյանը եւ հայտնել, որ 1985-ին ծնված, ուսանողուհի Ա. Մկրտչյանը ձեռքի պայուսակով մարմնական վնասվածքներ է հասցրել իրեն: Արտաշատցի Ճ. Վարդանյանը ծեծի է ենթարկել Գետազատ գյուղի մանկապարտեզի վարիչ Ց. Գրիգորյանին: ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի թիկնազորի անդամ Օ. Հուսեյանը, իր եղբոր` ՀՀ ՊՆ համակարգի աշխատակից Հ. Հուսեյանի, Արշալույս գյուղի բնակիչներ Մ. Թամոյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Ն. Ղուկասյանի հետ, վարելով ՎԱԶ-2106 մակնիշի 12 ՍԼ 093 պետհամարանիշի ավտոմեքենան, փորձել են մուտք գործել Մեծամորի ՀԱԷԿ-ի տարածք, սակայն տարածքը հսկող ոստիկանության ավագ լեյտենանտ Գ. Ազիզյանը, շարքայիններ Ս. Ներսիսյանն ու Ա. Շահվերդյանը կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն ծեծի են ենթարկվել նրանց կողմից:
Ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել տեղի Հ. Թումանյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Ռ. Էդոյանը եւ հայտնել, որ ինստիտուտի Տարրական կրթության մանկավարժական ամբիոնի վարիչ Գ. Ղալումյանը ՀՀ Վերաքննիչ դատարանի շենքում իրեն մի քանի անգամ հարվածել է ու սպառնացել, որ կսպանի:
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների Դատախազության կողմից դատաբժշկի ուղեգիր է տրվել Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վ. Գրիգորյանին (մականունը` Բոքս), որը Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատավոր Միքայել Գրիգորյանի որդին է: Պարզվել է, որ նրան ծեծի է ենթարկել ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանի (մականունը` կոմբիկերի Վլադ) եղբոր տղան` Գ. Հակոբյանը:
Հայաստանի Պարի պետական անսամբլի պարողներ` 1981-ին ծնված Ղ. Մունջոյանը, 1984-ին ծնված Ն. Մնացականյանը եւ 1981-ին ծնված Ա. Խուդոյանը հուլիսի 4-ին ԱՄՆ-ի Ազգային տոնի օրը Կասկադ համալիրում կայացած համերգի ժամանակ վիճաբանել եւ մարմնական վնասվածքներ են պատճառել տարածքը հսկող Ոստիկանության աշխատակիցներին։
Ամորձիների արտանետումով Արտաշատի քաղաքային հիվանդանոց էր տեղափոխվել Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Ռ. Թովմասյանը։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանությանը նա հայտնել է, որ իր կինը` Կ. Մկրտչյանը, գիշերը ժամը 01.50-ի սահմաններում ածելիով կտրել է իր ամորձիները։ Իսկ կինը Ոստիկանությանը հայտնել է, որ այդ քայլին դիմել է, քանի որ ունեցել է կասկածներ այն մասին, որ ամուսինը դավաճանում է իրեն։