ԱԺ պատգամավորները երեկվանից հայտնվել են աննախանձելի վիճակում: Այսուհետ նրանց արգելվում է ծխել ԱԺ-ի կարմիր ֆոյեում, բուֆետում եւ այլ հասարակական վայրերում: Եվ երեկ արդեն ԱԺ կարմիր ֆոյեում մոխրամանների փոխարեն «Չծխել» վերտառությամբ ցուցանակներ էին դրված: Բանն այն է, որ երեկվանից ուժի մեջ է մտել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների» մասին ՀՀ օրենքը: Եվ քաղաքացիներին այսուհետ արգելվում է ծխել հասարակական վայրերում: Ինչ վերաբերում է ռեստորաններին, սրճարաններին եւ հանրային սննդի այլ կազմակերպություններին, ապա այնտեղ ծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ։
ԱԺ պատգամավորները երեկ հնազանդվել էին իրենց իսկ կողմից ընդունված օրենքին ու արդեն ծխում էին միջանցքներում: Սակայն լրագրողների աչքից երեկ չվրիպեց, թե ինչպես է ֆոյեում ծխում ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որն էլ արդարացավ, թե չի իմացել, որ այսօրվանից է ուժի մեջ այն օրենքը, որին ինքը կողմ է քվեարկել: Բացի այդ, կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողները ԱԺ նիստերի դահլիճում էին, չնախատեսված տեղում հանգիստ ծխում էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Օրվա վերջում կարմիր ֆոյեում դեմոնստրատիվ ծխում էր նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մենք ինքներս` մոլի ծխողներս, քանի որ այդ սովորությունը չենք կարողանում հաղթահարել, ուզում ենք, որ մեր նկատմամբ սանկցիաներ կիրառեն: Օրինակ` տանը պետք է կանայք չթողնեն, որ ամուսինները ծխեն, պետք է ղալմաղալ սարքեն, ընդհուպ մինչեւ ապահարզան տան: Իսկ այստեղ էլ այլ տիպի սանկցիաներ պետք է կիրառեն»,- ոգեւորված հայտարարում էր ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը` ավելացնելով, որ ինքը, այնուամենայնիվ, մոլի ծխող է: Իսկ Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ ծխելու դեմ պայքարելու յուրօրինակ մի առաջարկ արեց: «Եթե կուսակցությունները հայտարարեն, որ համամասնական ցուցակի բոլոր պատգամավորները պետք է չծխողներ լինեն, ապա իմ կարծիքով, բոլորն էլ կթարգեն ծխելը: Ծխախոտը չի փոխարինի պատգամավորական գործունեությանը»,- ասաց Հակոբ Հակոբյանը` ավելացնելով, որ ինքը չի ծխում: Սակայն երեկ այս առնչությամբ, սենսացիոն հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա հերքեց ծխելու շուրջ ստեղծված այն կարծիքը, թե այն կրճատում է մարդու կյանքը: «Որպես բժիշկ ձեզ ասեմ, որ ծխելը որեւէ առնչություն չունի կյանքի երկարության եւ առողջության հետ: Ես որպես դատական բժիշկ ասում եմ, որ մարդն իր ճակատագրի գերին է: Եվ որեւէ նախապահպանման միջոց չի կարող երաշխիք հանդիսանալ, որ լիարժեք առողջ ապրելակերպ վարելով կարող եք երկարացնել ձեր կյանքը»,- ասաց Աշոտյանը: Վերջինս, ի դեպ, ԱԺ ամենաշատ ծխող պատգամավորներից մեկն է: Եվ երեկ առաջարկում էր պայքարել ոչ թե չծխողների իրավունքների, այլ հենց իրենց` ծխողների իրավունքների պաշտպանության համար, «քանի որ չծխողների իրավունքների պաշտպանությունն արդեն մոլուցքի է հասել»:
Ինչեւէ, նկատենք, որ գոնե մեր ԱԺ-ում այս օրենքը մի դրական դեր ունեցավ: Այդ օրենքը երեկ մերձեցրել էր խորհրդարանական ընդդիմադիր եւ իշխանական թեւերին: Երկու ճամբարների պատգամավորները երեկ ԱԺ միջանցքում դրված մոխրամանների մոտ իրար հետ կողք կողքի կանգնած հանգիստ ծխում էին ու զանազան թեմաներ քննարկում: Այնպես որ, չկա չարիք, առանց բարիքի: