Մի քանի օր առաջ «աշխարհահռչակ եւ դասական» Արամ Ասատրյանն իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահն «իրա ախպերն ա»: Ամենեւին պետք չէ մեղադրել նրան: Մեղավոր են նրանք, ովքեր լսում եւ տարածում են այն մարդկանց «երգարվեստը», որոնք երկու բառ չեն կարողանում իրար հետ կապել:
Օրինակ, Արամ Ասատրյանի կարծիքով` իր «Սուրբ Սարգիս ես կգնամ» երգը դասական է: Ինքը մեղավոր չէ: Մեղավոր են լրատվամիջոցները, որոնք երկու օր շարունակ բոլորիս ստիպում են լսել «ժամանակակից գուսանի»՝ ասուլիսում հնչեցրած անիմաստ մտքերը: Մեղավոր են նրանք, ովքեր թույլ են տալիս ասուլիսներ հրավիրել մի մարդու, ով, անկախ ամեն ինչից, չգիտի, որ նախագահը չի կարող «ախպեր ըլնել»:
Ամբողջ ցավն այն է, որ «ախպերավարի» է մտածում ոչ միայն «Արամ պապին»: Մանկապարտեզի երեխան մտածում է, որ իր դաստիարակչուհի ընկեր Նարինեն «իրա ախպերն ա», տնտեսությունից հեռու, բայց «լավ գործ դրած տղեքը» մտածում են, որ «հարկայինը իրանց ախպերն ա», ընդդիմադիրները մտածում են, որ ժողովուրդը իրենց «ախպերն ա», մեր իշխանությունները մտածում են, որ Ռուսաստանը իրենց «ախպերն ա»: Համենայնդեպս, այդպես մտածում էին… Մինչեւ գազի թանկացումը: Բայց մի գեղեցիկ օր «մեր մեծ ախպորը» ինչ-որ բան դուր չեկավ, եւ նա որոշեց մեզ պատժել:
Ընդհանրապես «ախպեր» արտահայտությունը հայկական «եղբայր» բառի աղավաղված ձեւն է: Ի դեպ, սփյուռքահայերի «ախպարը»` եւս այդ նույն բառն է: Իսկ բիոլոգիայում եղբայրները` նույն ծնողներից ծնված երկու տարբեր արու զավակներն են: Եվ քանի որ հայերի մեծ մասը (հատկապես երիտասարդները) վերջին տարիներին իրար դիմում են բացառապես «ախպերով», ստացվում է, որ նրանք բոլորն ինցեստի արդյունք են: Երեւի դա է պատճառը, որ ազգը դեգրադացվում է (բժշկությունը վաղուց է ապացուցել, որ ինցեստը բերում է սերունդների դեգրադացման):
Եվ քանի որ մեր քաղաքական դաշտն էլ է դեգրադացված, կարելի է եզրակացնել, որ քաղաքական դաշտում եւս տիրում են «ախպերական» հարաբերություններ: Որովհետեւ միայն «ախպերական» հարաբերություններով կարելի է բացատրել տարբեր ատյաններում մականունավոր «ախպերների» ներկայությունը, միայն «ախպերությունն է» բացատրում այն փաստը, որ բյուրոկրատական նիստը նմանվում է «սխոդկայի», միայն «ընդդիմադիր-ախպերները» կարող են հրապարակավ ձեռք-ձեռքի տված հայտարարություններ անել, իսկ հետո «տակից» մեկը մյուսի դեմ աշխատել: Հաջորդ պառլամենտական ընտրությունները դե ֆակտո սկսված են: Եվ այսօր բոլորն ուզում են հասկանալ, թե ով ում «ախպերն ա»: Ստացվում է այնպես, որ այսօրվա կոալիցիայի անդամ «ախպերները» ոնց որ էլ չեն ուզում իրար հետ ախպերություն անել: Երեւի հասկացել են, որ իրենք խորթ «ախպերներ են»: Իմիջիայլոց նույնը կատարվում է նաեւ ընդդիմադիր դաշտում, որտեղ գնալով «ախպերության» քանակը պակասում է: Իսկ Գեղամյանին` ընդդիմության «տռայուռոդնի ախպորը», ոնց որ թե ոչ մի «ախպեր էլ» պետք չի (բժշկության մեջ այն երեխաները, որոնք չեն ուզում քույր կամ եղբայր ունենալ, կոչվում են էգոցենտրիկ): Ինչ վերաբերում է արտախորհրդարանական կուսակցություններին, կարծում եմ, նրանց համար մեկ է, թե ով իրենց մեծ «ախպոր» դերը կստանձնի, միայն թե գոնե այս անգամ ՀՌԱԿ-ը, ՀԺԱՄ-ը եւ «Հզոր Հայրենիքը» մեկուկես ձայն ունենան հայրենի խորհրդարանում: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, համոզված եմ, նրանք այս անգամ էլ «որբ» կմնան:
Իհարկե, ամենեւին էլ կողմնակից չեմ զուտ եվրոպական ապրելակերպին, երբ գործընկերներն, աշխատանքից բացի, ուրիշ տեղ այլեւս իրար չեն հանդիպում՝ «մի կտոր հաց» իրար հետ չեն կիսում, բայց դա չի նշանակում, որ ամեն մի «ախպոր» պետք է բերել ու նշանակել «էս ազգի գլխին խաթա»: Լավատեսությունս հուշում է, որ շատ շուտով մեր հանրապետությունում բոլորի «ախպերները» կլինեն իրենց տեղերում: Այսինքն՝ եթե ձեր «ախպերը» իրոք արժանի է, որ ունենա գիտական աստիճան, ապա նա կդառնա գիտությունների դոկտոր, եթե մշակույթի նախարարը գալիս է ղեկավարելու մշակույթի ոլորտը, այլ ոչ թե «ֆազն ու նոլը» իրարից տարբերելու համար, ապա նրան եւ ոչ մի լրագրող ոչինչ չի կարող ասել, եթե պատգամավորը «մաքուրով» ընտրվի, ապա ոչ մեկը չի հիշի նրա մականունը (անկախ նրանից թե նա ում «ախպերն ա»): Այնպես որ «ախպերությունը» լավ բան է, բայց չափի մեջ… ինչպես եւ ամեն ինչ: