Ոչ ոք զարմացավ, որ փետրվարի 10-11-ին Ֆրանսիայում տեղի ունեցած բանակցություններն անցան ապարդյուն։ Կարծում եմ, ոչ ոք պատրանքներ չունի, որ առաջիկայում եւս բանակցություններն արդյունք են տալու, եթե իհարկե դրանք կայանան։ Համանախագահների լավատեսությունը «ճիշտ ժամանակ» նպատակահարմարությամբ էր պայմանավորված, այլ նախադրյալներ չկային։
Համանախագահները «հարմար վախտ» սկզբունքով փորձում էին սեղանի շուրջ բերել երկու երկրների ղեկավարներին՝ միամտաբար կարծելով, որ վերջիններն այս տարի հետաձգման որեւէ լուրջ պատճառ չեն գտնի։ Ի՞նչ պիտի ասեին համակամարտող երկու երկրի ղեկավարները, ի՞նչ պատճառ պիտի բերեին հմտորեն խուսափելու համար, եթե երկու երկրում էլ այս տարի չկան քաղաքական ծանրակշիռ միջոցառումներ, որոնք կարող են իշխանության կամ, ինչու չէ, նաեւ քաղաքական համակարգի փոփոխության պատճառ լինել։
Համանախագահները հավանաբար լավ չէին ուսումնասիրել ընտրված ժամանակը եւ չէին պատկերացնում, որ փետրվարի սկզբներին իրենց նախաձեռնած բանակցություններն՝ անավարտ մնալով, կարող էին դեմ առնել մի շարք հիշարժան տարեթվերի, որոնք ըստ պատշաճի նշելուց հարկ եղած դեպքում չեն հրաժարվում ոչ Ադրբեջանում, ոչ էլ Հայաստանում։ Ես չեմ ուզում անդրադառնալ այն փաստին, որ Ռամբույեի փետրվարի 11-ը երկու օր է առաջ Ստեփանակերտի փետրվարի տասներեքից, եւ որ տասնութ տարի առաջ հատկապես այդ օրն է սկսվել ղարաբաղյան շարժումը։ Ես չեմ ուզում անդրադառնալ նաեւ այն փաստին, որ Ռամբույեի փետրվարի 11-ն ինն օր է առաջ Երեւանի փետրվարի 20-ից, եւ որ տասնութ տարի առաջ հատկապես այդ օրն է Հայաստանը միացել ղարաբաղյան շարժմանը։
Սրանք, անշուշտ, կարեւոր տարեթվեր են եւ՛ հայերի, եւ՛ ադրբեջանցիների համար, բայց չեմ ուզում անդրադառնալ հիշարժան այդ օրերին միայն այն պատճառով, որ դրանցից քիչ անց գալիս են ավելի կարեւոր օրեր, որոնք կրում են ողբերգության եւ հերոսության միահյուս բծեր։
Այն, որ Քոչարյան-Ալիեւ քաղաքական զույգը ոչ թե ցանկություն չունի, այլ բարոյահոգեբանական հնարավորություն չունի ղարաբաղյան հիմնահարցը լուծելու, գիտե ամեն դպրոցական, եւ դրա մասին չարժե խոսել, հատկապես, որ նախորդ հոդվածներում արդեն անդրադարձել եմ այդ խնդրին։ Բայց արդյո՞ք նրանք այդքան ազնիվ են, որպեսզի խոստովանեն իրենց անկարողությունը։ Իհարկե՝ ոչ։
Իշխանության բարձրակետին հասնելու համար նրանք իրենց ժողովուրդներին համապատասխանաբար խոստացել են «վերադարձնել» եւ «չտալ»՝ երկուսն էլ վստահ չլինելով, որ իրենց տված խոստումներն իրատեսական են։ Եվ քանի որ երկուսի իշխանության հենարանն այդ անիրատեսական խոստումներն են, եւ քանի որ միջազգային հանրությունը երկուսից էլ պահանջում է զիջումներ, նրանց այլ բան չի մնում, քան հետաձգելը։ Երեւի այս բանը հասկանալով է ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն ասել, թե ղարաբաղյան հիմնահարցը կարող է լուծվել այսօր կամ հարյուր տարի հետո։ Սթիվեն Մանը փորձառու դիվանագետ է, եւ անշուշտ պետք է իմացած լիներ, որ ղարաբաղյան խոստումների վրա խարսխված իշխանները հետաձգման մեծ, ահավոր մեծ ռեսուրս ունեն, եւ կարող են այն գործի դնել մինչեւիսկ հիմարացման աստիճան թյուրիմացության մեջ գցելով սեփական ժողովուրդներին։
Ես այս իմաստով եմ թերացում համարում ժամանակի՝ միջազգային դիվանագետների, անհեռատես ընտրությունը։ Եթե Ռամբույեի բանակցությունները փետրվարի փոխարեն նշանակված լինեին մարտի 10-11-ին, կարծում եմ, հակամարտող երկու հանրապետություններում չէր սկսվի քարոզչական այն հիստերիան, որ մեկ բառով կարելի է անվանել այլատյացություն։
Փետրվարյան իմիտացիայից հետո Ադրբեջանի ղեկավարն, անշուշտ, պետք է հասարակական մի ինչ-որ կազմակերպության ուղղակի կամ անուղղակի հրահանգ տար տարվա մարդ ճանաչել Ռամիլ Սաֆարովին, ով երկու տարի առաջ փետրվարի տասնութին կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Եվ սա պետք է դառնար սկիզբը Խոջալուի ողբերգության հանդիսակատարության։
Հայկական կողմն իր հերթին ոչ թե պետք է նշեր Խոջալուի կրակակետերից Ստեփանակերտի ազատագրման օրը, այլ առավել մեծ հանդիսավորություն պիտի հաղորդեր Սումգայիթի ողբերգությանը՝ միաժամանակ զուգահեռի վրա դնելով Ռամիլ Սաֆարովի եւ սումգայիթյան հրոսակների արարքները։ Հայոց քաղաքական վերնախավը՝ հրապարակ բերման ենթարկելով բազմահազար աշակերտների եւ ուսանողների (անշուշտ դասերից ազատելու հաշվին), պետք է մոռանար, որ բերման ենթարկվածների հայրերն ու ավագ եղբայրները հաղթել են ղարաբաղյան պատերազմը, որ դուչեական ելույթների հասցեատերերը՝ նույն բերման ենթարկվածներն ու իրենց ընտանիքները, եթե չեն էլ մասնակցել պատերազմին, ապա մաշկի վրա են զգացել այդ տարիների խավարը, ցուրտն ու քաղցը։
Ադրբեջանցիների վարքն ու պահվածքը ես ինչ-որ տեղ հասկանում եմ։ Ադրբեջանի ղեկավարները բազմահազար փախստականներին ու վիրավորված արժանապատվություն ունեցող ժողովրդին ոչինչ չունեն տալու, բացի ռազմական ծախսերի մեծացման մասին հայտարարություններից ու պատերազմի սպառնալիքից։ Նրանք պետք է ցույց տան, որ իշխանությունը պահելուն, սեփական ունեցվածքն ու կարողությունը բազմապատկելուն զուգահեռ, նաեւ հայրենասեր են եւ ժողովրդասեր։ «Վերադարձնելու» նրանց խոստումը, թող ներվի ասել, նույնիսկ մարդկային է։
Ես չեմ հասկանում հայերի վարքն ու պահվածքը, որ ռազմական հաղթանակից հետո քաղաքական նվաճումների ձգտելու փոխարեն, ուզում են հետ բերել 1988 թվականը, երբ մեր ազգի միակ շարժիչ ուժը ցեղասպանվածի ինքնագիտակցությունն էր եւ վրեժի զգացումը։ Եվ չեմ հասկանում, թե ո՞նց կարելի է պատերազմում հաղթածների սերունդներին կրկին պատերազմ խոստանալ։
Հոռետեսներն այս ամենից պատերազմի հոտ են առնում։ Ես հոռետես չեմ եւ չեմ հավատում պատերազմի վերսկսմանը, բայց լավատես էլ չեմ, որովհետեւ առջեւում կան հիշարժան այլ տարեթվեր, հիշողության մեջ կան այլ դեպքեր եւ իրադարձություններ, որոնք երկու երկրի ղեկավարների համար էլ հետաձգման ռեսուրսը դարձնում են անսպառ։