Իրանի պատվիրակությունը, որի կազմում են երկրի փոխնախագահ Ղոլեմռեզա Աղազադեն եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցելու է իրանական ուրանի հարստացումը Ռուսաստանում կազմակերպելու առաջարկի շուրջ: Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ եթե մինչեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նիստը, որը կայանալու է մարտի 6-ին, Իրանը չդադարեցնի ուրանի հարստացման գործընթացը, այդ հարցը փոխանցվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչը հղի է պատժամիջոցներով: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, որը երեկ անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան, Քաբուլում հայտարարել է. «Եթե Իրանը միջուկային զենք մշակի, դա կլինի ամենաապակայունացնող գործոնը տարածաշրջանում»: