Մաղադանոսը միզամուղ միջոց է, հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Եփուկը կարելի է պատրաստել տերեւներից կամ արմատից (100 գ` 1 լ ջրին)։
Ինչպես պատրաստել շոգեխաշուկը եւ եփուկը.
Շոգեխաշուկը պատրաստելու համար մաղադանոսի վրա լցնում են եռացրած ջուր, կափարիչը փակած պահում 10-30 րոպե եւ անմիջապես օգտագործում։ Եփուկը պատրաստում են բույսը ջրի համապատասխան քանակությամբ 10-30 րոպե եռացնելով։
Մաղադանոսն օժտված է հակաբորբոքային, հանգստացնող հատկությամբ։ Օգտակար է գերզգայուն մաշկի համար։
Մաղադանոսի եփուկը խորհուրդ է տրվում չոր եւ ճարպոտ մաշկի համար։ 200 գ թարմ մաղադանոսի վրա լցնել 500 գ եռացրած ջուր եւ մեկ ժամ թողնելուց հետո օգտագործել։
Մաղադանոսից, սամիթից եւ սպանախից պատրաստած դիմակը լավ է չոր եւ նորմալ մաշկի համար։ Նշված բանջարեղենը կտրատել, վրան լցնել թթվասեր եւ հարել։ Թթվասերի փոխարեն կարելի է լցնել նաեւ կարտոֆիլի ալյուր։
Սամիթի եփուկը հարթեցնում, թարմացնում է չոր, անհարթ, թեփոտ մաշկը։
Կարտոֆիլից պատրաստված դիմակը խորհուրդ է տրվում շատ չոր մաշկի համար։ Թարմ կարտոֆիլից պատրաստել խյուս, ավելացնել 1 ձվի դեղնուց եւ 1 ճաշի գդալ տաք կաթ։ Դեմքին քսել տաք վիճակում։
Վարունգից պատրաստված դիմակը լավ է թե չոր եւ թե ճարպոտ մաշկին։ Այն օժտված է սպիտակեցնող հատկությամբ։ Քերիչով անցկացրած վարունգին ավելացնել մի քիչ մածուն, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։ Եթե մաշկը չոր է, գերադասելի է վարունգին թթվասեր ավելացնել։
Մորուց պատրաստված դիմակն օգտակար է չոր եւ նորմալ մաշկի համար։ Թարմ պտուղները ճզմել, խառնել 1 ճաշի գդալ կաթնաշոռի, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, ավելացնել մեկական սրվակ A եւ C վիտամին։ Այս դիմակը խորհուրդ չի տրվում ալերգիայի հակում ունեցող անձանց։
Ստեպղինից պատրաստված դիմակը շատ օգտակար է չոր մաշկի համար։ Մաքրել 2 ստեպղին, անցկացնել քերիչով, խառնել 1 ձվի դեղնուցի հետ հարած 1 թեյի գդալ ձիթապտղի յուղին։ Դեմքին թողնել 30 րոպե։
Կաթնուկի եփուկը նույնպես խորհուրդ է տրվում չոր եւ ճարպոտ մաշկին։ 2 ճաշի գդալ կաթնուկի տերեւները 15 րոպե եփել 300 գ ջրով, թողնել սառչի, հետո օգտագործել։
Մանրացրած կաթնուկի տերեւների վրա լցնել ձիթապտղի յուղ եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, քսել դեմքին, թողնել 20 րոպե, հետո լվանալ տաք եւ սառը ջրով։
Վարդի տերեւներից պատրաստված եփուկը հանգստացնում է մաշկը։ Կես բուռ վարդի տերեւների վրա լցնել 1 լ եռացրած ջուր, 10 րոպե թողնելուց հետո տաքացնել, չհասցնելով եռման աստիճանի, վերցնել կրակի վրայից, քամել եւ ապա օգտագործել։
Վաղինակն օժտված է բուժիչ հատկությամբ։ Եփուկը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում մաշկը, բուժում վերքերը, իջեցնում ճարպագեղձերի արտազատական գործունեությունը։ Օգտակար է հատկապես ճարպոտ մաշկի համար։
Արեւքուրիկի եփուկը մաքրում, սպիտակեցնում եւ թարմացնում է մաշկը։ Բուժում է մանր վերքերը։ Օգտակար է ճարպոտ, կոշտ, անհարթ, լայն ծակոտիներով մաշկի համար։