Խոսքը վերաբերում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավոր Գագիկ Ավետյանի հետ նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) մի խումբ աշխատակիցներ, առանց դատարանի համապատասխան որոշում ցույց տալու, ներխուժել են պատգամավորի բնակարան ու խուզարկություն իրականացրել: Երեկ խորհրդարանականների մի որոշ մասն այն կարծիքին էր, որ այս ամենը քաղաքական ֆարս է: Ըստ մեր զրուցակիցների, որոնց անունը չենք հրապարակում, «ՕԵԿ-ի գլխին կամաց-կամաց սկսել են գործ սարքել», որպեսզի այդկերպ նրանց 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մղեն ընդդիմադիր դաշտ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊԳՎ) աշխատակիցները խուզարկություն են կատարել ոչ միայն պատգամավորի բնակարանում, այլեւ նախօրեին ստուգումներ են անցկացվել Ավետյանի ձեռներեց հարազատների օբյեկտներում: Ընդ որում, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց Գագիկ Ավետյանը, ոստիկանները, երբ մտել են իր բնակարան` խուզարկություն կատարելու, չեն ներկայացրել դատարանի համապատասխան որոշումը: «Ես նրանց հարցրեցի, թե ի՞նչ իրավասությամբ են եկել բնակարանս խուզարկում, նրանք էլ պատասխանեցին, թե բանավոր հրահանգ են կատարում»,- երեկ մեզ հետ զրույցում պատմեց Գ. Ավետյանը:
Պատգամավորի խոսքերով, 6-րդ վարչության աշխատակիցներին հետաքրքրել է Գ. Ավետյանի` մինչեւ 2003 թվականը` պատգամավոր ընտրվելը ծավալած ձեռնարկատիրական գործունեությունը: Պրն Ավետյանը, մինչեւ ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրվելը, զբաղվել է ավտոպահեստամասերի ներկրմամբ ու իրացմամբ: «Սակայն այսօր արդեն ես առեւտրային գործունեությամբ զբաղվել չեմ կարող եւ չեմ զբաղվում, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն` պատգամավորները նման իրավունք չունեն»,- ասում է Գ. Ավետյանը: «Նրանք մեր տանը փնտրում էին ավտոպահեստամասեր: Ես ոչ մեկից թաքցնելու բան չունեմ եւ նրանց ցույց եմ տվել իմ մոտ եղած ավտոպահեստամասերը, որոնք իմ բիզնեսը դադարեցնելուց հետո արդեն չէին իրացվել եւ ինքնըստինքյան մնացել էին իմ մոտ»,- երեկ պատմում էր Գ. Ավետյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե այդ խուզարկությունը կատարվել է արդեն հարուցված քրեական գործի շրջանակներո՞ւմ, թե՞ իրավապահները նյութեր են նախապատրաստում: Սակայն նրա համար մի բան ակնհայտ է. «Իրենք իրավունք չունեին առանց դատարանի որոշում ներկայացնելու խուզարկություն կատարել մեր բնակարանում»: Իսկ պատգամավորն, այնուամենայնիվ, ոստիկաններին թույլատրել է խուզարկել բնակարանը, որպեսզի հետագայում իր ձեռքում ունենա դրա անօրինականության մասին վկայող արձանագրությունը:
Գ. Ավետյանը համոզված է, որ 6-րդ վարչության աշխատակիցներին հետաքրքրել է ոչ թե իր նախկին բիզնեսը, այլ տեղի ունեցածը կապված է իր քաղաքացիական դիրքորոշման հետ: Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց պարոն Ավետյանը, ինքն ու ՕԵԿ-ական մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Մարգարյանը, միացել են Բուզանդի փողոցի բնակիչների խնդրով Սահմանադրական դատարան դիմելու ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքին: Դրանից հետո ոմանք իրենցից պահանջել են ետ վերցնել ստորագրությունները, ինչը, սակայն, պատգամավորները կտրականապես մերժել են: Ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Ավետյանից իր ստորագրությունը ետ վերցնել պահանջել է իրենց իսկ կուսակցության անդամ պատգամավոր, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայր Սայադ Զախարյանը: Պարոն Ավետյանն այս տեղեկությունները երեկ ոչ հերքեց, եւ ոչ էլ հաստատեց: «Ես դեռ անուններ չեմ տա, եւ երբ ժամանակը գա, ես կասեմ, թե ինձ ով է խնդրել կամ հորդորել կամ պահանջել: Կգա ժամանակը, եւ ես անունները կասեմ»,- վստահեցրեց նա` ավելացնելով, որ կհրապարակի ոչ միայն այդ մարդկանց անունները, այլ նաեւ, թե այդ մարդկանցից ովքեր ինչով են զբաղվում եւ ինչ կարողության տեր են: Նկատենք, որ միայն ՕԵԿ-ն է, որ դեռ պաշտոնապես չի արձագանքում կատարվածին: ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանի խոսքերով, իրենք Գագիկ Ավետյանի հետ կատարվածին կանդրադառնան ֆրակցիայում հարցը քննարկելուց հետո: Բայց պարոն Ավետյանն ասաց, որ իրենց կուսակցության նախագահ, ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը բավական վատ է ընդունել այդ լուրը: «Արթուր Բաղդասարյանի արձագանքը միանշանակ բացասական է եղել: Սա ՕԵԿ պատգամավորի հետ է կապված եւ ինչ-որ տեղ նաեւ բացասական կանդրադառնա կուսակցության վրա: Ես չեմ կարող ասել, ինչպես կարձագանքի, դեռ չենք քննարկել»,- փոխանցեց Գ. Ավետյանը:
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի խոսքերով, ինքը դեմ է օրենքի խախտմամբ ցանկացած քաղաքացու բնակարան մտնելու փաստին: «Ես չգիտեմ, իրոք եղե՞լ է ստուգում, թե՞ ոչ, եւ այդ ստուգումը եղել է առանց փաստաթղթերի, սակայն հենվելով պարոն Ավետյանի հայտարարությունների վրա` ասում եմ, որ ինձ համար անընդունելի է կատարվածը,- հայտարարեց Ս. Նիկոյանը: -Հայտարարությունից տպավորություն էր ստեղծվել, թե այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի: Ես կարծում եմ, որ պետք է հարգել այն մարդկանց, ովքեր մի փաստաթուղթ են ստորագրում, եւ անկախ իրենց հանդեպ եղած ճնշումներից, իրենց ստորագրությունը ետ չեն վերցնում: Եվ ես չեմ կարող հասկանալ այն մարդուն, ով իր ստորագրությունը ետ է վերցրել: Ես էլ լինեի նրա փոխարեն, չէի հանի իմ ստորագրությունը, ուրիշ բան է, թե նա ինչու է ստորագրել»,- ասաց Ս. Նիկոյանը: ԱԺ դաշնակցական փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, որ թեեւ իրեն հայտնի չեն կատարվածի մանրամասները, սակայն ինքն ամեն դեպքում անընդունելի է համարում «պատգամավորի տուն որեւէ ոստիկանական ծառայության կողմից այդպես ներխուժելը»: «Եվ պատգամավորի, եւ քաղաքացու նկատմամբ, ցանկացած պարագայում պետք է գործի օրենքը, եթե չկա դատարանի որոշում, ես այդ քայլը չեմ ընդունում»,- իր կարծիքն այդպես ձեւակերպեց ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը:
Իշխանական թեւի ներկայացուցիչ պատգամավորի հետ կատարվածը դատապարտում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանի խոսքերով, երբ ընդդիմադիրներն ԱԺ մեծամասնությանն ասում էին, որ Հայաստանում բռնապետություն է` չէին ընդունում, բայց փաստն այն է, որ պատգամավորի հետ վարվել են այնպես, ինչպես` առանց դատարանի որոշման, իրավունք չունեին ոչ մեկի հետ վարվել: «Սա օլիգարխիկ-քրեածին իշխանություններին հարիր գործելաոճ է»,- եզրափակեց պարոն Հարությունյանը:
Կատարվածի վերաբերյալ երեկ ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել: «Փետրվարի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ներքին Չարբախի 5-րդ փողոցի 34 տան բնակիչ Արամայիս Առաքելյանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ ավտոպահեստամասերի վաճառքով։ Ձեռնարկված միջոցառումներով, փետրվարի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները մեկնել են քաղաքացի Ա. Առաքելյանի բնակարան, որտեղ վերջինս ներկայացրել է 1.200.000 դրամ ընդհանուր արժողության ավտոպահեստամասեր, սակայն դրանց ձեռքբերման վերաբերյալ չի ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Մեկնած օպերատիվ խմբին Ա. Առաքելյանը հայտարարել է, որ նշված ավտոպահեստամասերը ձեռք է բերել Ներքին Չարբախի 5-րդ փողոցի 15 տան բնակիչ Գագիկ Ավետյանից եւ, որ դրանք ինքն իրացնում է Նուբարաշենի ավտոպահեստամասերի շուկայում։ Ա. Առաքելյանի հայտարարության հիման վրա կազմվել է համապատասխան արձանագրություն։ Գ. Ավետյանը ոստիկանության աշխատակիցների պահանջով նույնպես ներկայացրել է պահեստամասեր, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր»,- ասված է Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Սակայն նկատենք, որ Ոստիկանությունը չի հերքել իր հասցեին հնչեցրած այն մեղադրանքները, թե Գ. Ավետյանի բնակարանը խուզարկվել է առանց դատարանի համապատասխան որոշման: