Անհարկի շահարկում

05/03/2006

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի կորստի ցավը զգում են միայն նրա ծնողներն ու եղբայրը: Մնացածներն այսօր պարզապես քաղաքական ինչ-ինչ նպատակներով շահարկում են այդ փաստը:

Հիշեցնենք, որ 2004թ. հունվարի 1-ին Գուրգեն Մարգարյանը մեկնել էր Բուդապեշտ, ուսանելու ՆԱՏՕ-ին առընթեր եռամսյա անգլերեն դասընթացներում: Ադրբեջանցի ոճրագործ Ռ. Սաֆարովն իր հայրենիքում այսօր հերոսացվում է: Նրանց հեռուստաեթերներն ու լրատվամիջոցները ողողված են Ռ. Սաֆարովի մասին պատմող օպերատիվ տեղեկատվությամբ: Սաֆարովի անվամբ բացված հաշվեհամարում ժամ առ ժամ թվեր են ավելանում:

Օրերս Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցության կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռ. Սաֆարովն արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսին: Դեռեւս անցյալ տարի «168 Ժամ»-ն անդրադարձավ Գուրգեն Մարգարյանի հարազատների կենսական ծանր պայմաններին: Այն դեպքում, երբ ոճրագործ Սաֆարովի անվան հաշվեհամարին ժամ առ ժամ ավելանում են գումարները, Գուրգենի հաշվեհամարին 2 տարվա ընթացքում փոխանցվել է ընդամենը 130.000 դրամ (որով նույնիսկ որեւէ չինովնիկ, պատգամավոր կամ գործարար իր օրվա ճաշի սեղանի հաշիվը չի կարող փակել): Այսօր բոլորը շահարկում են Գուրգեն Մարգարյանի անունը եւ նրա հետ կատարված ոճրագործությունը: Իսկ նրանցից որեւէ մեկը երբեւէ մտածե՞լ է գոնե այցելել Գուրգենի ծնողներին թեկուզեւ մխիթարելու համար: Հիշեցնենք, որ դեպքից հետո Մարգարյանների ընտանիքն ապրում է Մալաթիա համայնքում գտնվող մի փայտե տնակում: Գուրգենի ծնողները որդու մահից հետո իրենց մենակությունը փարատելու համար անտառից գտած գայլի ձագին են բերել խնամում, որի անունն, ի դեպ, Գուրգեն են դրել: Իսկ ո՞վ պետք է պաշտպանի նրա ընտանիքին, այն դեպքում, երբ Գուրգենն այլեւս չկա, իսկ միտինգներում ու տարբեր առիթներով նրա անունը հնչեցնող քաղաքական-հասարակական գործիչները միայն նրա անունը գիտեն: Դրանցից որեւէ մեկը երբեւէ մտքով չի էլ անցկացնի Գուրգենի հաշվեհամարին գոնե 10 դրամ փոխանցել: