«Ժողպատգամավորները» փափկասուն չեն

05/03/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Այն բանից հետո, երբ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի թվով վեց անդամներ հրաժարվեցին ՍԴ դիմումի տակ դրած իրենց ստորագրություններից, արձագանքը եղավ այն, թե նրանց առանձին-առանձին կանչել են նախագահական ու սպառնացել, որ եթե իրենք չհրաժարվեն դրանից, ապա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Իսկ երբ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ավետյանի տուն «այցելեցին» 6-րդ վարչության աշխատակիցները, շատերը հայտարարեցին, թե դա հենց այն հետեւանքն էր, որի նախազգուշացմանը չէր ենթարկվել Գ. Ավետյանն ու չէր հրաժարվել իր ստորագրությունից:

Սակայն իրենց ստորագրությունները սպառնալիքներով հետ վերցնելու վարկածը եւ Գ. Ավետյանին դրա զոհ դարձնելն այնքան էլ տրամաբանական չէ, քանի որ երեկ ԱԺ հենց նույն «Ժողպատգամավոր» խումբը գտել է Բուզանդի բնակիչների խնդիրը ՍԴ քննարկմանը հասցնելու ամենակարճ ճանապարհն ու անմիջապես անցել գործի: Իսկ կարճ ճանապարհը հետեւյալն է. «Ժողպատգամավոր» խումբը դիմում է մարդու իրավունքների պաշտպանին, վերջինս էլ` օրենքով սահմանված կարգով դիմում է ՍԴ` առանց 27 պատգամավորի ստորագրության: Երեկ խմբի պատգամավորներն ԱԺ-ում ընդունեցին Բուզանդի բնակիչներին ու նրանց հետ միասին գնացին հանդիպելու Արմեն Հարությունյանին, որը մինչ օմբուդսմեն դառնալը «Ժողպատգամավոր» խմբին խոստացել է հետամուտ լինել հարցի լուծմանը: Այնպես որ` խումբը, ինչպես վստահեցրին խմբի անդամները, չէր կարող «սպառնալիքներով» հրաժարվել իր ստորագրությունից եւ հիմա ինքը դառնար դրա նախաձեռնող:

«Մինչ օմբուդսմեն ընտրվելը, Արմեն Հարությունյանը հանդիպում է ունեցել մեր խմբի հետ, եւ առաջին հարցը, որ տրվել է իրեն, եղել է հենց Բուզանդի բնակիչների խնդրի շուրջ, թե նա ինչպիսի վերաբերմունք է դրսեւորելու այդ հարցի նկատմամբ: Նա պատասխանել է, որ ինքը փորձելու է հետամուտ լինել դրան: Ավելին`այդ խնդիրն օմբուդսմենի մոտ բարձրացրել են հենց Վլադիմիր Բադալյանն ու Վահրամ Բաղդասարյանը, եւ մենք հիմա առաջնորդվում ենք մեր ընթացակարգով,- մեզ հետ զրույցում ասաց խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը` ավելացնելով,- Հիմա Արմեն Հարությունյանն արդեն ընտրվել է, եւ մենք իր հետ խոսել ենք, որ նախապես բարձրացված այս հարցի շուրջ մենք պետք է համատեղ աշխատենք: Մենք հրավիրել ենք կողմերին. կողմերից մեկը բնակիչներն են, մյուսը` պետությունը, ի դեմս օմբուդսմենի, եւ մենք փորձում ենք միջնորդ հանդիսանալ ժողովրդի եւ պետության համապատասխան ինստիտուտի միջեւ, որն իրավասու է տեղաշարժել հարցը»: Կ. Կարապետյանը վստահեցնում է, որ իրենց նպատակը խնդրի լուծումն է, որի համար էլ իրենք նախընտրել են ամենակարճ ճանապարհը: «Այն ճանապարհը, որն ընտրված էր, շատ երկար է: Արդեն ամիսներ են անցել, բայց սայլը տեղից չշարժվեց: Հիմա մենք կարճ լուծում ենք առաջարկելու օմբուդսմենին, եւ ենթադրվում է, որ այդ հարցը կմտնի ՍԴ: Մենք հետամուտ կլինենք, որպեսզի հարցը մտնի ՍԴ»,- ասաց խմբի ղեկավարը:

Մեր դիտարկմանը, թե միայն դրանո՞վ էր պայմանավորված, որ «Ժողպատգամավորի» վեց պատգամավորները հրաժարվեցին իրենց ստորագրություններից, թե՞ խումբն ինքն էր ուզում դառնալ այդ հարցի նախաձեռնողը, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Ստորագրահավաքը ընդդիմությունն էր նախաձեռնել, ու մեր խումբն այդ ժամանակ որեւէ դիրքորոշում չի ունեցել այդ հարցի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով մեր պատգամավորներն ազատ են եղել իրենց մոտեցումներում: Բայց խնդիրը բավականին ձգձգվեց, եւ, կարծում եմ, ճիշտ կլիներ, եթե նախաձեռնողները հարցը ՍԴ մտցնելուց առաջ պատգամավորներին տեղյակ պահեին: Սակայն մինչ այդ, ինչպես ասացի, մենք արդեն օմբուդսմենի թեկնածուի հետ այդ հարցը քննարկել էինք: Այսինքն` միեւնույն է, անկախ նրանից, թե ընդդիմադիրների նախաձեռնությունը տրամաբանական ավարտ կունենար, թե ոչ, մենք խմբում լուծման այլ տարբերակ էինք ընտրել: Մենք հաշվարկեցինք եւ գտանք, որ հնարավոր է այդ հարցը ՍԴ մտցնել նաեւ ավելի քիչ ուժերով: Միայն մեր խմբի ուժերով մենք կարող ենք հարցը բարձրացնել օմբուդսմենի մոտ, որը բացառապես կոչված է պաշտպանելու մարդկանց իրավունքները, իսկ սա հենց այդ դեպքն է: Այնպես որ` պարտադիր չէ 27 ստորագրություն լինի»: Կ. Կարապետյանն իրենց նախաձեռնությունը համարում է սովորական ակցիա, եւ խումբն, իբրեւ քաղաքական միավոր, օգտվում է հենց այս կարճ ճանապարհից` չսպասելով ընդդիմության ստորագրահավաքին: «Ինն ամիս է այդ ստորագրություններն իրենց ձեռքում են, բայց այս բնակիչների հարցը տեղից չի շարժվում,- ասաց Կ. Կարապետյանը։ -Իսկ մեր նպատակն այն է, որ զերծ մնալով քաղաքական շահարկումներից, ի վերջո, այս մարդկանց խնդիրը հասցնենք տրամաբանական ավարտի: «Երբեմն-երբեմն քաղաքական գործիչներս փորձում ենք ավելի շատ շոուներ սարքել, քան գործը տեղից շարժել: Տվյալ դեպքում մենք չենք ուզում որեւէ շահարկում, եւ չենք ուզում որեւէ մեկի վրա ցեխ շպրտել: Մարդիկ ընտրել են այդ ճանապարհը, դրանով են գնացել, բայց մենք ավելի կարճ ճանապարհ ենք գտել ու դրանով ենք առաջնորդվում»,- ասաց «Ժողպատգամավորի» ղեկավարը:

Իսկ ի պատասխան հնչող մեղադրանքներին, թե իրականում ստորագրություններից հրաժարվելու պատճառն ահաբեկումներն են եղել, Կ. Կարապետյանն ասաց. «Նման մոտեցումը շատ պրիմիտիվ է ու անտեղի, որովհետեւ, կրկնում եմ, հենց մեր խմբի պատգամավորներն են այդ հարցը բարձրացրել օմբուդսմենի թեկնածուի մոտ: Մենք ուզում ենք որպես խումբ ինքներս կազմակերպենք այդ ակցիան` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Վլադիմիր Բադալյանը Կենտրոն համայնքի պատգամավոր է: Մենք գտնում ենք, որ մենք պետք է զբաղվեինք այդ հարցով, եւ դրա համար է խումբը նման որոշում է կայացրել: Իսկ ովքեր նման բաներ են տարածում, ապա դա վկայում է նրանց փչացածության ու փափկասուն լինելու մասին: Իսկ ես չեմ կարծում, թե մեր տղաներն այդպիսին են: Ավելին, ես կասեի, որ դա պատվեր է, իսկ թե ովքեր են պատվիրատուները, ապա ես կարող եմ ասել, որ ես նրանց ականջները տեսնում եմ»:

Ի դեպ, «Ժողպատգամավոր» խմբի եւ Բուզանդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանը խոստացել է Բուզանդի հարցով անձամբ դիմել ՍԴ: Քանի որ շատերն էին կասկածում, թե Ա. Հարությունյանը կհամարձակվի Բուզանդի հարցին ընթացք տալ` վախենալով նախագահական նստավայրից, երեկ մենք որոշեցինք անձամբ նրանից լսել դրա պատասխանը: Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ ինքն ուսումնասիրել է խնդիրը եւ համոզվել է, որ ՍԴ դիմելու հիմքեր կան. «Այո, ես պաշտոնապես դիմելու եմ ՍԴ»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Հարությունյանը:

Առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում կասկածանքով էր վերաբերվում Ա. Հարությունյանի խոստմանը, թե ինքը հետամուտ է լինելու Բուզանդի բնակիչների պահանջին` ասելով, թե հետամուտ լինելը դեռ չի նշանակում հարցի դրական լուծում: Երեկ Ա. Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե. «Նախորդ պաշտպանը հիմնականում շեշտը դրել էր միայն ենթաօրենսդրական ակտերի վրա, որի պատասխանողը միայն կառավարությունն էր: Իսկ ես, բացի կառավարության որոշումներից, նաեւ օրենքներն եմ ներկայացնում, եւ պատասխանող է լինելու նաեւ ԱԺ-ն: Այսինքն` երբ սահմանադրականության հարց ենք քննարկում, միայն կառավարության որոշումների մասին խոսելը սխալ է, պետք է խոսել նաեւ օրենքների մասին»: Ի դեպ, Արմեն Հարությունյանը նաեւ հայտարարեց, որ իր մոտ ՍԴ մտնելու համոզմունք է ձեւավորվել, եւ ինքը մինչեւ վերջ «տեր» է կանգնելու իր համոզմունքին:

Այնպես որ` այժմ պետք է հետեւել, թե որքանով է իր համոզմունքին տեր կանգնելու Ա. Հարությունյանը, եւ արդյոք «տեր եմ» ասելով` նա ՍԴ-ում չի՞ հասնելու նրան, որ օրինականացվեն Բուզանդի բնակիչների ոտնահարված իրավունքները: