Պասը հայերի մոտ

06/03/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր 48 օր տեւող Մեծ Պահքի վեցերորդ օրն է: Պահքը ենթադրում է հրաժարում կենդանական ծագում ունեցող կերակուրներից: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից։

Աշխարհիկ այս բոլոր գայթակղություններից միանգամից 48 օր հրաժարվելը բավականին դժվար է: Մեզանից շատերը եթե նույնիսկ փորձում են պաս պահել, ապա դա անում են հիմնականում դիետիկ նպատակներով: Իսկ վերը թվարկած եւ այլ գայթակղություններից նրանք չեն կարողանում հրաժարվել, կամ էլ ներկայացնում են, որ այդ գայթակղություններից իրենք միշտ են զերծ եղել: Պահքի ընթացքում ցանկալի է նաեւ, որ հավատացյալը հաճախի եկեղեցի եւ Աստծուց իր մեղքերին թողություն խնդրի:

Եկեղեցին ու հեռուստաընկերությունները Պահքի խորհուրդի մասին մեկնաբանություններ ու ռեպորտաժներ են ներկայացնում: Չեն պարտադրում պաս պահել, բայց կոչ անում են: Մենք փորձեցինք պարզել, թե հայերը որքանո՞վ են նպատակահարմար գտնում պաս պահել կամ պահելու ժամանակ էլ ինչքանո՞վ են հաստատակամ Պահքի «օրենքների» մեջ: Առաջին տպավորությունը փորձեցինք ստանալ խանութներից ու շուկաներից: Տպավորությունն այնպիսին էր, որ մեր ժողովուրդը Պահքի մասին կամ տեղյակ չէ, կամ էլ տեղյակ է, բայց բանի տեղ չի դնում: Խանութների հաճախորդներն իրեն առօրյա առեւտրի մեջ էին, եւ ակնհայտ էր, որ նրանց առեւտուրը Պահքի հետ ընդհանրապես կապ չունի: Այս հինգ օրերի ընթացքում վաճառողները չեն նկատել կենդանական ծագում ունեցող մթերքների պահանջարկի նվազում: «Ոչ, ինչպես ամեն օր, այսօր էլ ես կարագը, պանիրը, թթվասերն ու երշիկեղենը վաճառել եմ գրեթե նույն չափով,- ասում է վաճառողուհին: -Մենք մշտական հաճախորդներ ունենք, որ ամեն օր կամ շաբաթը մեկ անգամ նույնքան պանիր կամ երշիկեղեն են գնել»: «Ոչ, չենք հետեւում, չենք կարողանում»,- իրենց մեղավոր զգալով ու ծիծաղելով պատասխանում էին տնային տնտեսուհիները:

Փորձեցինք տպավորությունը ճշտել նաեւ սննդամթերքի շուկայից: Այստեղ առաջին հերթին ուշադրություն գրավեց մսի կրպակների մոտ հավաքված գնորդների խումբը: Մսավաճառներն էլ հավատացրին, որ այս օրերին իրենց առեւտուրը չի նվազել, սովորականի նման է: «Դեռ մի բան էլ ավելացել է, ու միսը թանկացել է,- ասում է երիտասարդ մսավաճառը: -Էս թռչնագրիպի վախի հետ կապված մարդիկ հավի մսի փոխարեն հիմա տավարի միս են առնում»:

«Միս որ չառնենք, բա ի՞նչ ուտենք,- հարցնում է գնորդ տիկինը: -Ամեն օր կարտոֆիլով ու կանաչիով սնվել կլինի՞: Բա որ տունը հյուր գա, ի՞նչ հյուրասիրենք: Հո խոտ չե՞նք դնի դեմը: Կամ էլ ինչպե՞ս կարելի է տան աշխատող տղամարդուն ամեն օր կանաչի ուտացնել»:

Իհարկե, չի կարելի: Հայ կինն իր խոհանոցի լավ պատառը միշտ էլ աշխատող տղամարդու համար է պահել: Հյուրասեր հայ տիկինը նույնիսկ պասի օրերին է վատ զգում իր տուն եկողներին բանջարեղեն հյուրասիրել: Ինչպիսի բացատրություն էլ որ տանք, մի բան հստակ է. մերոնք մսակեր ժողովուրդ են: Ոչինչ չի կարող մեզ հետ պահել միս ուտելուց, լինի դա Պահք, թե առողջական ու այլ խնդիրներ: Եվ հայ շատ տանտիրուհիներ իրենց պատվից ցածր են համարում հյուրին ձեթով տապակած կանաչի կամ ձավարով փլավ հյուրասիրել: Եթե տանտիկինն այնուամենայնիվ փորձի հյուրին «ոչ պատշաճ, հայ օջախին ոչ վայել ընդունել», ապա նրա ամուսինն անպայման դա թույլ չի տա: Այնպես որ, այս օրերին մենք շուկաներում ու խանութներում չտեսանք, որ կանաչեղենը մեծ պահանջարկ ունենա: Վաճառողներն էլ դժգոհում էին, որ գոնե Պահքի օրերին կանաչին լավ վաճառվի, իսկ գնորդներն էլ բողոքում էին թանկ գներից:

«1500 դրամի կանաչուց մի բուռ ճաշ դուրս կգա,- հաշվարկում էր տիկին Սոֆին: -Էն էլ ուտելուց հետո շուտ սովածանում ես: Ձեռք չի տալիս: Միսն ավելի հարգի ու ձեռնտու է»:

Տիկնոջ դժգոհությունն արդարացի է, մեկ կապ համեմն արժե 250-300 դրամ, սպանախը՝ 150-200 դրամ: Այս տարի թանկ է նույնիսկ կարտոֆիլը: Կարելի է նույնիսկ մտածել, որ թանկությունն է հայերի պաս չպահելու պատճառը: Իսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այնքան էլ աղքատ չեն, դրա համար այլ պատճառ ունեն:

«Ժամանակ չունենք»,- պատասխանում են նրանցից շատերը: Կարծես թե պաս պահելն ամենօրյա հատուկ արարողություն է պահանջում: Իսկ մեզ էլ թվում էր, թե ճաշելիս պետք է ընդամենը բանջարեղեն պահանջել: Չէ՞ որ նրանցից շատերը ռեստորաններում են սնվում: Իսկ մի քանի ռեստորաններից էլ տեղեկացրին, որ հիասթափված են իրենց հաճախորդներից: Ճաշացանկում բանճարեղենն ավելացրել էին, բայց պահանջարկը շատ քիչ էր եղել: «Ոչ, չեմ պահում, դա ինձ համար անսովոր է,- ասաց պատգամավոր Մուրադ Գուլոյանը: -Հետո ես շատ չեմ ուտում, օրը մի անգամ եմ սնվում»:

«Հայաստանին հուզող ավելի հրատապ խնդիրներ կան: Ցտեսություն»,- ինչպես միշտ իրադրությունը քաղաքականացրեց Արտաշես Գեղամյանը: «Ես դրա համար ժամանակ չունեմ,- ասաց Հրանուշ Հակոբյանը: -Գնում եմ տուն, ինչ-որ եղավ սառնարանում, էն էլ ուտում եմ: Բայց ասեմ, որ միշտ էլ իմ ճաշացանկի 80 տոկոսը բուսական սնունդն է եղել»:

Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ ինքը չի կարողանում պահպանել նաեւ Պահքի «Մի շատախոսիր» պատվիրանը. «Դե պատկերացրեք, ես դասախոսություններ ունեմ, կարո՞ղ եմ չշատախոսել՝ ոչ: Աժ-ում կարո՞ղ եմ չշատախոսել, նորից ոչ»: Պաս պահելու համար ժամանակ չուներ նաեւ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը: Բայց եթե նա իմանա, որ դա կոպիտ խախտում է, անպայման կուղղի: Իսկ մեր նշանավոր մարդիկ մեզ հավատացնում են, թե իրենք բացի սննդակարգից, մնացած բոլոր պատվիրանները պահպանում են: Եվ ոչ միայն Պահքի օրերին: Այսինքն` սուտ չեն խոսում, չեն հայհոյում, չեն շատախոսում եւ այլն: Մնացածն էլ ինքներդ պատկերացրեք:

Պաս չէր պահում նաեւ պատգամավոր Արմեն Աշոտյանը. «Ես մոլի ծխող մարդ եմ եւ չեմ կարող պաս պահել»: Նրան հիշեցրինք, որ Հիսուսի եւ առաքյալների ժամանակ ծխելը մոլի սովորություն չէր համարվում, դա նոր ժամանակների մեղք է: Այնպես որ, պարոն Աշոտյանը կարող է առիթից օգտվել եւ պաս պահելիս ծխել: «Ոչ, չեմ կարող, դա ազնիվ չի լինի,- հրաժարվեց նա: -Ծխելը գայթակղություն է, իսկ այնտեղ ասվում է, որ պետք է հրաժարվել գայթակղություններից: Իսկ եկեղեցի ես հաճախ եմ գնում»:

Բազմաթիվ հարցումներից հետո պարզեցինք, որ մեր նշանավոր մարդկանց շարքում կա մեկը, որ պաս պահում է: Դա Տիգրան Կարապետյանն է: «Գիտե՞ք ինչ, պասը առհասարակ լավ բան է,- պատասխանեց նա: -Ես միշտ էլ պահում եմ»: