Բուզանդի 83 հասցեի բնակիչներն անվստահություն են հայտնում Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակին» եւ բանակցություններ են պահանջում անմիջապես ներդրող կազմակերպության հետ` համարելով, որ միջնորդ ԾԻԳ-ը խաբում է եւ՛ իրենց, եւ՛ ներդրողներին: ԾԻԳ-ի նախկին տնօրեն, այժմ փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը` նշելով, որ բացասաբար է վերաբերվում բնակիչների նման դիրքորոշմանը, ասաց. «Մենք գործում ենք գործող կարգի համաձայն, ով էլ որ լինի ներդրում կատարող կազմակերպությունը, նշված գործընթացը իրականացվելու է միայն ԾԻԳ-ի միջոցով»: Իսկ ինչ վերաբերում է բնակիչների դժգոհություններին, պրն Դավթյանն ասաց. «Դրանք մենք ամեն օր ենք ուսումնասիրում»: Փոխքաղաքապետն այժմ էլ, ինչպեսեւ ԾԻԳ-ի տնօրեն եղած ժամանակ, վստահ է, որ բնակիչների բողոքները հիմնականում ռեալ հիմքեր չունեն եւ միտված են հնարավորինս շատ գումար շորթելու: