Համակենտրոնացման ճամբարների ողջ տնտեսությունը գտնվում էր նախկին սպեկուլյանտի ձեռքում

06/03/2006

Նաֆթալի Ֆրենկելը սպեկուլյանտ էր, փայլուն կոմերսանտ եւ հայտնի խարդախ եւ մի քանի անգամ խաբել էր նույնիսկ Ձերժինսկուն` իրեն մահապատժից երկու անգամ փրկած մարդուն։ Բանտից ազատվելուց հետո նա ընկերություն էր անում Յագոդայի ու Յապոնչիկի հետ` դառնալով ՆԳԺԿ (Ներքին գործերի Ժողկոմիսարիատ) գեներալ: Նա իր ձեռքում էր պահում ԲԱՄ-ի ու ԽՍՀՄ-ի համակենրտրոնացման ճամբարների ողջ տնտեսությունը:

Ֆրենկելը ծնվել է 1883թ.` ծառայողի ընտանիքում, ազգությամբ հրեա էր:

1900թ. նա աշխատանքի է անցնում Նիկոլաեւ քաղաքի «Շտեյներ եւ ընկ.» շինարարական ֆիրմայում: Հայտնի չէ, թե ինչպես է պատանին կարողանում շահել տերերի սիրտը, բայց շուտով նրան ֆիրմայի հաշվին ուղարկում են Գերմանիա սովորելու: Ուսումն ավարտելուց հետո Ֆրենկելը վերադառնում է Նիկոլաեւ եւ շարունակում աշխատանքը ֆիրմայում: Սակայն նրա սուր միտքն անդադար աշխատում էր, եւ նա տնօրենին ներկայացնում է մի հաշվարկ, համաձայն որի` ավելի շահավետ է ունենալ սեփական պահեստներ, քան դրանք վարձակալել: Բայց որոշ ժամանակ անց նրան բռնացնում են փաստաթղթերը կեղծելու մեջ եւ ազատում գործից: 1912թ. Ֆրենկելը նախ աշխատանքի է անցնում Նիկոլաեւի մի հայտնի գործարարի մոտ, իսկ 1918թ. տեղափոխվում է հարազատ Օդեսա, որտեղ զբաղվում է ծովային բեռնափոխադրումներով` խարդախությունների միջոցով բավականին մեծ փողեր աշխատելով:

1918-ին Ֆրենկելը ծանոթանում է օդեսացի հայտնի բանդիտ Միշկա Յապոնչիկի հետ: Վերջինիս դուր է գալիս նրա ճարպկությունը, իսկ Ֆրենկելը հասկանում է, որ Յապոնչիկի օգնությամբ շատ բանի կարող է հասնել. ոչ ոք չէր համարձակվում հակառակվել քրեական աշխարհում հեղինակություն վայելող բանդիտին: Բայց սկսվում է քաղաքացիական պատերազմը, եւ Ֆրենկելը հայտնվում է առաջին գծում: Տուն նա վերադառնում է միայն 1921-ին եւ ստեղծում սեփական բանդան, որը զբաղվում էր խարդախությամբ, դրամաշորթությամբ եւ մաքսանենգությամբ: ՆԷՊ-ի տարիներին Ֆրենկելն ընդլայնում է իր «կայսրությունը», մաքսանենգությունը հսկայական չափերի է հասնում: Նավերով ապրանք էր տեղափոխում Ռումինիայից, Թուրքիայից եւն: Նա «առել էր» բոլորին` ոստիկանությանը, դատարաններին, մաքսավորներին, չինովնիկներին:

Ֆրենկելի ակտիվ գործունեության մասին լուրերը հասնում են Լյուբյանկա` Ֆելիքս Ձերժինսկուն: Նա Օդեսա է ուղարկում իր մարդուն` Դերիբասին: Սակայն Ֆրենկելը հովանավորներ ուներ նույնիսկ չեկիստների մեջ, որոնցից մեկը Յագոդան էր, որը հետագայում էլ է նրան օգնում: Մինչ Ֆրենկելը մտածում էր Դերիբասից կաշառքով ազատվելու մասին, վերջինս զեկուցագրեր էր ուղարկում Մոսկվա: 1924թ. հունվարին գաղտնի կերպով Օդեսա է ժամանում մոսկովյան չեկիստների մի խումբ: Օդեսայի Չեկայի ղեկավարությունն ու Ֆրենկելն իր խմբով ձերբակալվում են: «Ֆրենկել եւ ընկ.» ֆիրմային մահապատիժ է սպառնում: Սակայն Ֆրենկելի բախտը դարձյալ բերում է: Երբ նրանց արդեն շարել էին պատի տակ ու ատրճանակը դրել գլխներին, բացվում է դուռը եւ մի ձայն կամացուկ արտաբերում է՝ «Ֆրենկելին թողնել»: Մահապատիժը փոխարինվում է 10 տարվա ազատազրկումով Սոլովկիում:

Հայտնվելով ճամբարում` Ֆրենկելի առաջին գործը լինում է կաշառք տալը: Եվ նրան վերակարգիչ են նշանակում: Շուտով առիթը ներկայանում է, եւ Ֆրենկելը կարողանում է շահել ճամբարի պետերի վստահությունը: Ճամբարում ոջիլի համաճարակ է սկսվում, լազարեթում տեղ ու դադար չկար: Եվ Ֆրենկելն առաջարկում է բաղնիք կառուցել 24 ժամում: Բանտարկյալներին Ֆրենկելն ասում է, որ ժամանակին պլանը չկատարելու դեպքում նրանց գնդակահարություն է սպասվում. բաղնիքը կառուցում են ժամկետից 3 ժամ շուտ: Այդ օրը դառնում է Ֆրենկելի նոր վերելքի սկիզբը: 1926թ. մայիսին Սոլովկիի ճամբարների պետի միջնորդությամբ նրա պատժաժամկետը կրկնակի կրճատում են, իսկ մի տարի անց վաղաժամկետ ազատում եւ նշանակում Սոլովկիի ճամբարների արտադրական բաժնի պետ: Ֆրենկելն այս պաշտոնում մի քանի նախագծեր է նախապատրաստում, այդ թվում եւ` նոր տիպի ճամբարի կառուցումը:

1929թ. Ֆրենկելը վերափոխումներ է իրականացնում. ուղղիչ ճամբարներն անցնում են տնտհաշվարկի: Բանտարկյալները սկսում են անտառահատումներ անել, քաղաքներ ու երկաթուղային ճանապարհներ կառուցել: Աքսորավայրը վերածվում է հսկայական դրամական միջոցներ ստանալու աղբյուրի: Եթե նախկինում Մոսկվան չգիտեր` ինչ անել քաղաքական կալանավորների հետ, ապա հիմա նրանք չէին հերիքում: Լյուբյանկա նամակներ էին ուղարկվում` նոր կալանավորներ բերելու խնդրանքով:

1930թ. Ֆրենկելին նշանակում են Կոմի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային ճամբարի շինարարության ղեկավար: 1931-ին նա արդեն Բելոմորստրոյի գլխավոր աշխղեկն էր:

1932-ի նոյեմբերին հայրենիքի հանդեպ մատուցված ծառայությունների համար Նաֆթալի Ֆրենկելին պարգեւատրում են Լենինի շքանշանով: 1933թ. նա նշանակվում է ԲԱՄ-ի վարչության պետ: Գործունեությունն ընդլայնելու համար նա հսկայական միջոցներ է ստանում կառավարությունից: Դրանց մի մասն, իհարկե, փայլուն կոմերսանտը գրպանում է: ԲԱՄ-ի ողջ տնտեսությունը նրա ձեռքում է: Բայց վրա է հասնում ահավոր 1937-ը: Ֆրենկելի ողջ մնացած թշնամիների ուրախությանը սահման չկար, երբ իմացան նրա ձերբակալության լուրը: Դատավճիռը մեկը կարող էր լինել` գնդակահարություն: Սակայն ճակատագիրն այս անգամ էլ բարեհաճ էր նրա նկատմամբ: 1940թ. Բերիայի անձնական հրամանով նրան ազատ են արձակում: Եվ ոչ միայն ազատում են, այլ պարգեւատրում Լենինի երկրորդ շքանշանով: 1943թ. նա ստանում է ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում եւ Լենինի երրորդ շքանշանը:

Ֆրենկելը չափազանց լավ քաղաքական հոտառություն ուներ: 1947թ., զգալով մոտեցող դժվար ժամանակները, նա պաշտոնաթող է լինում առողջական վատ վիճակի պատճառաբանությամբ: Նրան ճանապարհում են փառք ու պատվով: Արդեն մի տարի անց Ֆրենկելի գրեթե բոլոր կոլեգաները ձերբակալված էին, իսկ պատվավոր թոշակառուն ներողամտությամբ հետեւում էր թերթերի էջերում պարբերաբար հայտնվող ծանոթների մահախոսականներին եւ հեգնանքով ժպտում: Նաֆթալի Ֆրենկելը մահացել է 1960թ.` 77 տարեկան հասակում:

Կրճատումներով, ըստ NEWSru.com-ի